Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարելի է ստանալ մեկուկես տարում․ Բիլ Գեյթս

Ամերիկացի միլիարդատեր և բարերար Բիլ Գեյթսը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել մեկուկես տարի անց, սակայն դեղամիջոցի զանգվածային արտադրության համար աշխարհը, հնարավոր է, ստիպված լինի մեղմել անվտանգության ստուգման սովորական ընթացակարգերը:

 «Փոխզիջումներ կպահանջվեն,- ասել է Գեյթսը։- Մենք ավելի քիչ անվտանգության ստուգումներ կունենանք սովորական իրավիճակի համեմատ։ Բացի այդ, կառավարությունները պետք է որոշեն, թե արդյոք պետք է ազատել ընկերության պարտավորություններից և ասել նրանց՝ «ի գործ՝ պայմաններում, երբ մենք պարզապես ժամանակ չունենք ամեն ինչ անել սովորական կանոններով անելու համար»:

Մարտի կեսերին BBC-ի առողջապահական թղթակից Ջեյմս Գալահերը հայտնել էր, որ գիտնականներն արդեն մշակել են Covid-19-ի դեմ պատվաստանյութի արդեն մի քանի տարբերակ և այժմ դրանք փորձարկում են կենդանիների վրա: Եթե թեստերը հաջողությամբ անցնեն, հաջորդ փուլը՝ մարդկանց վրա փորձարկումները, կարող են սկսվել արդեն այս տարի։

Գիտնականների ջանքերը բարդացնում է այն փաստը, որ աշխարհում կարող են գոյություն ունենալ կորոնավիրուսի միանգամից մի քանի տեսակներ:

Մինչդեռ կորոնավիրուսի դեմ պայքարի գծով բրիտանացի առաջատար գիտնական, Wellcome Trust ընկերության ներկայացուցիչ Ջերեմի Ֆարարը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատվաստանյութի մշակումը կբարդանա նաև նրանով, որ արդեն Covid-19-ով վարակված որոշ մարդկանց անալիզները երկրորդ անգամ ցույց են տալիս վիրուսի ներկայությունը:

Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել Հարավային Կորեայում գրեթե 100 հիվանդների հետ, և գիտնականները դեռ չեն հասկանում՝ արդյոք դա նշանակում է, որ վիրուսը մնում է ակտիվ արյան մեջ, թե այդ մարդիկ նորից են վարակվում:

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամը  Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակումը ֆինանսավորողների թվում է: Գեյթսի խոսքով՝ միայն պատվաստումը թույլ կտա վերադառնալ Covid-19 համավարակից առաջ գոյություն ունեցած կենսակերպին:

Վատ գնահատականներ

Բիլ Գեյթսը, որը դեռ վաղուց նախազգուշացրել էր հնարավոր գլոբալ համաճարակի մասին, ասել է, որ նոր պատվաստանյութի մշակման համար բավարար միջոցներ չեն հատկացվում։ Ըստ նրա՝ թեև նոր կորոնավիրուսի դեմ պայքարը համեմատում են պատերազմի հետ, սակայն անվտանգության վրա այսօր ծախսում են շատ ավելի էական գումարներ:

«Կար ժամանակաշրջան, երբ ես և բժշկության ոլորտի փորձագետներն ասում էին, որ պանդեմիան կարող է լինել խոշորագույն աղետը, որի հետ երբևէ բախվել է մարդկությունը,- ասել է Գեյթսը BBC-ին:- Դեռ 2015-ին ես խոսել եմ այդ սպառնալիքի մասին՝ ելույթ ունենալով Նոր Անգլիայում [շրջան ԱՄՆ հյուսիս-արևելքում – խմբ․]։ Այնպես որ, անկասկած, մենք բոլորս կնայենք անցյալին և կզղջանք, որ բավականաչափ միջոցներ չենք ներդրել, որպեսզի կարողանանք հնարավորինս սեղմ ժամկետներում ախտորոշել, որպեսզի ունենանք անհրաժեշտ դեղամիջոցներ, պատվաստանյութեր և սարքավորումներ»։

«Համաճարակներից պաշտպանությունը մեր բոլոր կողմից եղել է թերֆինանսավորված։ Այո՛, մենք ստեղծել ենք Կոալիցիա համաճարակի պատրաստվածության նորարարության համար (Coalition for Epidemic Preparedness Innovations – CEPI), որն օգնեց նոր պատվաստանյութերի մշակմանը: Բայց դա ընդամենը 5 տոկոսն է, ինչ մենք կարող էինք անել»,- ասել է Գեյթսը ։

«Ժամանակի ընթացքում մենք կնյաենք այս ամենին, ու շատ քիչ երկրներ կստանան «գերազանց» գնահատական, քանի որ մեծամասնությունը պարզապես փորձում է արձագանքել տեղի ունեցողին, մենք դրան պատրաստ չէինք։ Ոչ ոք դրան չի պատրաստվել, չի փորձել մտածել այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Արդյունքում առողջապահության կազմակերպման ու տնտեսական քաղաքականության հարցում մենք հայտնվեցինք անճար վիճակում»։

Մարտի կեսերին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում սկսվել են կամավորների վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումները: Այս պատվաստանյութի մշակումը ֆինանսավորում է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը։

Սակայն փորձագետները նաև կանխատեսել են, որ նույնիսկ եթե այդ փորձարկումները հաջող անցնեն, մինչև այն պահը, երբ պատվաստանյութը հանրամատչելի դառնա, կարող է անցնել ևս մեկուկես տարի:

Մարիա Եղիազարյան