Խորհրդային Հայաստանի բնակչությունը գերազանցում է 1 միլիոնը. 1931-ի մարդահամարը

Շարքի նախորդ հրապարակումները

Հայաստանի բնակչությունը 1831 թվականին. 10 ամենամեծ բնակավայրերը

Հայաստանի բնակչությունը 1873 թվականին

Հայաստանի բնակչությունը 1886-ին

Հայաստանի բնակչությունը 1897-ին. ցարական Ռուսաստանի առաջին և վերջին մարդահամարը

Հայաստանի բնակչությունը 1908-ին մոտենում է 1 միլիոնի

Հայաստանի բնակչությունը 1914-ին` Առաջին աշխարհամարտի նախօրեին

Հայաստանի բնակչությունը 1916-ին

Ադրբեջանցիները (թաթարները) Հայաստանում վերջին 150 տարիներին

Հայաստանի բնակչությունը 1919-ին․ Երևանը գրեթե հասնում է Ալեքսանդրապոլին

Հայաստանի բնակչությունը 1922-ին. Երևանը դառնում է ամենամեծ բնակավայրը

Հայաստանի բնակչությունը 1926-ին. ԽՍՀՄ առաջին մարդահամարը

Հայ ժողովրդի պատմության ամբողջ ընթացքում դժվար է գտնել մեկ այլ ժամանակահատված, երբ մոտ 60 տարվա ընթացքում բնակչության թիվը քառապատկվել է: Եթե 1926-ին՝ համաձայն ԽՍՀՄ առաջին մարդահամարի, Խորհրդային Հայաստանի բնակչությունը 881 300 մարդ էր, ապա 1989-ին այդ թիվը 3,4 միլիոն էր:

Խորհրդային Հայաստանում անց է կացվել վեց մարդահամար՝ 1926, 1939, 1959, 1970, 1979 և 1989 թվականներին: Վերջին՝ 1989-ի մարդահամարը կարող է այնքան էլ ճշգրիտ չլինել, քանի որ այն համընկավ Ադրբեջանից հայերի և Հայաստանից ադրբեջանցիների տեղափոխությունների, բռնի տեղահանումների ու ջարդերի հետ:

1931 թվականին Հայաստանում անց է կացվել մարդահամար, ավելի ճիշտ՝ մշտական բնակչության հաշվեհամար: Ըստ այդ հաշվեհամարի՝ Խորհրդային Հայաստանի բնակչությունը առաջին անգամ գերազանցեց 1 միլիոնը՝ 1 048 293 հոգի:

Երևանի բնակչությունը 88 904 էր, որից հայեր՝ 80 327 հոգի, թուրքեր՝ 5 620 (թաթարներ, այսօր՝ ադրբեջանցիներ, օսմանյան թուրքեր և կարափափախներ), ռուսներ՝ 2 215, ասորիներ՝ 83, քրդեր/եզդիներ՝ 64, հույներ՝ 43, այլ ազգեր՝ 552 հոգի:

Լենինականը, այսօր՝ Գյումրի, ուներ 53 075 բնակչություն, որից հայեր՝ 50 483, ռուսներ՝ 2 063, թուրքեր՝ 116, հույներ՝ 77, քուրդ/եզդիներ՝ 46, ասորիներ՝ 8, այլ ազգեր՝ 282 հոգի:

Կիրովականը, այսօր՝ Վանաձոր, ուներ 10 962 բնակիչ, որից հայեր՝ 10 743, ռուսներ՝ 202, թուրքեր՝ 17:

Մեծությամբ չորրորդ քաղաքը Նոր Բայազետն էր, այսօրվա Գավառը՝ 8 664 բնակիչներով, որից հայեր՝ 8 568, թուրքեր՝ 69, ռուսներ՝ 27 հոգի:

Վաղարշապատը ուներ 8 349 բնակիչ, որից հայեր՝ 8 322, ռուսներ՝ 26 հոգի:

Մեծությամբ վեցերորդ բնակավայրը Գյոզալդարա գյուղն էր, այսօրվա Վարդենիկը Սևանի ափին: Այն ուներ 5 209 բնակչություն՝ բոլորը հայեր: Այսօր՝ 2020-ին, Վարդենիկը Հայաստանի մեծությամբ երկրորդ գյուղն է և զիջում է միայն Ախուրյանին:

Յոթերորդը Դիլիջանն էր՝ 4 853 բնակիչներով, որից 4 198-ը՝ հայեր, 650-ը՝ ռուսներ, 5-ը՝ թուրքեր:

Աշտարակը մեծությամբ ութերորդ բնակավայրն էր՝ 4 782 հոգի, որից 4776-ը՝ հայեր, 6-ը՝ այլ:

Ստեփանավանը ուներ 4 688 բնակիչ, որից 4 232-ը՝ հայեր, 443-ը՝ ռուսներ, 13-ը՝ թուրքեր:

Մեծությամբ տասներորդ բնակավայրը Համամլուն էր, այսօրվա Սպիտակը՝ 4 598 բնակիչներով, բոլորը հայեր:

1931-ին Հայաստանում 4000-ից ավելի բնակչություն ունեցող ևս երեք բնակավայր կար. Շահնազարը՝ այսօր Մեծավան՝ 4 457 հոգի, Սարուխանը Սևանի ավազանում՝ 4 294 հոգի և Համզաչիմանը՝ այսօրվա Մարգահովիտը՝ 4 133 հոգի:

Այսպիսով, մենք ավարտում ենք հրապարակումների շարքը՝ նվիրված Հայաստանի բնակչությանը 1831-ից 1931 թվականների համար:

1831-ը այն թվականն էր, երբ արդեն երեք տարի Արևելյան Հայաստանը գրավվել էր պարսիկներից և մաս կազմել Ռոմանովների Ռուսաստանի: 1828-ին ռուսները ձևավորեցին Հայկական մարզը նախկին Երևանի և Նախիջևանի խանություններից, իսկ կառավարիչ նշանակեցին Սանկտ Պետերբուրգում ծնված վրացի իշխան Ալեքսանդր Ճավճավաձեին: Հայկական մարզն ուներ մոտ 20 հազար քառակուսի կիլոմետր տարածք և 161 747 բնակչություն:

Որպեսզի ակնառու լինի, թե բնակչության աճի ինչպիսի դինամիկա է ունեցել այսօրվա 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը, ներկայացնենք բոլոր մարդահամարները բացաձրակ թվերով.

1831 թվական – 161 748

1873 թվական – 496 140

1886 թվական – 635 833

1897 թվական – 797 853

1914 թվական – 1 014 255

1919 թվական – 961 677

1922 թվական – 782 052

1926 թվական – 881 290

1931 թվական – 1 050 633

Եթե 1931-ին Խորհրդային Հայաստանը ուներ 1 միլիոնից մի քիչ ավելի բնակչություն, ապա 1989-ին՝ 3,4 միլիոն:

Խորհրդային Հայաստանի բնակչության, ազգային կազմի, մարդահամարների մասին մենք կներկայացնենք մեկ այլ հոդվածաշար:

Մեկնաբանել