Ապրիլի 6-ին առողջացածներն ավելի շատ էին, քան նոր ախտորոշումները

Հայաստանում ապրիլի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 20 նոր դեպք, առողջացածների թիվը 25 է․ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին անգամ Հայաստանում ապաքինվածների թիվը գերազանցում է կորոնավիրուսով ախտորոշվածներին», – ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարում զգուշավոր լավատեսությունը պահպանվում է:

Վարչապետի հայտնած վիճակագրությունից պարզ է դառնում, որ Հայաստանում ապրիլի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 853 դեպք:

«Իհարկե, այսօրվա թիվը գերազանցում է ապրիլի 6-ի ցուցանիշին, սակայն պարետատունն ու առողջապահության նախարարությունը կարծում են, որ երեկվա մեր (զգուշավոր լավատեսության մասին – խմբ․) գնահատականը շարունակում է պահպանվել», – ասաց Փաշինյնաը՝ հավելելով, որ ապրիլի 6-ը բացառիկ է եղել նաև այն առումով, որ առողջացած և դուրս գրված պացիենտներն առաջին անգամ ավելի շատ են եղել, քան նոր ախտորոշումները:

«20 հոգի նոր ախտորոշում ունենք և 25 հոգի առողջացումուով դուրս գրված քաղաքացի: Եվ սա լավ նորություն է», – ասաց նա:

Կառավարության ղեկավարը միևնույն ժամանակ նկատեց, որ ապրիլի 6-ի համեմատաբար քիչ մարդ է թեստավորվել․ «Երեկվա կատարած թեստերի քանակը կամզել է 211: Առողջապահության նախարարությունն ամեն բան պետք է անի, որպեսզի մինչև շաբաթվա վերջ օրը հազար հետազոտություն անենք, որն ավելի ամբողջական պատկերացում կտա մեր իրավիճակի մասին»։ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ առողջապահական համակարգի լարվածությունը մի փոքր նվազել է:

«Համակարգը մի փոքր դուրս է եկել ցայտնոտային իրավիճակից: Այսօրվա դրությամբ մենք 1400 մահճակալ ունենք կորոնավիրուս ախտորոշված պացիենտների համար, որից միայն կեսն է զբաղված, ինչը նշանակում է, որ մենք շատ լարված չենք», – նկատեց վարչապետը և հավելեց, որ այս վիճակագրույթունը հույս է հաղորդում մտածելու, որ սահմանփակումների քաղաքականությունն արդյունավետ է:

«Խնդրում եմ այս շաբաթվա ընթացքում առավել խստությամբ ու լրջությամբ պահել սահմանափակումները, որպեսզի ապրիլի 13-ից ակսենք ռեժիմի թուլացման մարտավարություն որդեգրել, եթե վիճակագրությունը նման հնարավորություն տա», – եզրափակեց Փաշինյանը:

Հայաստանում մարտի 16-ից հայտարարված է արտակարգ դրություն, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

Արշալույս Մղդեսյան