ԱՄՆ-ից վերադառնում են FLEX ծրագրով սովորող հայ աշակերտները. Աննա Նաղդալյան

ԱՄՆ-ից Վրաստանի աջակցությամբ վերադառնում են FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում ուսանող հայ աշակերտները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, որի մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև։

«Հայաստան են վերադառնում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 34 աշակերտ և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Վերջիններս Հայաստան վերադառնալուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։

Embassy of Armenia to the United States համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն ԱՄՆ 19 նահանգներից դեպի Չիկագո քաղաք, այնուհետև Հայաստան՝ Դոհա-Թբիլիսի-Երևան չվերթով։

Սա Հայաստանի և Վրաստանի՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունում տարբեր երկրներում գտնվող քաղաքացիներին համագործակցաբար հայրենիք վերադարձնելու հերթական լավ օրինակն է: Շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի խորհուրդներին՝ հայ աշակերտների տեղափոխումն արագ ու հարթ կազմակերպելու, ինչպես նաև մեր վրաց գործընկերներին՝ աջակցության և արդյունավետ համագործակցության համար:

Մեր աշակերտներին մաղթում ենք անվտանգ թռիչք և բարի վերադարձ Հայրենիք, միշտ լինեն այդպես կենսախինդ ու ժպիտով»,- գրել է Նաղդալյանը։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ ԱՄՆ-ից հատուկ չվերթով կտարհանվի վրաստանցի 79 աշակերտ: Գախարիայի խոսքով՝ հայկական կողմի խնդրանքով ՀՀ քաղաքացի 35 աշակերտ նույնպես հատուկ չվերթով կտարհանվեն ԱՄՆ-ից:

Մեկնաբանել