Հայերը Բաքվի նահանգում

Հայերը Բաքվի նահանգում և համանուն քաղաքում երեք անգամ ենթարկվել են բռնությունների ու ջարդերի. 1905-06 թվականին, երբ Բաքուն Ռոմանովների Ռուսաստանի մաս էր, 1918-ի սեպտեմբերին, երբ դառնում էր նորանկախ Ադրբեջանի մայրաքաղաք և, վերջին անգամ, 1990-ի հունվարին՝ Խորհրդային Միության մայրամուտին:

Որպես քաղաք, Բաքուն հին չէ: Այսպես, 1850-ական թթ Բաքուն ուներ մոտ 7 հազար բնակչություն և որևէ նշանակություն չուներ ցարական Ռուսաստանի, անգամ Անդրկովկասի կյանքում: 1859-ին տեղի ունեցած երկրաշարժը ավերեց նահանգային կենտրոն Շամախին, ինչը ցարական իշխանություններին ստիպեց Շամախիի նահանգի նոր վարչական կենտրոն հռչակել Բաքու բնակավայրը Կասպիցի ափին:

Երբ 1828-ին ռուսները ավարտեցին ամբողջ Անդրկովկասի գրավումը պարսիկներից, նրանք Արաքս գետի, Կովկասյան լեռների ու Սև ծովի միջև ընկած տարածքը բաժանեցին երեք հիմնական նահանգների՝ Վրացական, Կասպյան և Հայկական: Ինչպես նկատում եք, միայն Կասպյան նահանգն էր, որ չէր ասոցացվում ազգանվան հետ:

Արխիվային տվյալների համաձայն, մոտ 200 տարի առաջ՝ 1820-ական թվականներին, Բաքու գյուղում հայերի թիվը կազմել է 277 հոգի կամ շուրջ 50 տուն:

Կասպյան նահանգը տարածքով մոտավորապես համապատասխանելու էր Խորհրդային Ադրբեջանին: Հայկական Զանգեզուրը ևս մաս էր կազմում Կասպյան նահանգի, իսկ ժամանակակից Ադրբեջանի հյուսիս-արևմտյան մի շարք շրջաններ՝ Ղազախ, Թովուզ, Աղստաֆա, Գետաբեկ, Գյանջա, մաս էին կազմում Վրացական նահանգի:

1840 թվականի նոր վարչական բաժանման արդյունքում Կասպյան նահանգի տարածքը զգալիորեն մեծացավ, քանի որ նրան կցվեց Դաղստանի մի մասը: Հինգ տարի անց՝ 1845-ին, ռուսները նոր բաժանում կատարեցին՝ վերացնելով Կասպյան նահանգը: Նրա տեղում ստեղծվեց Շամախիի նահանգը, որը տարածքով համապատասխանում էր 1828-ի Կասպյան նահանգին: Դաղստանի մասը առանձնացավ և ստացավ Դերբենդի նահանգ անունը: Հայկական Զանգեզուրը և Ղարաբաղը մտնում էին Կասպյան, ապա Շամախիի նահանգի վարչական կազմ:

1868-ին Շամախիի նահանգը բաժանվեց երկու մասի՝ Բաքվի և Ելիզավետպոլի նահանգների:

Շամախիի ավերիչ երկրաշարժից հետո Հայ առաքելական եկեղեցու թեմը ևս տեղափոխվեց Բաքու:

Բաքուն սկսեց արագ կերպով ընդարձակվել ոչ միայն նահանգային կենտրոն դառնալու, այլ հայտնաբերված նավթի շնորհիվ: Հազարավոր հայեր Ապշերոն էին շտապում՝ լքելով Արցախի ու Զանգեզուրի հայկական գյուղերը:

1886 թվականին Բաքուն արդեն դարձել էր Անդրկովկասի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ զիջելով միայն Թիֆլիսին: Քաղաքի 86 611 բնակիչներից հայեր էին 24 490-ը, ռուսներ՝ 21 390-ը: Թաթարները մեծամասնություն էին կազմում՝ մոտ 43 տոկոսը: Այս ժամանակներից սկսած հայ նավթարդյունաբերողները հեքիաթային հարստություն դիզեցին, իսկ Ալեքսանդր Մանթաշովը դարձավ պատմության մեջ առաջին նավթարդյունահանողը, ով կառուցեց խողովակաշար նավթատար՝ Բաքու-Բաթումը:

1905-07 թվականներին ամբողջ Անդրկովկասի տարածքում բռնկվեցին հայ-թաթարական բախումներ, որոնք ուղեկցվում էին արյունալի ջարդերով: Երկու վայրում՝ Բաքվում և Նախիջևանում, առավելապես տուժեցին հայերը, իսկ Շուշիում և Երևանում՝ թաթարները:

1918 թվականի նախօրեին, երբ հռչակվեցին Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, Անդրկովկասը, որպես Ռոմանովների Ռուսաստանի ծայրամաս, բաժանված էր 9 վարչատարածքային միավորների՝ 5 նահանգ (губерния – Երևան, Ելիզավետպոլ, Բաքու, Թիֆլիս և Քութայիս), 3 մարզ (область – Կարս, Բաթում և Դաղստան) և 1 շրջան (округ – Զաքաթալ, այսօր Ադրբեջանի մաս է կազմում, հիմնականում բնակեցված էր մուսուլման վրացիներով՝ սաինգիլոներով, ինչպես նաև՝ կովկասյան ժողովուրդներով և թաթարներով):

Ադրբեջանի առաջին մայրաքաղաք դարձավ Ելիզավետպոլը՝ Գյանջան կամ Գանձակը, քանի որ 1918-ին Բաքուն՝ Ադրբեջանի երկրորդ մայրաքաղաքը, գտնվում էր Ստեփան Շահումյանի և Բաքվի կոմունայի գրավման տակ: Սեպտեմբերի կեսերին թուրքական ուժերի հետ կովկասյան թաթարները՝ ադրբեջանցիները, Շահումյանից գրավեցին Բաքուն՝ քաղաքում կոտորելով շուրջ 10 հազար հայերի: Սա Բաքվում հայերի երկրորդ ջարդն էր:

1918-ի նախօրեին Բաքվի նահանգը բաժանված էր 6 նահանգների՝ հյուսիսից հարավ՝ Ղուբա, Շեմախի, Բաքու, Գյոքչայ, Ջեվադ և Լենքորան:

Ցարական Ռուսաստանի առաջին և վերջին՝ 1897 թվականի մարդահամար տվյալներով, Բաքվի նահանգն ուներ շուրջ 183 հազար բնակչություն, որից հայերի թիվը 22 583 էր: Թաթարները կազմում էին մեծամասնություն՝ ավելի քան 63 հազար, երկրորդը ռուսներն էին՝ շուրջ 46 հազար: Բաքու քաղաքում 1897-ին հայերի թիվը 19,099 էր:

Ուշադրություն դարձրեք, որ նույն 1897-ին Երևանում հայերի թիվը 12.529 էր:

Բաքվից հետո նահանգի հայահոծ երկրորդ գավառը Շամախին էր՝ 14.283 հոգի: Այստեղ մեծ թիվ էին կազմում նաև ռուսները՝ ավելի քան 11 հազար: Շամախիում և Բաքվի նահանգի բոլոր վեց գավառներում մեծամասնություն կազմում էին թաթարները:

Նահանգի հայահոծ երրորդ գավառը Գյոքչայն էր՝ 12 994 հոգի:

Ղուբայում, որը սահմանակից էր Դաղստանին, հայերի թիվը 1 191 էր, Ջեվադում՝ 699, իսկ Լենքորանում՝ 483:

Այստեղ կարևոր է նշել, որ 1897 թվականի մարդահամարը իսլամ անվան տակ ներառում էր և՛ թաթարներին, և մյուս մուսուլման ժողովուրդներին: Այսպես, Ղուբայի նահանգում հոծ էր ավար և կովկասյան մյուս ազգություններով բնակչությունը, իսկ Լենքորանում մեծամասնություն էին կազմում թալիշները, որոնք իրանախոս են, ինչպես այսօր:

Ամբողջ Բաքվի նահանգում բնակչության թիվը շուրջ 827 հազար էր, որից հայերի թիվը 52 233 էր:

Չնայած 1918 թվականի Բաքվի հայկական կոտորածների, որին զոհ գնաց մոտ 10 հազար մարդ, Ապշերոնում Խորհրդային Ադրբեջանի տարիներին հայության թիվը աճում էր՝ կրկին հիմնականում Արցախի և Զանգեզուրի բնակչության հաշվին: 1970 թվականի ԽՍՀՄ մարդահամարի համաձայն, Բաքվում հայերի թիվը անցնում էր 207 հազարը:

1990 թվականի հունվարին կազմակերպված ջարդերից հետո Բաքուն զրկվեց հայ բնակչությունից:

Բաքվի հայության կյանքում առանցքային է եղել Հայ առաքելական եկեցեցու Շամախի/Բաքվի թեմը և մասնավորապես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որ մինչև հիմա էլ կանգուն է: Ցարական շրջանում այս եկեղեցի և թեմ այց են տվել Ամենայն Հայոց կաթողիկոսներ Մակար Ա Թեղուտցին (Տեր-Պետրոսյան) և Մկրտիչ Ա Վանեցին (Խրիմյան Հայրիկ):

2010 թվականի ապրիլին Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որը գրապահոցի է վերածվել, շարական ու աղոթք հնչեցրին Ամենայն Հայոց հայրապետ Գարեգին Բ-ն ու նրան ուղեկցող հայ հոգևորականները: Ամենայն Հայոց կաթողիկոսը Ադրբեջանի մայրաքաղաքում մասնակցում էր ԱՊՀ-ի միջկրոնական խորհրդի նախաձեռնությամբ գումարված հոգեւոր առաջնորդների գագաթնաժողովին:

Թաթուլ Հակոբյան

Նկարում՝ Բաքվի հայկական եկեղեցին (աջից), Լուսանկարը՝ Wikipedia-ից

Մեկնաբանել