Արցախն ապրիլի 14-ից հետո․ արտախորհրդարանական ուժերի ու քաղաքացիական հասարակության դերը

Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած համապետական ընտրություններում գրանցվեցին արդյունքներ, որոնք երկրում քաղաքական զարգացում ակնկալող քաղաքացիների համար չեն կարող մտահոգիչ չլինել: («Քաղաքական զարգացում» եզրույթը վերջին տարիներին մասսայականացրել է Ֆրենսիս Ֆուկույաման: Քաղաքական զարգացման երեք բաղադրիչներն են՝ արդյունավետ պետական համակարգը, օրենքի գերիշխանությունը և ժողովրդավարական հաշվետվությունը)։

Արցախում իշխանության է եկել օլիգարխիայի և խոշոր բիզնեսի կուսակցությունը, որին խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու համար ընդամենը մեկ մանդատ է պակասում:

Երկրորդ տեղը զբաղեցրած և ընդդիմադիր քվեների առյուծի բաժինը վերցրած ուժը լիովին կախված է մեկ մարդու որոշումներից, որն արդեն իսկ ճանաչել է ընտրությունների արդյունքները և չի բացառում համագործակցության հնարավորությունը իշխանության եկած ուժի հետ:

Երրորդ տեղը զբաղեցրած ուժը խորհրդարան է անցել միմիայն Հայաստանի նախկին իշխանությունների համապարփակ օժանդակության շնորհիվ և, բնականաբար, սպասարկելու է համապատասխան շրջանակների քաղաքական շահերը: 

Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրած կուսակցություններն ամենայն հավանականությամբ լինելու են իշխանության եկած ուժի կցորդները:

Այսպիսի իրավիճակում քաղաքական կյանքի լճացումը կարող է անխուսափելի իրողություն դառնալ: Որևէ կասկած չկա, որ Արայիկ Հարությունյանը  գնալու է գերկենտրոնացման ճանապարհով: Նեպոտիստական կապիտալիզմի (crony capitalism) այն համակարգը, որը հաստատվել է Արցախում 2000-ականների կեսերին, օլիգարխիայի իշխանության օրոք ծաղկունք է ապրելու: Այդ մոդելի սկզբունքները գործելու են ոչ միայն տնտեսության, այլև մյուս ոլորտներում: Փորձ է կատարվելու տոտալ վերահսկողություն հաստատել բարձրագույն ուսումնական հաստատությունների և քաղաքացիական հասարակության նկատմամբ` կոոպտացիայի ենթարկելով  քաղաքական և քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող քաղաքացիներին ու գործիչներին:

Քաղաքական զարգացման շարժիչ ուժը կարող են  դառնալ միայն արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը և քաղաքացիական հասարակության մաս հանդիսացող խմբերն ու կազմակերպությունները

Այս պարագայում քաղաքական զարգացման շարժիչ ուժը կարող են  դառնալ միայն արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը և քաղաքացիական հասարակության մաս հանդիսացող խմբերն ու կազմակերպությունները: Քաղաքական դաշտի լճացումը կանխելու համար այս դերակատարները պետք է հասարակությանը վերադարձնեն վերահսկողությունը տարբեր ոլորտների և ինստիտուտների նկատմամբ, ինչպես նաև ստեղծեն իշխող ռեժիմին հակակշռող նոր կառույցներ` օգտագործելով հանրային ճնշման ողջ գործիքակազմը:

Այդ առուով  հասարակությանը առաջին հերթին պետք է վերադարձվի հանրային տարածությունը: Աշխարհի բոլոր ավտորիտար և հիբրիդային ռեժիմները հիմնականում սահմանափակում են մրցակցային քաղաքականության համար անհրաժեշտ երեք հիմնարար ազատություն` խոսքի ազատությունը, միավորման ազատությունը և հավաքների ազատությունը:

Առաջին երկուսի դեպքում սահմանափակումները սովորաբար ավելի մեղմ են լինում: Նույնիսկ բռնապետական երկրներում ստեղծվում են ընդդիմադիր կուսակցություններ և լրատվամիջոցներ: Հավաքների ազատության պարագայում, սակայն, ավտորիտար և կիսաավտորիտար ռեժիմները մշտապես ձգտում են շատ ավելի խիստ սահմանափակումներ մտցնել․ հրապարակները և փողոցները իշխող էլիտայի համար ամենավտանգավոր հարթակներն են, որոնք արդյունավետ կերպով ընդդիմադիր ուժերին և նրանց գաղափարները կապում են աշխատավոր զանգվածների հետ:

