Նուբար Աֆեյանի պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ․ պատմում է փորձարկման կամավորը

Սիեթլում՝ Վաշինգտոնի համալսարանում (University of Washington), հանրային տեղեկատվության մասնագետ Իեն Հեյդոնը կորոնավիրուսի նոր պատվաստանյութի փորձարկման համար ընտրված կամավորների առաջին խմբից է։ Այս փորձնական պատվաստանյութը ստեղծել է «Մոդեռնա» կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի հիմնադիրը և նախագահն է Նուբար Աֆեյանը։ ՍիվիլՆեթը մարտին զրուցել էր Նուբար Աֆեյանի հետ՝ «Մոդեռնայի» և պատվաստանյութի ստեղծման ընթացքի վերաբերյալ։ The Washington Post թերթում հրապարակված հոդվածում Հեյդոնը պատմում է պատվաստանյութն իր վրա փորձարկելու մասին։

ՍԻԵԹԼ – Չորեքշաբթի առավոտյան 10:16-ին ձախ ուսիս ներարկում ստացա։ Այն պարունակում էր 250 մկգ փորձնական կորոնավիրուսային պատվաստանյութ՝ առաջինը, որ փորձարկվում է մարդկանց վրա: Ես մեկն եմ պատվաստանյութի առաջին փուլի կլինիկական փորձարկմանը մասնակցող 45 կամավորներից, պատվաստանյութ, որը կարող է օգնել վերջ դնել այս համաճարակին:

Ինձ տուն ուղարկեցին՝ ջերմաչափով ու օրագրով։ Ասացին, որ մուտքագրեմ մարմնիս ջերմաստիճանը և ցանկացած ախտանիշ, որը կարող է առաջանալ: Ես դեռ հետևում եմ Վաշինգտոնի նահանգի «Մնացե՛ք տանը, մնացե՛ք առողջ» ցուցմանը, բայց նաև պարբերաբար կվերադառնամ կլինիկա՝ արյան անալիզի և երկրորդ ներարկման համար: Հետազոտական խումբը կհետևի իմ առողջական վիճակին և նրան, թե արդյոք իմ մարմինը հակամարմիններ է արտադրում: Նախատեսվում է, որ առաջին փուլի այս փորձարկումները կտևեն 14 ամիս:

«Մի քանի ամիս կպահանջվի՝ ստանալու տվյալներ, որոնցում վստահ կլինենք և վստահաբար առաջ կգնանք երկրորդ փուլ»,- անցյալ շաբաթ հայտարարեց ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ս. Ֆաուչին: Հնարավոր է, որ առնվազն երեք ամիս պահանջվի պատվաստանյութի՝ մարդու համար անվտանգ լինելու հաստատման համար։

Այն մասին, որ այս պատվաստանյութի փորձարկման համար կամավորներ են պահանջվում, իմացա Վաշինգտոնի համալսարանում պատվաստանյութերի ստեղծման մասնագետ գործընկերոջիցս։ «Եթե լսել եք, որ «պատվաստանյութը կարող է պատրաստ լինել մեկ տարվա ընթացքում», ապա նրանք նկատի ունեն հենց այս պատվաստանյութը»,- գրել էր նա: Առանց երկար մտածելու՝ ես անցա հղումով և մուտքագրեցի անձնական տեղեկությունները՝ տարիք, հիվանդության պատմություն, աշխատանքի անվանում։

Մասնակցում եմ ոգևորությամբ։ Ուրախ եմ, որ առողջ եմ։ Կլինիկական փորձարկումները առողջ կամավորների կարիք ունեն: Եթե մասնակցելու համար ճիշտ ժամանակ կա, ապա դա հիմա է։ Ինչու չօգնել, եթե կարող եմ։

Նախնական ստուգումը նույնքան հաճելի էր, որքան սովորաբար հիվանդանոց այցը կարող է լինել։ Նախորդ գիշեր կարդացել էի քսան էջանոց համաձայնության ձևաթուղթը, բայց կլինիկայում ինձ ասացին, որ կսկսեն այն վերանայելուց։ Բժիշկը լուռ սպասում էր, մինչ ես կկարդայի ծավալուն PowerPoint տեքստն ամբողջությամբ։ Ավարտելուց հետո նա պատրաստեց իր հարցաթերթը։

