Ռուսաստանը կիջեցնի՞ գազի գինը Հայաստանի համար․ ռուս վերլուծաբանը հակառակն է կարծում

Օրերս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության, ինչպես նաև դրա դիմաց ազգային արժույթով վճարելու վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմեց ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Մինչ Հայաստանը «Գազպրոմին» առաջարկում է Հայաստան մատակարարվող գազի գինն իջեցնել, ռուսական գազային հսկայի հայաստանյան դուստրը՝ «Գազպրոմ Արմենիան», դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից բարձրացնելու հայտով:

«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է մինչև 600 խմ գազ օգտագործող սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը բարձրացնել 36 տոկոսով, ներկայիս 1000 խմ-ի համար 100 000 դրամի փոխարեն սահմանել 136 000 դրամ՝ հավասարեցնելով այն մյուս բնակիչների համար սակագնին:

Փոխարենն ընկերությունն առաջարկում է ամսական մինչև 10 000 խմ սպառում ունեցող սպառողներին (սա հիմնականում բնակիչ բաժանորդներն են) վաճառվող յուրաքանչյուր խմ բնական գազի գործող 139 դրամ սակագինը դարձնել 136 դրամ:

Որքանո՞վ է հավանական, որ «Գազպրոմն» ընդառաջի Հայաստանին

Ռոսաստանի Ազգային էներգետիկ անվտանգության հինադրամի առաջատար վերլուծաբան Իգոր Յուշկովի կարծիքով՝ «Գազպրոմը» ծանր վիճակում է հայտնվել Եվրոպայում տաք ձռան ու կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքների պատճառով, և առավել հավանական է, որ գազի գինը բարձրացնի Հայաստանի համար։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Յուշկովն ասաց, որ «Գազպրոմն» այժմ փորձում է գտնել եկամտի նոր աղբյուրներ՝ դրան զուգահեռ կրճատելով ծախսերն այնտեղ, որտեղ հնարավոր է:

«Սա արվում է այն պարզ պատճառով, որ տարվա արդյունքում շատ մեծ անկում չգրանցվի: Իսկ այդ արդյունքները շատ վատն են լինելու: «Գազպրոմի» համար սա ձախողված տարի է, քանի որ ընկերությունն այժմ մեծ գումարներ է ծախսում Ուկրաինայի տարածքով գազի տարանցման համար, իսկ Եվրոպայում գազի գները նվազել են ու շարունակում են նվազել: Հայաստանում ընկերությունը փորձելու է հասնել գազի սակագների բարձրացման՝ մատնացույց անելով այն, որ սահմանին գազի գնի փոփոխությունից հետո երկար ժամանակ սակագների բարձրացում չի եղել և այս կերպ կոմպենսացնում են կորուստները: Այժմ ամեն կոպեկ «Գազպրոմի» համար կարևոր է»,- ասաց Իգոր Յուշկովը։

««Գազպրոմը» չի համաձայնի ներկայիս միջազգային ցածր գները ֆիքսել սահմանին՝ առանց գնի ձևավորման բանաձևի փոփոխության: Բայց բանաձևի փոփոխության դեպքում էլ պետք է հաշվի առնել, որ գազի գները եվրոպական շուկաներում ապագայում կարող են աճել, որի արդյունքում կապույտ վառելիքի գինը կբարձրանա նաև Հայաստանի ու Բելառուսի համար»,- ասում է Իգոր Յուշկովը2019-ի սկզբին սահմանին Ռուսաստանից մատակարարվող գազի գինը բարձրացավ 10 տոկոսով՝ հասնելով 165 դոլարի, բայց վերջնական սպառողների՝ Հայաստանի բնակիչների համար սակագնի փոփոխություն տեղի չունեցավ: Հայաստանն ու Ռուսաստանը սկսեցին բանակցություններ գազի գնի շուրջ: Բանակցությունները դեռ չեն ավարտվել, բայց եկել է կորոնավիրուսը՝ համաշխարհային տնտեսության հետ փլուզելով նաև նավթի ու գազի գները:

Հայաստանի ու Բելառուսի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն օրերս հեռախոսազրույցում քննարկեցին ռուսական գազի գինը։ Լուկաշենկոն ևս ցանկանում է զեղչ ստանալ ռուսներից, թեև Բելառուսը ռուսական գազն ամենաէժան ներկրող երկիրն է՝ 1000 խմ-ն 127 դոլարով։

Յուշկովի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում Բելառուսն ու Հայաստանը, որոնց հետ գազի գինը լողացող բանաձևով չի հաշվարկվում, քաղաքական այլ համաձայնությունների արդյունք է, դրանք «Գազպրոմի» համար բոնուսային շուկաներ են:

«Հայաստանի ու Բելառուսի հետ սահմանին գազի գինը ֆիքսված է՝ 1000 խմ-ի դիմաց համապատասխանաբար 165 և 127 դոլար: Շուտով եվրոպական շուկաներում գազի գինն ավելի ցածր կլինի, քան Հայաստանում, քանի որ այնտեղ լողացող բանաձևով կապված է նավթի գների հետ: «Գազպրոմի» պայմանագրերի յուրահատկությունն այն է, որ եվրոպական շուկաներում նավթի գների ներկայիս մակարդակը որոշում է կես տարի հետո սպասվող գազի գինը: Այսինքն՝ սեպտեմբերից Եվրոպայում ռուսական գազն ավելի էժան է լինելու, քան Հայաստանի համար մատակարարվողը: Ըստ այդմ, տրամաբանական է, որ Ռուսաստանն ու Բելառուսը հիմա են բարձրաձայնում խնդիրը: Միասնական դիրքերից հանդես գալու պարագայում՝ Ռուսաստանի ձեռքից կվերցվի հաղթաթղթերից մեկը: Մոսկվան չի կարողանա ասել Հայաստանին, որ՝ տե՛ս, ԵԱՏՄ մյուս հարևանը ձայն չի հանում, իսկ դուք նման առաջարկ եք առաջ մղում»,- նկատեց մեր զրուցակիցը:

Յուշկովը կարծում է՝ «Գազպորմը» պատրաստ կլինի վերանայել գազի գինը Հայաստանի սահմանին, եթե փոխվի գնագոյացման ամբողջ բանաձևը, և անցում կատարվի ներկայիս ֆիքսված գնից լողացող բանաձևի, որը գործում է Եվրոպայում և կապված է նավթի գնի հետ:

««Գազպրոմը» չի համաձայնի ներկայիս միջազգային ցածր գները ֆիքսել սահմանին՝ առանց գնի ձևավորման բանաձևի փոփոխության: Բայց բանաձևի փոփոխության դեպքում էլ պետք է հաշվի առնել, որ գազի գները եվրոպական շուկաներում ապագայում կարող են աճել, որի արդյունքում կապույտ վառելիքի գինը կբարձրանա նաև Հայաստանի ու Բելառուսի համար»,- ասաց նա:

Յուշկովը չի բացառում, որ կողմերը ցածր գնի շուրջ ժամանակավոր համաձայնության գան և վերսկսեն բանակցությունները կորոնավիրուսի տնտեսական ծանր հետևանանքները քիչ թե շատ հաղթահարելուց հետո: Այդ սցենարը կարող է քննարկվել, սակայն ոչ թե «Գազպրոմի», այլ Ռուսաստանի քաղաքական ղեկավարության հետ: «Ներկայիս ֆիքսված գինը ևս շուկայական չէ, այլ քաղաքական պայմանավորվածության արդյունք է: Եթե գոնե ներկա փուլում խոսքը ֆիքսված ցածր գին սահմանելու մասին է, ապա այդ հարցը պետք է քննարկել ՌԴ քաղաքական ղեկավարության հետ: «Գազպրոմի» հետ խոսելն անիմաստ է»,- ասաց նա:

Յուշկովն ընդգծում է, որ այս պահին Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը, հաշվի առնելով առկա խնդիրները, այդքան էլ հակված չէ գազի գնի հարցին անդրադառնալ․ «Կարծում եմ, «Գազպրոմը» կփորձի հարցը դնել քաղաքական ղեկավարության ուսերին, իսկ վերջինս կփորձի ամեն կերպ ժամանակ շահել՝ ասելով, որ շատ խնդիրներ կան երկրում՝ կորոնավիրուս, տնտեսական ճգնաժամ և այլն: Իսկ այդ ընթացքում գուցե գազի գները մի փոքր բարձրանան եվրոպական շուկայում, եթե ԵՄ-ն դուրս գա ճգնաժամից: Պահը հաջող չէ ակտիվ բանակցությունների համար: Ռուսաստանի ղեկավարությունն այլ առաջնահերթություններ ունի այժմ»:

Յուշկովն ընդգծում է, որ գազի գնի հարցում քաղաքական ղեկավարություն ասելով նկատի ունի նախագահ Վլադիմիր Պուտինին, ոչ թե կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին:

«Միշուստինը տեխնոկրատ է, կատարող է: Նման հարցերը պահանջում են քաղաքական լուծումներ, որոնք Ռուսաստանում կարող է տալ միայն Պուտինը»,- եզրափակեց Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի վերլուծաբան Իգոր Յուշկովը:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել