Ընտրություններն Արցախում. տարօրինակ առաջին փուլ․ Մանվել Սարգսյան

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը կենտրոնի կայքում հոդված է հրապարակել մարտի 31-ին Արցախում կայացած ընտրությունների մասին։

Մարտի 31-ի քվեարկության օրվա առավոտից հետո, երբ խոսակցություններ տարածվեցին, թե թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել հաղթելու համար անհրաժեշտ 50 տոկոսի շեմը, տարօրինակ զգացողություն առաջացավ, որ հաշվված ժամերի ընթացքում ինչ-որ բան էր կատարվել:

Բանն այն է, որ դեռևս գիշերը նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան էջում գրեց իր թեկնածուի հաղթանակի մասին, իսկ Հարությունյանի կողմնակիցները նույնիսկ փորձում էին Ստեփանակերտում հրավառություն անել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քվեարկության ողջ օրը բոլոր կողմերից ձայներ էին հնչում տարբեր խախտումների մասին, շատերը կարծում էին, որ ընտրությունների արդյունքները կեղծվելու են այնպես, որպեսզի դրանք ավարտվեն առաջին փուլում: Արայիկ Հարությունյանի կողմնակիցները ևս չէին թաքցնում իրենց մտադրությունները:

Սակայն արդեն ապրիլի 1-ին ժամը 14:00-ին ԿԸՀ նախագահը հայտարարեց, որ նախնական տվյալներով Արայիկ Հարությունյանին հաղթանակի համար չի հերիքում մոտավորապես 0,8 տոկոս քվե: Համապատասխանաբար` քվեարկության երկրորդ փուլը նշանակվում է ապրիլի 14-ին:

Ինքը` Հարությունյանը, զարմանալի սիրալիրությամբ համաձայնեց գործերի այդպիսի ընթացքին և նույնիսկ փորձ չարեց վերաստուգել ընտրողներից ստացած իր ձայներին առնչվող իրավիճակը: Շատ արագ նա ասուլիս հրավիրեց և հայտարարեց վերաստուգումներից հրաժարվելու իր մտադրության մասին: Հանրությունը տարակուսած էր մնացել: Արցախի Հանրապետության նախագահի ու խորհրդարանի համապետական ընտրությունների քվեարկությունից հետո ստեղծված իրավիճակը ցուցադրեց դրա աննախադեպ հանելուկային լինելը:

Բայց ոչ մի հանելուկ էլ չկար: Պարզապես ոչ ոք ամենասարսափելի երազում անգամ չէր կարող տեսնել այնպիսի մի իրավիճակ, երբ քվեները կարծես թե կան, իսկ հաղթանակի մասին հայտարարել հնարավոր չէ: Բայց այդպես երբեմն լինում է, երբ մարդիկ չեն հասկանում, թե ինչի կարող է վերածվել քաղաքացիների հանդեպ անխոհեմ վերաբերմունքը` հատկապես ընտրությունների ժամանակ:

Նրանք, ովքեր փորձել են նախկին մեթոդների` վարչական ու ֆինանսական ռեսուրսների, ինչպես նաև ընտրողներին նպատակամիտված ապակողմնորոշելու, վախեցնելու և ուժային հալածանքներ կիրառելու եղանակով ընտրություններն ավարտել առաջին փուլում, հայտնվել էին արտասովոր վիճակում: Նրանք ուշացած գիտակցեցին, որ այդ ռեսուրսները բավարար չեն հաղթանակն իրենց վերագրելու համար: Արցախի քաղաքացիներն իրենց ակտիվ դիրքորոշմամբ ձախողեցին այդ ծրագրերը` ցույց տալով, որ ժամանակներն արմատապես փոխվել են, և նրանք, ովքեր մնացել են անցյալում, արդեն չեն կարող թելադրել իրենց պայմանները:

Այսօր Արցախում ստեղծվել է մի իրավիճակ, որը շատ է հիշեցնում Հայաստանի Հանրապետության 2017-ի ներքաղաքական պատկերը: Ինքնապաստան իշխանությունները դեռ հույս ունեն, որ կհաջողեն իրենց հաղթանակ վերագրել երկրորդ փուլում: Իշխանությունն արդեն իրեն վերածել է քաղաքական պղպջակի, և ժողովուրդը, ինչպես թույլ է տվել, այնպես էլ թույլ չի տա ոչ մեկին ու երբեք իրենից խլել իր չարդարացված մտադրությունների համաձայնությունը:

Թե երբ կպայթի այդ պղպջակը, ցույց կտա ժամանակը: