Երևանի նահանգ՝ Հայաստանի հիմքը. գավառներ, բնակչություն, ազգային կազմ

Այսօրվա Հայաստանի Հանրապետության հիմքը Երևանի նահանգն է և նրան նախորդած Հայկական մարզը (1828-1840):

1918-ի նախօրեին, երբ Արարատյան դաշտի ժողովրդի հերոսական ջանքերի ու պատմական հանգամանքների բերումով հիմնադրվում էր Հայաստանի Հանրապետությունը 10-12 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա, Անդրկովկասը, որպես Ռոմանովների Ռուսաստանի ծայրամաս, բաժանված էր վարչատարածքային ինը միավորների՝ հինգ նահանգ (губерния – Երևան, Ելիզավետպոլ, Բաքու, Թիֆլիս և Քութայիս), երեք մարզ (область – Կարս, Բաթում և Դաղստան) և մեկ շրջան (округ – Զաքաթալ, այսօր Ադրբեջանի մաս է կազմում, հիմնականում բնակեցված էր մուսուլման վրացիներով՝ սաինգիլոներով, ինչպես նաև՝ կովկասյան ժողովուրդներով և թաթարներով):

Երևանի նահանգն ուներ շուրջ 25 հազար քառակուսի կիլոմետր տարածք և բաժանված էր յոթ գավառների, որոնք ռուսերենով անվանվում էին уезд: Այսպիսով, Երևանի նահանգը Խորհրդային Հայաստանի և այսօրվա Հայաստանի Հանրապետության 30 հազար քառակուսի կիլոմետրին տարածքով զիջում էր 5 հազար քառակուսի կիլոմետրով, սակայն բավականին տարբերվում էր աշխարհագրորեն:

Երևանի նահանգի մաս չէին կազմում այսօրվա Տավուշի մարզն ամբողջությամբ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանը, Լոռու և Շիրակի մարզերի մի մասը, Սյունիքն ամբողջությամբ: Փոխարենը, Երևանի նահանգի մաս էին կազմում Նախիջևանը՝ բուն Նախիջևան և Գողթան, Արաքսի աջ ափը՝ Սուրմալու-Իգդիրը մինչև Արարատ սարի փեշերը:

1897-ին Ցարական Ռուսաստանում անցկացված առաջին և վերջին մարդահամարի համաձայն՝ Երևանի նահանգում բնակչության թիվը կազմել է շուրջ 830 հազար հոգի, որից հայերը՝ 441 հազար, կովկասյան թաթարները (այսօր՝ ադրբեջանցիներ)՝ 313 հազար, քրդերը՝ 49 հազար, ռուսները՝ 16 հազար, այլ ազգեր՝ ավելի քան 10 հազար:

Ներկայացնենք Երևանի նահանգի յոթ գավառները, որոնցից յուրաքանչյուրը՝ տարածք, բնակչություն, ազգային կազմ, կներկայացնենք նաև առանձին հրապարակումներով:

Հյուսիսից հարավ Երևանի նահանգի գավառներն էին՝ Ալեքսանդրապոլ, Վաղարշապատ, Նոր Բայազետ, Երևան, Սուրմալու, Շարուր-Դարալագյազ (Շարուրը Արարատյան դաշտի շարունակությունն է, այսօր մաս է կազմում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության՝ Ադրբեջանի կազմում, իսկ Դարալագյազը այսօրվա Վայոց Ձորն է) և Նախիջևան:

Հայերը մեծամասնություն էին կազմում Ալեքսանդրապոլի գավառում՝ շուրջ 86 տոկոս, Նոր Բայազետի գավառում՝ ավելի քան 66 տոկոս, Էջմիածնի գավառում՝ 62,5 տոկոս: Սուրմալուի գավառում կովկասյան թաթարների թիվը 46,5 տոկոս էր, հայերինը՝ 30,4 տոկոս, քրդերինը՝ 21,4 տոկոս: Մյուս երեք գավառներում, այդ թվում Երևանում, ինչպես նաև Շարուր-Դարալագյազում և Նախիջևանում, մեծամասնություն էին կազմում կովկասյան թաթարները:

Ալեքսանդրապոլի գավառի տարածքը 3,5 հազար քառակուսի կիլոմետր էր, բնակչության թիվը, ըստ 1897-ի մարդահամարի՝ ավելի քան 165 հազար: Գավառի և ամբողջ նահանգի ամենամեծ և ամենահայաշատ քաղաքը Ալեքսանդրապոն էր՝ ավելի քան 30 հազար բնակիչներով:

Նոր Բայազետի գավառը տարածքով նահանգում ամենամեծն էր՝ 4,4 հազար քառակուսի կիլոմետր: Գավառն ուներ ավելի քան 122 հազար բնակիչ, ամենամեծ քաղաքը Նոր Բայազետն էր՝ շուրջ 8,5 հազար հոգի:

Էջմիածնի գավառի կենտրոնը Վաղարշապատ գյուղն էր՝ ավելի քան 5 հազար բնակիչներով: Տարածքը կազմում էր 3,6 հազար քառակուսի կիլոմետր, բնակչությունը՝ 125 հազար:

Երևանի գավառը Շարուր-Դարալագյազի հետ տարածքով ամենափոքր գավառն էր՝ 2,9 հազար քառակուսի կիլոմետր, սակայն ուներ ամենից շատ բնակչութունը մյուս գավառների համեմատ, բացի Ալեքսանդրապոլից՝ 151 հազար։ Երևանն ուներ 29 հազար բնակչություն: Երևան քաղաքում հայերը փոքր ավելի էին, քան կովկասյան թաթարները, սակայն գավառի տարածքում վերջինները մեծամասնություն էին կազմում:

Երևանն ուներ 29 հազար բնակչություն: Երևան քաղաքում հայերը փոքր ավելի էին, քան կովկասյան թաթարները, սակայն գավառի տարածքում վերջինները մեծամասնություն էին կազմում

Սուրմալու գավառի տարածքը 3,6 հազար քառակուսի կիլոմետր էր, բնակչությունը՝ 89 հազար հոգի: Գավառի կենտրոնը Իգդիր գյուղն էր՝ 4 700 բնակիչներով:

Շարուր-Դարալագյազի գավառն ուներ 2,8 հազար քառակուսի կիլոմետր տարածություն և 77 հազար բնակիչ: Գավառային կենտրոնը Բաշ Նորաշեն գյուղն էր, որն ուներ շուրջ 900 բնակիչ:

Երևանի նահանգի յոթ գավառների մեջ տարածքով երկրորդ ամենամեծը Նոր Բայազետից հետո Նախիջևանն էր՝ 4,1 հազար քառակուսի կիլոմետր, բնակչությունը ավելի քան 100 հազար էր: Նախիջևան քաղաքում բնակչության թիվը շուրջ 9 հազար էր:

Թեև Երևանի նահանգն էր ապագա Հայաստանի Հանրապետության հիմքը, սակայն հարյուր հազարավոր հայեր բնակվում էին Անդրկովկասի մյուս նահանգներում և մարզերում, առաջին հերթին՝ Ելիզավետպոլում, Թիֆլիսում, Բաքվում և Կարսում:

Հայերը զգալի մեծամասնություն էին կազմում Ելիզավետպոլ նահանգի Ղարաբաղ գավառում և հատկապես նրա լեռնային հատվածում, ինչպես նաև մեծամասնություն՝ Զանգեզուրում, իսկ Ղազախ գավառի հայկական հատվածում (այսօր՝ Նոյեմբերյանի, Իջևանի և Բերդի շրջաններ և Գեղարքունիքի Ճամբարակի շրջան)՝ բացարձակ մեծամասնություն:

Թիֆլիս քաղաքում հայերը մեծամասնություն էին կազմում տասնամյակներ շարունակ: Բաքվում և նահանգում հայերի թիվը հասնում էր տասնյակ հազարների:

Հայերը մեծամասնություն կազմեցին նաև Կարսի մարզում այն բանից հետո, երբ այն 1878-ին միացվեց ցարական Ռուսաստանին:

Երևանի նահանգի յոթ գավառների, ինչպես նաև Անդրկովկասի մյուս վարչական միավորների մասին՝ տարածք, բնակչություն, ազգային կազմ, ազգամիջյան հարաբերություններ և այլ մանրամասներ, մենք կանդրադառնաք պարբերաբար, առանձին հրապարակումներով:

Թաթուլ Հակոբյան