Մեր բաժնեմասը չենք վաճառելու և նպատակ ունենք գնել «Յուքոմի» 94 տոկոսը. Հայկ Եսայան

Հեռահաղորդակցության օպերատոր «Յուքոմի» (UCOM) հիմնադիր Հայկ Եսայանը յութուբյան տեսաուղերձ է հղել ընկերության աշխատակիցներին՝ անդրադառնալով ընկերությունում ստեղծված վիճակին։

Նա խոսում է «Յուքոմի» հիմնադրման, դրանում իր և եղբոր մասնակցության մասին։ Անդրադառնալով ընկերության բաժնետերերի հետ հակասություններին՝ Եսայանն ասում է, որ կան լուրջ խնդիրներ. «Տարաձայնություններ կան ընկերության ռազմավարության, տեսլականի շուրջ և մեկ տարի փորձում եմ իմ տեսլականը բացատրել բաժնետերերին և այդ ուղով տանել։ Ցավոք, դա լավ չի ստացվել ու չեմ կարողացել, կա մոտեցումների տարբերություն։ Ես գնացի հրաժարականի դիմումով, դա խնդիր չէ ու միգուցե բացում է նոր դռներ բոլորիս համար»։

Նրա խոսքով՝ մեկ ամիս առաջ իրենք դիմել են բաժնետերերին՝ իրենց բաժնեմասերը վաճառելու համար և ստացել են դրական պատասխան, սակայն վաճառքի համար անհրաժեշտ ֆինանսների հայթայթումից հետո մյուս բաժնետերերը արդեն բացասական են արձագանքել այս գործարքին, ինչը Եսայանը վիրավորական է համարում. «Մենք այդ պարագայում հասկացանք, որ երևի ավելի լավ է մենք վաճառենք մեր բաժնեմասն ու ստեղծենք ավելի լավը։ Հետո հասկացա, որ էս ի՞նչ ենք անում, ի՞նչ վաճառել։ Հիմա հասկանում եմ, որ մեր մասնաբաժինը չի կարող վաճառվել։ Մենք մեր բաժնեմասը պահելու ենք այնքան, քանի մեր տեսլականը կա, դուք կաք»։ 

«Յուքոմի» արդեն նախկին տնօրենը տեսանյութում նշում է, որ նպատակ ունեն գնելու «Յուքոմի» բաժնետոմսերի 96 տոկոսը։ Անդրադառնալով խնդրին, թե որտեղից իրենց գումար՝ այդ բաժնետոմսերը գնելու համար, Եսայանը նշում է, որ ներգրավելու են վարկային միջոցներ, թողարկելու են պարտատոմսեր։ Նա նշեց նաև, որ ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը հատկացվելու է աշխատակիցներին։

Ըստ Եսայանի՝ արդեն մեկ տարի է՝ բաժnետերերն իրենց ճնշում են, որ գնան ընկերությունում աշխատավարձերի կրճատման՝ 10-15 տոկոսով, և իրենք այդ քայլին չեն գնացել։ Եսայանի խոսքով՝ այս օրերին որոշ աշխատակիցների առաջարկ է եղել աշխատավարձերը կրկնապատկելու։ Նա ասում է, որ եթե նման հնարավորություն լիներ, ապա ինքը վստահաբար դա կաներ իր տնօրինության ժամանակ։