Fitch-ը Հայաստանում կանխատեսում է աճի անկում և պետական պարտքի մեծացում

Fitch-ը վարկանշային գործակալությունը վերանայել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը (Long-Term Issuer Default Ratings), այն թողել է «BB-» մակարդակում՝ հեռանկարը դրականից փոխելով բացասականի: Նախորդ անգամ Fitch-ը Հայաստանի վարկանիշը վերանայել էր 2019-ի նոյեմբերի 22-ին՝ մեկ մակարդակով բարձրացնելով Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշերը՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով:

Այժմ կորոնավիրուսի համաճարակի հարուցած տնտեսական դժվարությունների պատճառով Fitch-ը կանխատեսում է, որ Հայաստանում ՀՆԱ-ի աճը էականորեն կդանդաղի և 2020-ին կկազմի 0,5 տոկոս։

Fitch-ը նշում է, որ կորոնավիրուսային շոկը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա հումքային ապրանքների (արտահանման մեծ մասը), ռուսական տնտեսության (դրամական փոխանցումներ, առևտուր և այլն) և զբոսաշրջության անկման պատճառով։

Դա տեղի է ունենում Հայաստանի համեմատաբար բարձր զուտ արտաքին պարտքի և ընթացիկ հաշվեկշռի կառուցվածքային դեֆիցիտի համատեքստում, որը միայն մասամբ է ֆինանսավորվում պարտքի հետ չկապված կապիտալի ներհոսքի հաշվին։ Չնայած մակրոտնտեսական քաղաքականության ամուր հիմքին և բարեփոխումների շարունակական հանձնառությանը՝ տնտեսական ցնցումը հանգեցրել է այն բանին, որ պետական պարտքը զգալիորեն ավելի բարձր է դարձել, և Fitch-ի կանխատեսումներում կան նվազման ենթադրություններ, եթե COVID-19-ի բռնկումը չզսպվի 2020-ին:

Fitch-ը կանխատեսում է, որ կորոնավիրուսային շոկը կդանդաղեցնի Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2019-ի 7,6 տոկոսից մինչև 0,5 տոկոս այս տարի:

Նշվում է, որ ակնկալվող ճգնաժամի դեմն առնելու համար կառավարությունը տնտեսությանն աջակցելու փաթեթ է մշակել (300 մլն դոլար), որը կազմում է ՀՆԱ-ի 2,3 տոկոսը, իսկ Կենտրոնական բանկը 0,25 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մինչև 5,25 տոկոս՝ 2020-ի առաջին երկու ամիսների միջին գնաճի 0,1 տոկոս անկումից հետո:

Fitch-ը կանխատեսում է, որ ՀՆԱ-ի աճը մասամբ կվերականգնվի 2021-ին՝ մինչև 5,5 տոկոս։

«Այնուամենայնիվ, մեր գլոբալ մակրոտնտեսական կանխատեսումների համաձայն՝ վերականգնման տեմպերը մեծապես կախված կլինեն առողջապահության ճգնաժամի զարգացման ուղուց և որքանով կորոնավիրուսի բռնկումը կարող է տեղայնացվել 2020-ին: Եթե լինի վարակի երկրորդ ալիքը, և հարկ լինի կրկին արգելող միջոցներ ձեռնարկել, ապա Հայաստանի նկատմամբ մեր տնտեսական և ֆիսկալ կանխատեսումները կարող են զգալի բացասական ճշգրտման ենթարկվել»,- նշված է հաղորդագրությունում։

Ընդհանուր պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, ըստ Fitch-ի կանխատեսումների, կաճի 2019-ի վերջի 53,6 տոկոս-ից մինչև 59,2 տոկոս 2020-ին, իսկ 2021-ին կիջնի 56,0 տոկոսի։

․․․

Նախօրեին իր կանխատեսումն է հրապարակել նաև Ասիական զարացման բանկը, ըստ որի՝ Հայաստանում տնտեսական աճը 2020-ին կկազմի 2,2 տոկոս։

Հայաստանի Կենտրոնական բանկը ևս կանխատեսել է տնտեսական աճի անկում 2020-ին՝ մինչև 0,7 տոկոս։

#CivilNet #News

Մեկնաբանել