– Ունե՞ք որևէ ալերգիա, որոնց մասին տեղյակ եք՝ սննդային, դեղամիջոցներից, ցանկացած այլ բանից, – հարցրեց։

– Ո՛չ, – պատասխանեցի ես:

– Սրտի խնդիրների հետ կապված պատմությո՞ւն, արյան բարձր ճնշո՞ւմ:

-Ո՛չ։

Ավելի քան 20 րոպե հարց ու պատասխանից հետո նա ստուգեց բերանիս խոռոչը, ավշային հանգույցներս, ուժեղ սեղմեց փորիս և թակեց ծնկներս, ստուգեց լսողությունս ու տեսողությունս, քաշս ու հասակս։ Այնուհետև հինգ փոքրիկ տարայով արյան փորձանմուշ վերցրին։ Լաբորատորիայում կտեսնեն՝ արդյոք ես իսկապես համապատասխանում եմ փորձարկմանը մասնակցելու առողջական պահանջներին։

Այս պատվաստանյութի հիմքում ընկած գաղափարը համեմատաբար նոր ռազմավարություն է ներառում: Բոլոր պատվաստանյութերը փորձում են նախապատրաստել իմունային համակարգին, որպեսզի վերջինս արագ արձագանք տա ներխուժող վիրուսներին կամ ինֆեկցիաներին, քանի դրանք «դարպասները» չեն անցել։ Սովորաբար, դա նշանակում է առողջ անձին ներարկել թուլացած պաթոգեն կամ դրա մի մասը։

Վիրուսից վերցված սպիտակուցներ ներարկելու փոխարեն հետազոտողներն ինձ ներարկեցին գենետիկական նյութ, որը կոդավորում է նման սպիտակուցներ։ Եթե մարմինս կլանի այդ կոդը և կատարի դրա ցուցումները, իմ բջիջներից որոշները վիրուսից կստեղծեն միաբջիջ սպիտակուց: Դա պետք է դրդի իմ իմունային համակարգին հակամարմիններ ստեղծել վիրուսային մոլեկուլի դեմ: Գաղափարն այն է, որ այդ հակամարմինները կպաշտպանեն իրական վիրուսի դեմ:

Հավակնոտ այս պատվաստանյութը ստեղծել է «Մոդեռնա» ընկերությունը, որը նախկինում պատվաստանյութերի այս տեխնոլոգիան փորձարկել է այլ հիվանդությունների, ներառյալ գրիպի և շնչառական սինցիտիալ վարակի համար: Լիցենզավորված պատվաստանյութը դեռ չկա, հնարավոր է՝ երբեք էլ չլինի։ Երբ խոսքը վերաբերում է իմունային համակարգի վրա փորձերին, ոչինչ երաշխավորված չէ:

Կան ռիսկեր, և դեռ ոչ ոք չգիտի, թե որոնք են դրանք, այդ պատճառով էլ կա փորձարկումների անհրաժեշտությունը։ Ի վերջո, առողջապահական մարմինների հաստատմանը ձգտող յուրաքանչյուր դեղ կամ պատվաստանյութ պետք է նաև մարդկանց շրջանում փորձարկվի։ mRNA փորձարկմանը մասնակցող մյուս կամավորները ընդհանուր առմամբ հաղորդել են առողջական լավ վիճակի մասին, չնայած շատերը նշել են ներարկման տեղում կարմրություն և ցավի, մկանների հոգնածության և գլխացավերի մասին, որոնք բոլորը կարող են ծանր լինել:

