Թեստեր՝ հինգ ժամում. ինչ են անելու ռուս մասնագետները Հայաստանում

Ապրիլի 7-ին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու համար Ռուսաստանից Հայաստան տեղափոխած հետազոտական շարժական լաբորատորիան այսօր՝ ապրիլի 8-ին, կտեղակայվի Երևանում և պատրաստ կլինի ընդունել առաջին նմուշները` 5 ժամվա ընթացքում ապահովելով արդյունքի 99% ճշգրտություն․ այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Այսօր ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ և Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն, կատարվել է աշխատանքների պլանավորում, քննարկվել են տեխնիկական հարցեր, հստակեցվել է վերապատրաստվող խմբի կազմը:

Շուշան Ստեփանյանը նշեց, որ նմուշառումը կկատարեն ՀՀ ԶՈւ մասնագետները, իսկ հետազոտությունը՝ ՌԴ ԶՈւ մասնագետները: Նա մանրամասնեց, որ Հայաստանում նման լաբորատորիայի աշխատանքի փորձ դեռ չկա, ուստի սա նաև կարևոր է փորձի փոխանակման տեսանկյունից: 

«Հայաստանցի մասնագետները ձեռք կբերեն նոր փորձ», – ասաց Պն մամուլի խոսնակը` հավելելով, որ այժմ ժամանած մասնագետներն աշխատելու են միայն Երևանում բացազատված լաբորատորիայում:

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ պաշտպանության նախարարության տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները: Թիրախային խմբերում իրականացվող հետազոտությունները մեծապես կնպաստեն կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանն ու զգալիորեն կբարձրացնեն հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը։

«Լաբորատորիան շարժական է, անհրաժեշտության դեպքում այն կարող է տեղակայվել այլ վայրում», – պարազաբանեց խոսնակը՝ նշելով, որ դեռևս տեղեկություն չունի՝ Ռուսաստնաից մասնագետներն ուսումնասիրություններ կատարելու են Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում, թե ոչ:

Արշալույս Մղդեսյան