Գագիկ Խաչատրյանի ընտանիքի բիզնեսները՝ կալանքի տակ

Սիվիլնեթը երեկ ուշ երեկոյան տեղեկացրեց «Յուքոմում» բաժնետերերի հետ սկիզբ առած հակասությունների պատճառով ընկերության ղեկավարների աշխատանքից ազատման մասին։ Այսօր «Հետքը» տեղեկացրել է, որ «Յուքոմում» ֆինանսների նախկին նախարար և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներին և զարմիկին պատկանող բաժնեմասերը կալանքի տակ են վերցվել։ Անցյալ տարի ՍիվիլՆեթը գրել էր, որ  Գագիկ Խաչատրյանի որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները տնօրինում են «Յուքոմի» բաժնեմասերի 12 տոկոսը, ևս 24,3 տոկոսի սեփականատերը Արամ Խաչատրյանն է՝  Խաչատրյանի եղբորորդին։

Խաչատրյանների միայն այս բաժնեմասը չէ, որ վերջերս հայտնվել է կալանքի տակ։ Նրանց պատկանող գրեթե բոլոր ձեռնարկությունների բաժնեմասերի վրա մարտի 27-ից կալանք է դրվել, որն ըստ էության կապված է Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործի հետ։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ «Մեգա ֆուդ» ընկերությունում կալանք է դրվել Արամ Խաչատրյանի բաժնեմասի վրա։ Վերջինս «Մեգա ֆուդում» միանձնյա բաժնետեր է։ «Մեգա ֆուդը» Հայաստան սննդամթերքի և հրուշակեղենի խոշոր ներմուծող է։ Ընկերությունը Հայաստանում ներկայացնում է 30 ապրանքանիշ։

Արամ Խաչատրյանը միանձնյա բաժնետեր է «Վոտչ վորլդ» ընկերությունում, որը Երևանի Հյուսիսային պողոտայում ժամացույցներ և ոսկերչական իրեր վաճառող «Խրոնոգրաֆ»-ի իրավաբանական անձն է։ «Խրոնոգրաֆը Հայաստան է ներմուծում ավելի քան 30 ապրանքանիշի իրեր։

Նույն օրը կալանքի տակ է վերցվել «Ապեյրոն» ՍՊԸ-ի բաժնեմասերը։ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից յուրաքանչյուրն այս ընկերությունում ուներ 50 տոկոս բաժնեմաս։ «Ապեյրոնը» ևս զբաղվել է սննդամթերքի ներմուծմամբ։ Եղբայրները ընկերության բաժնետեր են 2010-ից։ 

Երևանում Time ժամացույցների խանութի իրավաբանական անձ «Թայմլես» ՍՊԸ-ի բաժնեմասերը հավասարապես կիսող եղբայրները 2017-ին այն փոխանցել են «Ջեյ դաբլյու հոլդինգ» ՍՊԸ-ին։ Ժամացույցներ ու ոսկերչական իրեր ներմուծող Time-ը գործունություն է ծավալում նաև Բելառուսում և Վրաստանում, ունի ավելի քան 300 աշխատակից՝ 10 խանութ-սրահներով, որոնք գործում են խոշոր մոլերում։ Ընկերության միանձնյա բաժնետեր «Ջեյ դաբլյու հոլդինգի» բաժնետերերը Արտյոմ և Գուրգեն Խաչատրյաններն են։  Մարտի 27-ին կալանքի է վերցվել եղբայրների բաժնեմասը՝ ընդհանուր առմամբ ընկերության 100 տոկոսը։ 

«Սանտա ֆե» և «Պահեստ 33» սրճարանն ու ռեստորանը շահագործող «Ֆոտոմաստեր» ընկերության բաժնեմասերը ևս վերցվել են կալանքի տակ։ Այստեղ նույնպես եղբայրները բաժնետեր են՝ հավասար չափով։ Նույնը եղել է «Ֆրանչայզինգ ֆուդ» ընկերության դեպքում, որտեղ բաժնեմասերը ևս կալանքի տակ են։ 

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ մեկնաբանություններ չունի Խաչատրյանի ներգրավմամբ հարուցված քրեական գործի մասին։ Խաչատրյանների մեկ այլ փաստաբան՝ Երեմ Սարգսյանը, ասաց, որ մեկնաբանություններ կարող է տալ միայն ժամեր անց։

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը 2019-ի օգոստոսից կալանավորված է։ Նա մեղադրվում է խոշոր չափերի վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարար եղած ժամանակ։ 

Մկրտիչ Կարապետյան

Լուսանկարում՝ Գագիկ Խաչատրյանը (Ֆոտոլուր)