«Գազպրոմը» դեռ չի արձագանքել փոխվարչապետի՝ գազն էժանացնելու դիմումին 

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դեռ չի արձագանքել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ մարտի 31-ի՝ գազի գնի իջեցման և գազի դիմաց ազգային արժույթներով վճարելու նպատակով բանակցություններ սկսելու դիմումին։ Այս մասին այսօր հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին։

Լրագրողի հարցին, թե արդյոք արձագանք կա «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերից, որին դիմումն ուղղվել էր, Գրիգորյանը պատասխանեց․

«Դեռևս պատասխան չկա: Կարծում եմ` աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կա, և այդ իմաստով կարծում եմ, որ ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ»։

․․․

Մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության, ինչպես նաև դրա դիմաց ազգային արժույթով վճարելու վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել էր ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Մինչ Հայաստանը «Գազպրոմին» առաջարկում է Հայաստան մատակարարվող գազի գինն իջեցնել, ռուսական գազային հսկայի հայաստանյան դուստրը՝ «Գազպրոմ Արմենիան», դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին վաճառվող գազի սակագները հուլիսի 1-ից բարձրացնելու հայտով:

«Գազպրոմ Արմենիան» առաջարկում է մինչև 600 խմ գազ օգտագործող սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը բարձրացնել 36 տոկոսով, ներկայիս 1000 խմ-ի համար 100 000 դրամի փոխարեն սահմանել 136 000 դրամ՝ հավասարեցնելով այն մյուս բնակիչների համար սակագնին: Փոխարենն ընկերությունն առաջարկում է ամսական մինչև 10 000 խմ սպառում ունեցող սպառողներին (սա հիմնականում բնակիչ բաժանորդներն են) վաճառվող յուրաքանչյուր խմ բնական գազի գործող 139 դրամ սակագինը դարձնել 136 դրամ:

2019-ի սկզբին սահմանին Ռուսաստանից մատակարարվող գազի գինը բարձրացավ 10 տոկոսով՝ հասնելով 165 դոլարի, բայց վերջնական սպառողների՝ Հայաստանի բնակիչների համար սակագնի փոփոխություն տեղի չունեցավ:

Հայաստանն ու Ռուսաստանը սկսեցին բանակցություններ գազի գնի շուրջ: Բանակցությունները դեռ չեն ավարտվել, բայց եկել է կորոնավիրուսը՝ համաշխարհային տնտեսության հետ փլուզելով նաև նավթի ու գազի գները:

Ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր:

Ապրիլի 6-ի երեկոյան ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը գազի թեմայի մասին ասաց․

«Այս հարցը Ռուսաստանի նախագահի հետ քննարկել ենք: Ես ասել եմ, որ հաշվի առնելով այս ճգնաժամային իրավճակը, նաև հումանիտար և տնտեսական առումով, ակնկալում եմ, որ մենք կկարողանանք թեման քննարկել Ռուսաստանի նախագահի հետ և գալ ընդհանուր հայտարարի, և ՌԴ նախագահը նաև կմիջամտի այս գործընթացին, որպեսզի կարողանանք «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնենք»։

Նա նշեց, որ ճգնաժամի պայմաններում Հայաստանի հանրությունն ու կառավարությունը չեն ընկալում «Գազպրոմ Արմենիայի»՝ սակագինը բարձրացնելու քայլը:

Տե՛ս նաև՝ Ռուսաստանը կիջեցնի՞ գազի գինը Հայաստանի համար․ ռուս վերլուծաբանը հակառակն է կարծում

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել