Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ռուսական գազի մատակարարման հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Կողմերը, քննարկել են Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր» – ասված է մամուլի հաղորդագրության մեջ։ Խնդրի վերաբերյալ այլ մանրամասներ ներկայացված չեն:

Ռուսաստանից Հայաստան մատակարարգող գազի գնի խդիրը կտրուկ արդիական է դարձել Երևանի համար:

Օրերս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության, ինչպես նաև դրա դիմաց ազգային արժույթով վճարելու վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմեց ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Մինչ Հայաստանը «Գազպրոմին» առաջարկում է Հայաստան մատակարարվող գազի գինն իջեցնել, ռուսական գազային հսկայի հայաստանյան դուստրը՝ «Գազպրոմ Արմենիան», դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից բարձրացնելու հայտով:

«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է մինչև 600 խմ գազ օգտագործող սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը բարձրացնել 36 տոկոսով, ներկայիս 1000 խմ-ի համար 100 000 դրամի փոխարեն սահմանել 136 000 դրամ՝ հավասարեցնելով այն մյուս բնակիչների համար սակագնին:

Փոխարենն ընկերությունն առաջարկում է ամսական մինչև 10 000 խմ սպառում ունեցող սպառողներին (սա հիմնականում բնակիչ բաժանորդներն են) վաճառվող յուրաքանչյուր խմ բնական գազի գործող 139 դրամ սակագինը դարձնել 136 դրամ:

2019-ի սկզբին սահմանին Ռուսաստանից մատակարարվող գազի գինը բարձրացավ 10 տոկոսով՝ հասնելով 165 դոլարի, բայց վերջնական սպառողների՝ Հայաստանի բնակիչների համար սակագնի փոփոխություն տեղի չունեցավ:

Հայաստանն ու Ռուսաստանը սկսեցին բանակցություններ գազի գնի շուրջ: Բանակցությունները դեռ չեն ավարտվել, բայց եկել է կորոնավիրուսը՝ համաշխարհային տնտեսության հետ փլուզելով նաև նավթի ու գազի գները:

Արշալույս Մղդեսյան

Թեմայի մասին՝ Ռուսաստանը կիջեցնի՞ գազի գինը Հայաստանի համար․ ռուս վերլուծաբանը հակառակն է կարծում

Մեկնաբանել