Արցախն այդ առումով բացառություն չի եղել մինչև վերջերս: Արցախում Հավաքների ազատության մասին օրենքն ընդունվել է միայն 2018 թվականի ամռանը, երբ երկրում բազմաթիվ բողոքի ցույցեր տեղի ունեցան: Սակայն դրանից հետո էլ իշխանություններն անընդհատ փորձում են պայմաններ թելադրել փողոցային պայքարի դուրս եկած քաղաքացիներին` շատ հաճախ խախտելով իրենց իսկ ընդունած օրենքը: Հանրային տարածության ազատագրումը, այն քաղաքական և քաղաքացիական պայքարի էպիկենտրոն դարձնելը կարևոր է ոչ միայն իրավունքի տեսանկյունից, այլև որպես մյուս ոլորտներում փոփոխությունների հասնելու կարևոր մեխանիզմ:

Լրատվական դաշտի ազատականացումը ևս պետք է լինի քաղաքական զարգացման շարժիչ ուժերի ուշադրության կենտրոնում

Հաջորդ կարևոր ոլորտը, որը պետք է քաղաքական և քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում լինի, մեդիա դաշտն է: Չնայած 2018-ից սկսած Արցախի հանրային հեռուստատեսության աշխատանքում որոշակի դրական փոփոխություններ կան, սակայն այն շարունակում է մնալ իշխող ռեժիմի վերահսկողության տակ գտնվող քարոզչական գործիք: Հասարակությունը պետք է հասնի նրան, որ հանրային միջոցներով գոյատևող այդ լրատվամիջոցը դառնա ավելի թափանցիկ ու արդյունավետ կառույց, որը հնարավորինս օբյեկտիվ լրատվություն կապահովի արցախյան հանրությանը: Այն պետք է դառնա նաև երկրի գլխավոր հարթակը հասարակական դիսկուրսի համար: Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է հանրային քննարկումներ սկսել մոտ ապագայում, որոնց պետք է մասնակցեն նաև ոլորտի մասնագետներ Հայաստանի Հանրապետությունից: Այդ քննարկումների միջոցով անհրաժեշտ է ձևակերպել խնդիրներ, գտնել լուծումներ և հանրային ճնշման գործիքների միջոցով հասնել դրանց կյանքի կոչմանը:

Լրատվական դաշտի ազատականացումը ևս պետք է լինի քաղաքական զարգացման շարժիչ ուժերի ուշադրության կենտրոնում: Գաղտնիք չէ, որ Արցախում տարիներ շարունակ նոր հեռուստաընկերություններ չէին բացվում միմիայն երկրի քաղաքական իշխանության կողմից ստեղծված արհեստական խոչընդոտների պատճառով:

Իրավապաշտպան ուժեղ կազմակերպությունների առաջացումը ևս կարևոր նախապայման է, որ ի հեճուկս ընտրություններում գրանցված արդյունքների՝ ունենանք շարժում դեպի ժողովրդավարություն:

Արցախում վերջին տասնամյակնների ընթացքում մարդու իրավունքների լրջագույն խախտումներ են տեղի ունեցել: Բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել, իսկ ոստիկանական և ուժային այլ համակարգերում խոշտանգումները աներևակայելի մասշտաբների էին հասել: Արցախյան քաղաքացիական հասարակությունը, որը բավական ուժեղացել է վերջին երկու տարվա ընթացքում, պետք է կարողանա պաշտպանական մեխանիզմներ ստեղծել և կանխել ուժային ամենաթողությունը: Իշխող ռեժիմը պետք է մշտապես գիտակցի, որ քաղաքական հայացքների համար աշխատանքից հեռացման կամ ոստիկանական համակարգում խոշտանգման ամեն մի դեպք կարող է քաղաքական պայթյունի առիթ դառնալ:

Քաղաքացիական հասարակության ուժեղացման համար չափազանց կարևոր է լինելու նաև աշխատանքը ուսանողության հետ: Երիտասարդ սերնդից է կախված լինելու Արցախի ժողովրդավարացման ապագան: Այս ուղղությամբ արդեն իսկ շատ ակտիվ աշխատանք են տանում Հայաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչները և իշխանության եկած ուժը: Այդ իսկ պատճառով արտախորհրդարանական ուժերը և քաղաքացիական հասարակությունը ջանքեր չպիտի խնայեն Արցախում տարատեսակ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի կազմակերպման հարցում: Այստեղ ևս հայաստանյան հասարակության և մասնագիտական տարբեր շրջանակների աջակցությունը որոշիչ նշանակություն է ունենալու:

Այս ուղղություններով ակտիվ աշխատանքի դեպքում հնարավոր կլինի նախադրյալներ պատրաստել Արցախում ժողովրդավարական անցման համար: Ժողովրդավարությունների առաջացման համար պարարտ հող է պետք, որը ստեղծում են հասարակությունները իրենց ուժեղացմամբ և երկարամյա պայքարով: Հայաստանը անցել է այդ ճանապարհը վերջին տասնամյակի ընթացքում: Արցախը ևս պիտի անցնի: