Մարաղա. հայերի ջարդ 1992-ի ապրիլի 10-ին

1992-ի ապրիլի 10-ին տեղի ունեցավ Արցախյան պատերազմի ողջ ընթացքում հայկական կողմի համար ամենից ողբերգականը. ադրբեջանական զինուժը գրավեց Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղը և կոտորածի ենթարկեց մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների: Շուրջ 4000 բնակիչ ունեցող գյուղը այսօր էլ գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ այն մարաղացիները, ովքեր չհեռացան Հայաստան, Ռուսաստան կամ այլ երկիր, վերաբնակվեցին Աղդամի շրջանի Կըզըլ Քենգերլի գյուղում՝ այն վերանվանելով Նոր Մարաղա: Ներկայացնում ենք հատված Թաթուլ Հակոբյանի ԿԱՆԱՉ ու ՍԵՒ. ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ գրքից: Ի դեպ, նշենք, որ 1992-ի ապրիլի 10-ին Ստեփանակերտում էր Ռուսաստանի արտգործնախարար Անդրեյ Կոզիրևը:

Նոր Մարաղա

25-ամյա Գարիկ Ստեփանյանը տունը և հորը կորցրել է 12 տարեկանում: Այժմ կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ բնակվում է Նոր Մարաղայում: Գարիկի հայրը վիրավորվել է պատերազմի ժամանակ, Մարտակերտում: Տեղափոխել են Հայաստան` հիվանդանոց, որտեղ մահացել է ու թաղվել է Արամուս գյուղում, որովհետև ընտանիքը հնարավորություն չի ունեցել, ու պատերազմն էլ թույլ չի տվել Գարիկի հոր վիրավոր մարմինը տանել հայրենի տուն` Մարաղա: «Մեր գյուղում ադրբեջանցիները շատ են երեխա, կանայք, ծերեր կոտորել»: Նա պատմում է, որ ամեն տարի ապրիլի 10-ին գյուղացիները հավաքվում են հուշարձանի մոտ, սգո սեղան գցում, հիշում սպանված ու գերեզման չունեցող հարազատներին:

Մարաղան Մարտակերտի մի քանի այլ բնակավայրերի հետ մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Գյուղն ունեցել է շուրջ 4.000 բնակիչ: Այսօր Նոր Մարաղայում (նախկինում` Աղդամի շրջանի Կըզըլ Կենգերլի) հաստատվել են նրանցից մի քանի հարյուրը, մյուսները ցիրուցան են եղել տարբեր երկրներում, հիմնականում` Ռուսաստանում:

2005թ. փետրվարի 2-ին ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը մի քանի ժամ անցկացրեց Նոր Մարաղայում: Գյուղապետ Ռոմա Կարապետյանը առաքելության ղեկավար, գերմանուհի Էմիլի Հաբերին ասաց, որ եթե ադրբեջանցիներն ազատեն իրենց գյուղը, ապա բոլոր մարաղացիները կվերադառնան: «Մեր գյուղերը ե՞րբ են ազատագրվելու, դրան ենք սպասում, գնանք մեր տներում ապրենք: Որեւէ միջազգային կազմակերպություն չի այցելել, չի հետաքրքրվել մեզանով: Ինչո՞ւ են ադրբեջանցի փախստականներին օգնում, մեզ` ոչ»,- բողոքեց գյուղապետը տիկին Հաբերին:

Սակայն փաստահավաք խումբը Նոր Մարաղա էր ժամանել բացարձակապես այլ նպատակով: Ադրբեջանը կարողացել էր հասնել նրան, որ միջազգային փաստահավաք խումբ ժամանի ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններ և պարզի` Հայաստանն ու ԼՂ-ն այդ տարածքներում բնակեցման և յուրացման քաղաքականություն վարո՞ւմ են, թե՞ ոչ: Թեև տիկին Հաբերը գյուղապետ Կարապետյանին ասել էր, որ կանեն հնարավորը` օգնելու մարդկանց, բայց ակնհայտ էր, որ նրանց այնքան էլ չէր հետաքրքրում, որ, օրինակ, 52-ամյա Աիդա Երեմյանը տուն ու տեղը, պտղատու այգին թողել է շփման գծի այն կողմում:

Կյանքի 70-րդ տասնամյակը մտած Զոյա Սարգսյանը կորցրել է երեք երիտասարդ որդիներին, նրանցից կրտսերն անհետ կորած է: Սպանված որդիների կանայք երեխաների հետ հեռացել են Ռուսաստան, իսկ տիկին Զոյան ապրում է թոռների նկարներով ու հեռախոսազանգերով: 57-ամյա Էլմիրա Սահակյանը կորցրել է 21-ամյա տղային, ամուսնուն և վերջինիս հորը: Տիկին Էլմիրան բնակություն է հաստատել Նոր Մարաղայում որդու և դստեր հետ: Ընտանիքը կերակրում է պատերազմի ժամանակ վիրավորված որդին:

82-ամյա Ռոզա Ավանեսյանն այսպես է նկարագրում գաղթը Մարաղայից. «Մի վերմակ ու մի բարձ ենք կարողացել վերցնել փոքր երեխային փաթաթելու համար: Երկհարկանի տունը, կուրծք արած հղի կովերը թողել եմ այնտեղ: Մարմինս դողում է, չեմ կարող պատմել: Հարայ-հրոցով, ճիչով-լացով ճանապարհ ընկանք»:

Նոր Մարաղայում յուրաքանչյուր ընտանիք մի դժբախտ պատմություն է: Մարաղան անբուժելի վերք է ղարաբաղյան պատերազմից. գյուղը մի քանի անգամ անցել է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, 1992թ. ապրիլի 10-ից մինչև այսօր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն անցնում է Մարաղայով: Սպանվել է շուրջ վեց տասնյակ խաղաղ բնակիչ, պատանդ տարվել մի քանի տասնյակը, որոնց մի մասի ճակատագիրը մինչև այսօր անհայտ է:

Հավելված. 1992 թ. ապրիլի 10-ին ադրբեջանական կանոնավոր բանակի ստորաբաժանումների կողմից Մարաղայում սպանված հայ բնակիչների ցուցակ

1. Ալահվերդյան Արմեն – 1960թ.                40.  Մովսիսյան Բախշի- 1928թ.

2. Ալահվերդյան Վալերիկ                           41. Մսերյան Ծովիկ –

3. Ալեքսանյան Արարատ -1957թ.               42. Մսերյան Շուրա- 1939թ.

4. Ալեքսանյան Հրանտ – 1934թ.                 43. Մսերյան Վարյա -1937թ.

5. Անանյան Մարիա – 1927թ.                     44. Պապիկյան Օլենկա – 1905թ.

6. Անանյան Ռուբեն – 1936թ.                      45. Սահակյան Յուրա –

7. Ալեքսանյան Լևոն – 1972թ.                     46. Սաղյան Կամո

8. Ավետիսյան Լենա – 1940թ.                     47. Սարգսյան Գագիկ –

9. Բադալյան Էդիկ – 1931թ.                       48. Սարգսյան Միշա – 1960թ.

10. Բադալյան Սերյոժա – 1927թ.                49. Սարգսյան Վալերի

11. Բադալյան Օֆիկ – 1939թ.                  50. Սիմոնյան (Բաբայան) Սաշա – 1912

12. Բաղրյան Կիմա – 1964թ.                      51. Սողոմոնյան Հայկազ –

13. Բայրամյան Իզաբելա – 1925թ.            52. Ստեփանյան Նորա- 1951թ.

14. Բարսեղյան Գուրգեն – 1926թ.              53. Վարդանյան Բորիկ – 1931թ.

15. Բարսեղյան Ռոզա – 1920թ.                  54. Վարդանյան Զարյա – 1930թ.

16. Գաբրիելյան Երվանդ – 1911թ.              55. Վարդանյան Կարո

17. Գաբրիելյան Միշա – 1947թ.                  56. Օհանյան Բագրատ – 1915թ.

18. Գալստյան Անդրանիկ –                        57. Օհանյան Մարուսյա – 1928թ.

19. Գրիգորյան Թամարա – 1912թ.

20. Զաքարյան Թամարա – 1921թ.

21. Իլյասյան Անուշ- 1903թ.

22. Լալայան Ասյա- 1935 թ.

23. Խաճատրյան Լավրենտ –

24. Խաչատրյան Վարդան – 1963թ.

25. Հակոբյան (Անտոնյան) Մասյա – 1928թ.

26. Հակոբյան Ռուբեն – 1925թ.

27. Հայրապետյան Սեդա – 1926թ.

28. Հայրապետյան (Կարապետյան) Վարդանուշ – 1922 թ.

29. Հայրապետյան Փառանձեմ – 1919թ.

30. Հարությունյան Աննա -1910թ.

31. Հովակիմյան Ալիկ- 1950թ.

32. Հովակիմյան Երվանդ – 1909թ.

33. Հովսեփյան Հերսիլյա – 1905թ.

34. Հովսեփյան Ռիմա -1936 թ.

35. Հովսեփյան Վիգեն – 1937 թ.

36. Մարկոսյան Անահիտ – 1915թ.

37. Մարտիրոսյան Ժորա- 1926թ.

38. Մելքումյան Զարվարդ – 1922թ.

39. Մինասյան Վարդան –