[Մոդեռնայի հետազոտողները առաջինն են ստեղծել mRNA տեխնոլոգիայի միջոցով փորձարկմանը պատրաստ պատվաստանյութեր: Ընկերությունն օգտագործում է սուրհանդակ RNA (mRNA)՝ գենետիկ նյութի ձև՝ անձի բջիջներին ցուցումներ տալու համար: Այս տեղեկատվությունից բջիջները պահանջում են անհրաժեշտ հակամարմիններ` վիրուսներից պաշտպանվելու համար: Այլընտրանքորեն, հրահանգները կարող են օգտագործվել նաև բջիջներին հանձնարարելու սպիտակուցներ արտադրել, որոնք պակասում են որոշ հիվանդությունների դեպքում]։ Տե՛ս՝ Մենք գրիպը դիտարկում ենք որպես կյանքի մաս, իսկ COVID-19-ը՝ ահաբեկչական գործողության նման մի բան․ Նուբար Աֆեյան

Այլ ռիսկեր էլ կան: Ոչ ոք չգիտի, թե ինչպես կարձագանքի մարդու իմունային համակարգը վիրուսի հենց այս մի սպիտակուցին: Այն կարող է ստեղծել հակամարմիններ, որոնք կսրեն ինֆեկցիան, ինչպես եղել է վարակիչ այլ հիվանդությունների համար պատրաստված պատվաստանյութերի նախատիպերի դեպքում: Այս ռիսկը ցածր է, բայց նաև դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ անհրաժեշտ են մանրակրկիտ ուսումնասիրություններ՝ նախքան այս գործընթացին նոր թափ հաղորդելը։

Կամավորներին վճարվում է 100 դոլար ամեն այցի դիմաց և անվճար կայանատեղի կլինիկայում:

Իմ առաջին ներարկումն ստանալուց ժամեր անց ես ինձ լրիվ նորմալ եմ զգում` չկա ցավ կամ որևէ այլ ախտանիշ: Ես ամենաբարձր չափաբաժին ստացած խմբից եմ և չգիտեմ, թե ինչպես են մյուսներն իրենց զգում։ Մայիսի սկզբին նախատեսվում է երկրորդ ներարկումը:

Սովորաբար հեշտ է պատկերացնել, թե ինչպիսին կլինի աշխարհը մեկ ամիս անց։ Կորոնադարաշրջանում մայիսը թվում է այնքան հեռու։ Հնարավոր է՝ այդ ժամանակ արդեն ԱՄՆ-ը վերահսկողության տակ առնի իրավիճակը, նորմալ կյանքը վերսկսվի իմ քաղաքում և այլ բնակավայրերում, որոնք շաբաթներ շարունակ արգելափակման մեջ էին: Անշուշտ, պատվաստանյութերի այլ հավակնորդներ ևս սկսած կլինեն իրենց փորձարկումների առաջին փուլերը։

Վիրուսը մեկ գիշերվա մեջ չի վերանա։ Այն կարող է ապրել աշխարհի տարբեր վայրերում ամիսներ, անգամ տարիներ։ Կարող է անցնել ընդհատակ, ապա նորից հայտնվել, ինչպես վարվեց 1918-ի գրիպի ավերիչ համաճարակը՝ պտտվելով երկրագնդով մեկ և խլելով միլիոնավոր կյանքեր։

Հանգամանքների բերումով ես անձնապես կապված եմ այդ համաճարակի հետ:

1918-ի հոկտեմբերին հորս պապիկը գրիպի բռնկման երկրորդ ալիքի հետևանքով մահացած 200 000 ամերիկացիների թվում էր։ Նա ընդամենը 23 տարեկան էր: Նրա այրին միայնակ մեծացրեց երեխաներին, այդ թվում՝ իմ այն ժամանակ 18 ամսական պապին՝ Չարլզին: Չարլզը մահացավ իմ ծնվելուց մեկ ամիս առաջ: Ծնողներս նրա հիշատակը հարգելու համար ինձ կնքեցին նրա անվամբ՝ որպես երկրորդ անուն։

Հուսով եմ, որ այս պատվաստանյութը կաշխատի։ Այդ դեպքում ավելի քիչ մարդ կմահանա, և միլիոնավոր մարդիկ ավելի քիչ կորուստներ կունենան կորոնավիրուսի հետևանքով։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

I just got a shot of a coronavirus vaccine. I hope it works!

Մեկնաբանել