Կլինի՞ արդյոք Երևանի տրանսպորտը մատչելի բոլորի՛ համար

Երբ առաջին անգամ այցելում եմ եվրոպական որևէ քաղաք, միշտ փորձում եմ համեմատություններ անել Երևանի հետ։ Որոշ բաներ ինձ շատ են դուր գալիս, կան նաև բազմաթիվ իրողություններ, որոնք անընդունելի են ինձ համար։ Բայց կա մի ոլորտ, որտեղ բոլոր համեմատությունները, դժբախտաբար, մեր մայրաքաղաքի օգտին չեն։

Դա հասարակական տրանսպորտն է․ հստակ տեղեկատվություն տրանսպորտային միջոցի աշխատանքի ժամերի և կոնկրետ փոխադրամիջոցի ժամանման մասին, հարմարավետ ավտոբուսներ, տրամվայներ և մետրոյի գնացքներ, տրանսպորտային ցանցի զարգացածություն… ինձ համար ամենակարևորը` հասարակական տրանսպորտի ֆիզիկական մատչելիությունը սայլակ օգտագործող և այլ տեսակի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։

Ընդ որում, վերջին տարիներին արտադրված տրանսպորտային միջոցներն ի սկզբանե հարմար են բոլոր ուղևորների, այդ թվում՝ հաշմանդամների համար։ Իսկ համեմատաբար հին շարժակազմի (օրինակ՝ որոշ քաղաքներում երկար տարիներ գործող մետրոպոլիտենի) դեպքում, ըստ անհրաժեշտության, գործում է սայլակ օգտագործող հաշմանդամներին ֆիզիկական օգնություն տրամադրելու արդյունավետ համակարգը։ Անվճար օգնություն կարելի է պատվիրել առցանց կամ հեռախոսով, և նշված ժամին տվյալ վայրում հայտնվում են վարժ օգնականներ՝ զինված շարժական թեքահարթակով կամ այլ օժանդակ սարքավորումով։ Այս ամենը բնորոշ է եվրոպական ցանկացած քաղաքի։ Ինձ մնում էր միայն երազել, թե երբ ենք նման համակարգ ունենալու մեր սիրելի մայրաքաղաքում։

Գոնե մասամբ, երազանքս կարող է իրականացվել մոտ ապագայում։

Երևան քաղաքի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբին անդամակցել եմ խմբի ստեղծման առաջին օրվանից։ Ինտենսիվ աշխատեցինք մի քանի տարի՝ ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս քաղաքային իշխանության օրոք։ Չլինելով տրանսպորտային ոլորտի մասնագետ՝ մասնակցում էի խմբի աշխատանքին մեկ առաքելությամբ՝ առաջ քաշել Երևանի քաղաքային տրանսպորտի՝ հաշմանդամների համար մատչելիության գաղափարը։ Կարծես, հիմնականում ստացվեց։

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի շահագործման և սպասարկման չափորոշիչների մեջ առկա են հետևյալ կարևորագույն կետերը.

– բացառապես նոր և ցածրահատակ ավտոբուսներ,
– կանգառների ազդարարման համակարգի առկայություն,
– անվասայլակների վերելակային համակարգով կամ թեքահարթակով համալրվածություն,
– հաշմանդամների անվասայլակների կամ մանկասայլակների համար հատուկ տեղեր։

Այս չափորոշիչներն իրագործելու դեպքում նոր ավտոբուսները մատչելի կլինեն սայլակ օգտագործող հաշմանդամներին, ինչպես նաև այլ սակավաշարժ մարդկանց (շնորհիվ ցածրահատակ ավտոբուսների) և չտեսնող ուղևորներին (շնորհիվ ազդարարման համակարգերի)։

Չմոռանանք համընդհանուր սկզբունքը. այն, ինչը հարմար է հաշմանդամություն ունեցող անձանց, հարմար է բոլորին։ Օրինակ՝ վերջապես մանկասայլակով երեխաների հետ մարդիկ հնարավորություն կստանան օգտվել հասարակական տրանսպորտից։

Տրանսպորտային նոր ցանցում գործելու է տեղփոխի սկզբունքը։ Այսինքն՝ որոշ դեպքերում մի կետից մյուս կետը տեղափոխվելու համար ուղևորը մի քանի երթուղուց կօգտվի։ Լավ մտածված և պլանավորված, հստակ չվացուցակով գործող ցանցի դեպքում դա որևէ անհարմարություն չի պատճառի ուղևորներին։ Սակայն այս հանգամանքը կարող է խնդիրներ առաջացնել սայլակ օգտագործող անձանց համար։

Ցավոք, չնայած որդեգրվել է միասնական տրանսպորտային ցանցի ստեղծման և շահագործման սկզբունքը, վերոնշյալ չափորոշիչները չեն վերաբերում էլեկտրական տրանսպորտին։ Չի հստակեցվում՝ արդյոք տրոլեյբուսները ևս մատչելի կլինեն։ Իսկ մետրոն ակնհայտորեն կմնա ամենաանմատչելի տրանսպորտը սայլակ օգտագործող մարդկանց համար։ Դա նշանակում է, որ եթե հաշմանդամը ցանկանա երթևեկել մի այնպիսի երթուղով, որը ենթադրում է տեղփոխ ավտոբուսից մետրո, նա հարմարավետ ավտոբուսից հետո տեղփոխ կատարելիս բախվելու է մետրոյի անմատչելիության խնդրին։

Բոլոր դեպքերում, նույնիսկ այսպիսի՝ մասամբ մատչելի տրանսպորտային ցանցի ներմուծումը շեշտակիորեն կբարձրացնի հաշմանդամություն ունեցող անձանց անկախության մակարդակը և կյանքի որակը։ Իսկ բոլորիս վերջնանպատակը պետք է լինի լիովին՝ առանց բացառությունների, մատչելի հասարակական տրանսպորտի առկայությունը։

Արմեն Ալավերդյան, «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել