Financial Times-ի սյունակագիր Ջոն Թորնհիլն (John Thornhill) իր հոդվածում քննարկում է արդի աշխարհում նոր՝ ստեղծարար ավերման անհրաժեշտությունը։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։
Ավստրիացի տնտեսագետ Ջոզեֆ Շումփեթերը պնդում է, որ ստեղծարար ավերումը «կապիտալիզմի մասին հիմնական փաստերից է»: Կապիտալիստական մեքենան անընդհատ ստեղծում է նոր ապրանքներ ու շուկաներ, տեղափոխման և կազմակերպման նոր մեթոդներ՝ հետևում թողնելով հինը:
Ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, երբ ցնցումային նման գործընթացները վերաբերում են նաև ինստիտուտներին և գաղափարներին, ինչպես Արդյունաբերական հեղափոխության վերաբերյալ իր գրություններում նկարագրում է ԱՄՆ Իլլինոյս նահանգի Նորթ-Վեսթերն համալսարանի պատմաբան Ջոել Մոքայրը։
Արդյոք այսօր մենք այդպիսի մի ժամականակաշրջանո՞ւմ ենք ապրում, երբ գլոբալ համաճարակը, տեխնոլոգիական հեղափոխությունն ու էկոլոգիական գոյութենական սպառնալիքը առաջ են բերել հին ինստիտուտների և գաղափարների ստեղծարար ավերման նոր ալիք:
Յուրաքանչյուր սերունդ սիրում է մտածել, որ ապրում է պատմության հենակետային շրջանում: Այդպես ավելի հետաքրքիր է։ Եվ այսպես, 2001-ի 9/11-ի ահաբեկչությունից և 2008-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո բոլորս ինքներս մեզ ասում էինք, որ ոչինչ այլևս նույնը չի լինելու: Մասամբ ճիշտ էինք, բայց հիմնականում՝ սխալ:
Այս ճգնաժամի պայմաններում մենք կրկին դիմել ենք ազգ-պետության մեզ ծանոթ ինստիտուտներին և խոշոր կորպորացիաներին՝ մեզ փրկելու համար: Դա հասկանալի է, քանի որ նրանք երկուսն էլ մատուցում են անփոխարինելի ծառայություններ: Պետությունը հավաքական անվտանգության և հանրային առողջության ապահովման միակ լեգիտիմ միջոցն է: Այն նաև հասարակության վերջին հույսի երաշխավորն է. մոտ 84 երկիր ներդրել է սոցիալական պաշտպանության ծրագրեր` ի պատասխան համաճարակի: Շուկան շարունակում է նաև մնալ ապրանքներ առաքելու ամենաարդյունավետ մեխանիզմը: Այս ճգնաժամի ընթացքում սննդի մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունների կողմից համալիր մատակարարման ցանցերի գործարկման շարունակականությունը գրեթե հրաշք է:
Բայց համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական արտակարգ այս իրավիճակը նաև լույս է սփռում պետության ու շուկայի կարողությունների սահմանափակումների և հասարակության սխալների վրա։
Երբ ֆինանսների նախարարությունները մեծացնում են պետական բյուջեի դեֆիցիտը, իսկ կենտրոնական բանկերն այլևս տեղ չեն թողնում տոկոսադրույքներն իջեցնելու համար, ժամանակն է ստեղծել տնտեսական նոր գործիքներ: Շահույթ հետապնդող ընկերությունները շատ ավելի լավ են բավարարում սպառողների առկա պահանջները, քան նախադիտարկում սոցիալական զանգվածային մարտահրավերները, ինչպիսիք են համաճարակները կամ էներգետիկ անցումը [energy transition – էներգետիկ համակարգում հիմնարար փոփոխությունները, որոնք պատմականորեն վերաբերել են վառելիքի մեկ տեսակից անցումը մեկ այլ տեսակի, օրինակ՝ քարածխից նավթի]:
ԱՄՆ ռազմավարական մտածողության հսկա Հենրի Քիսինջերը պնդում է, որ այս ճգնաժամը կառաջացնի քաղաքական և տնտեսական ընդվզում, որը կարող է սերունդներ տևել: «Ազգերը համախմբվում են և ծաղկում են այն համոզմունքի շուրջ, որ իրենց ինստիտուտները կարող են կանխատեսել աղետը, սանձել դրա ազդեցությունը և վերականգնել կայունությունը»,- գրել է նա անցյալ շաբաթ:
«Երբ Covid-19 համաճարակն ավարտվի, շատ երկրների ինստիտուտներ ձախողված են ընկալվելու։ Օբյեկտիվորեն այս եզրահանգումն արդար կլինի, թե ոչ, արդեն կարևոր չէ։ Իրականությունն այն է, որ աշխարհը երբեք նույնը չի լինի կորոնավիրուսից հետո»,- ասում է Քիսինջերը։
Ե՛վ կառավարությունները, և՛ ավանդական կորպորացիաները՝ ամեն մեկն իր ձևով, համեմատաբար փակ հաստատություններ են, որոնք հարմարված են արդյունավետ գործելու, այլ ոչ թե ճկունության համար։ Բայց մեր արագընթաց դարաշրջանը կարող է պահանջել հենց ճկունություն։
Էստոնիան և Սինգապուրը օգտվել են թվային աշխարհից՝ ստեղծելով տեխնոլոգիական ճկուն հարթակներ, որոնք կառավարումն անվանում են ծառայություն: Տեխնոլոգիական հսկաներից մի քանիսը, ներառյալ Apple-ը, Google-ը և Amazon-ը, մեծ ծրագրեր ունեն կանխարգելիչ առողջապահության առաջամարտիկները դառնալու հարցում։
Նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են տվել նաև, որ նոր համընդհանուր կազմակերպություններ հայտնվեն՝ հանրության կարիքները բավարարելու համար. Վիքիպեդիան՝ տեղեկատվության ոլորտում; Միացյալ Թագավորությունում՝ Mumsnet կայքը՝ ծնողական խորհրդատվության համար; և GitHub-ը, որ առաջարկում է ծրագրային ապահովման հոստինգ: Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության կամավոր պատասխանողների ծրագիրը ստացել է ապշեցուցիչ 750 000 դիմում: Արդյոք սրա՞նք են 21-րդ դարի նոր նախատիպ-ինստիտուտները:
Պրոֆեսոր Մոքայրն իր «Լուսավորյալ տնտեսություն» (The Enlightened Economy) գրքում պնդում է, որ լուսավորականության գաղափարների տարածումն ու նոր ինստիտուտների ստեղծումն էր, որ նպաստեց Բրիտանիայում արդյունաբերական հեղափոխության կայացմանը:
Մեթյու Թեյլորը՝ Արվեստի, արտադրության և առևտրի խրախուսման արքայական ասոցիացիայի գլխավոր տնօրենը, պնդում է, որ բարգավաճող հանրություններին անհրաժեշտ է պետության, շուկայի և քաղաքացիական հասարակության միջև կառուցողական փոխգործակցություն, որոնք համապատասխանաբար կներկայացնեն իշխանության, անհատի ձգտումների և փոխկապակցվածության (connectedness) արժեքները։ Սակայն, վերջին տարիներին արևմտյան ժողովրդավարությունների գաղափարախոսությունը հետևյալն էր՝ պետությունը ծառայում է շուկայինъ լուսանցքում թողնելով քաղաքացիական հասարակությանը և ստեղծելով «համերաշխության պակասորդ», որը լցված է պոպուլիզմով:
Այս ճգնաժամը հնարավորություն է տալիս վերստին հավասարակշռել սոցիալական համերաշխության հրամայականները շուկայի դինամիզմի հետ՝ բարձրացնելու կառավարության լեգիտիմությունը: «Մեզ անհրաժեշտ է գործնականության և իդեալիզմի խառնուրդ»,- ասում է նա:
Ճգնաժամի պահերին հեշտ է հմայվել ավերումով, սակայն առկա է պահանջարկ ու իրական հնարավորություն՝ այս ամենին պատասխանելու ստեղծարարությամբ։
Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի
Հոդվածի բնօրինակը՝ We need some ‘creative destruction’ to address today’s challenges
Լուսանկարում՝ տեսարան Վենետիկից (Photograph: Simone Padovani/Awakening/Getty Images)