Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հաստատվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ նախորդ օրը կորոնավիրուսի կասկածանքով ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների թեստավորման արդյունքներն այսօր ստացվել են․ մեկը՝ դրական է, մյուսը՝ բացասական․ այս մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

«Հաստատված դեպքի մասին հարկ ենք համարում հիշեցնել, որ, քաղաքացին ապրիլի 2-ին առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ի «վարակի օջախ» համարվող բնակավայրից: Երկրորդ թեստավորված քաղաքացին եղել է ՀՀ-ից վերադարձած քաղաքացու հարևանուհին, ով ապրիլի 4-ին, այլ խնդրով տեղափոխվել նույն բուժմիավորում՝ բրոնխիտի ախտանիշներով», – նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացին ՀՀ-ից Արցախ վերադառնալուց հետո գտնվել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, նախորդ օրերին նրա հետ շփված բոլոր 17 քաղաքացիներն ապահովության նկատառումներով նախօրոք ինքնամեկուսացվել են, և այս պահին նրանք որևէ ախտանիշներ չունեն:

«Արցախի «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները նրա հետ հնարավոր շփումների շրջանակը ճշտելուց հետո, օրեր առաջ, ինքնամեկուսացված քաղաքացիների առանձնատներում անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ են իրականացրել:

Նշենք, որ բնակավայրը շրջկենտրոնից գտնվում է 39 կմ, մայրաքաղաքից՝ 89 կմ հեռավորության վրա: Վերոնշյալ բնակավայրը, քաղաքացուն մեկուսացնելուց հետո, գտնվել է վերահսկողության տակ:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով», – ասված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ Արսեն Խառատյանի էջից

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել