Պետությունը նախատեսում է ավելացնել կապիտալ ծախսերը. Պապիկյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այսօր Ազգային ժողովում հայտարարել է այս տարվա պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի հնարավոր ավելացման մասին՝ նշելով, որ դրանց ամբողջական կատարումը կորոնավիրուսի հարուցած սոցիալ-տնտեսական բարդությունների պայմաններում կառավարության համար առաջնահերթություն է:

Նա հայտարարել է, որ 2020 թվականին պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը ոչ միայն ամբողջությամբ կատարվելու են, այլև դրանց ծավալները մեծացնելու մտադրություն կա։ Այնուհետև Պապիկյանը խոսել է սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին․ «Սուբվենցիոն ծրագրերով շուրջ 10 մլրդ դրամ էր նախատեսվում, սակայն համայնքներից ուղարկված փաթեթները պահանջում են շուրջ 40 մլրդ դրամ»։

2020 թվականի բյուջեով կապիտալ ծախսերը ծրագրվել են 287,7 մլրդ դրամ, որը 2019թ. հաստատված չափը գերազանցում է 30,7 %-ով կամ 67,6 մլրդ դրամով։

Կապիտալ ներդրումների միջոցով, նկատել է Պապիկյանը, հնարավոր է լուծել նաև ճգնաժամի պատճառով Ռուսաստան արտագնա աշխատանքների չմեկնած մարդկանց խնդիրը: Ըստ այդմ նա հայտարարել է, որ հանձնարարական է տվել մարզպետներին բանակցել տարբեր ընկերությունների հետ, որ իրենց շինաշխատանքներում անպայման ներգրավեն գոյություն ունեցող որակյալ աշխատուժը:

«Այժմ Հայաստանում կա այնպիսի աշխատուժ, որը նախորդ տարի չկար: Այն լավ աշխատուժը, որը գնում էր Ռուսաստան արտագնա աշխատանքի, չի մեկնել: Մենք հիմա բոլոր հնարավորություններն օգտագործելու ենք, որ այդ մարդկանց մոտիվացնենք կա՛մ իրենց կազմակերպություններով մասնակցեն մրցույթներն, կա՛մ գոյություն ունեցող կազմակերպությունների մեջ ներառվեն», – ասաց նա՝ ներկայացնելով որոշ թվեր:

Միայն ճանապարհաշինության ոլորտում, Պապիկյանի խոսքով, ներգրավված է եղել 12 հազար աշխատակից՝ հիմնականում ժամանակավոր պայմանագրերով: 

«Ֆիզիկական աշխատանք կատարող մարդիկ են, նրանց աշխատավարձը տատանվել է օրական միջինը 10 հազար դրամի շրջանում: Ենթադրում եմ, որ այս տարի մի փոքր ցածր կլինի գումարը` կախված նրանից, որ աշխատուժը շատ է, բայց կոչ եմ անում կապալառու կազմակերպություններին, հաշվի առնելով ներկայիս տնտեսական վիճակը, հնարավորինս այդ նժարը չիջեցնել», – ասել է նա:

Արշալույս Մղդեսյան