Արտակարգ և տարօրինակ ընտրություն Արցախում

Անդրկովկասում և աշխարհում դժվար է հիշել մի ընտրություն, երբ երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուն բոյկոտում է դրանք: Արտգործնախարար Մասիս Մայիլյանը, որն Արցախում մարտի 31-ին կայացած ընտրությունների առաջին փուլում ստացել էր քվեների 26,4 տոկոսը, քաղաքացիներին կոչ է արել «նոր կորոնավիրուսի համավարակի՝ գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը»:

Մայիլյան ազգանունը, սակայն, լինելու է վաղը՝ ապրիլի 14-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլի քվեաթերթիկում: Մյուս թեկնածուն նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն է, որին առաջին փուլում հաղթելու համար չբավարարեց մի քանի հարյուր քվե միայն: Նա ստացավ 49,2 տոկոս ձայն:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջին փուլում տեղ գտած ընտրախախտումները վերջնարդյունքի վրա չեն ազդել։ Նա ընգծեց, որ Արցախի խորհրդարանում երկրորդ և երրորդ տեղերում հայտնվել են ընդդիմադիր ուժեր, իսկ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին չի բավականացրել ընդամենը մի քանի հարյուր ձայն. «Եթե ընտրությունները կեղծված լինեին, ապա ի՞նչն էր խանգարում, որ այդ մի քանի հարյուր ձայնը ևս կեղծեին: Եթե ընտրությունները կեղծվեին, ապա ինչպե՞ս եք պատկերացնում, որ կոշտ ընդդիմությունը հայտնվեր երկրորդ և երրորդ տեղերում»:

Մասիս Մայիլյանը հայտարարել է, որ «ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից», և միայն ի գիտություն է ընդունում քվեարկությունից հետո Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տեղեկատվությունը և «հայաստանյան դիտորդական առաքելության գնահատականները»։

Այդ գնահատականները, մեղմ ասած, կոշտ էին: Հայաստանի կառավարության կողմից ֆինանսավորված երկու դիտորդական առաքելությունները քննադատական տեքստեր են հրապարակել: «Արցախում ընտրակեղծիք անողներն ու պարտակողները ոչ միայն ժողովրդավարության դեմ են հանցագործություն գործում, այլև Արցախի ճանաչման ու միջազգային լեգիտիմություն ձեռք բերելու գործին են լուրջ հարված հասցնում»,- գրել է Դանիել Իոաննիսյանը: Նրա ղեկավարած Իրազեկ քաղաքացիների միավորումը ամենաընդգրկուն դիտորդական առաքելությունն էր իրականացնում:

Իոաննիսյանը կոշտ քննադատություն էր հնչեցրել նաև Արցախի ոստիկանության հասցեին՝ մեղադրելով «սուտ տարածելով սեփական հանցագործությունը կոծկելու» մեջ: Նա նաև անուղղակի քննադատել է Հայաստանի վարչապետին. «Ես հեղափոխության հետ եմ: Հեղափոխության արժեքների՝ ժողովրդավարության ու կոռուպցիայի մերժման հետ եմ: Երբ Հայաստանի կամ Արցախի կառավարությունը, կամ Նիկոլ Փաշինյանը, փորձում են ժողովրդավարության, մարդու իրավունքների համար կամ կոռուպցիայի դեմ որևէ բան անել, ապա բոլոր առումներով ունեն մեր աջակցությունը: Բայց երբ անում են հակառակը, արժանանում են մեր քննադատությանը ու հակազդեցությանը»:

Հայաստանում ապրիլի 5-ի հանրաքվեն հետաձգվեց կորոնավիրուսի վտանգի պատճառով: Նույն վտանգի պատճառով Արցախի ընտրությունները չհետաձգվեցին, ինչը շատերին, այդ թվում՝ Փաշինյանի որոշ կողմնակիցների, հիասթափություն պատճառեցին: Հայաստանի վարչապետը 2018-ի ապրիլյան հեղափոխությունից հետո չէր կորցրել այնքան գիտակից ու մտածող համակիրների, որքան Արցախի համապետական ընտրությունների ընթացքում:

Հայաստանի նախկին իշխանությունները ևս դա հասկանում են, այդ պատճառով լռում են, թե ինչ է կատարվում Արցախում: Կարևորը՝ Փաշինյանը շարունակի կորցնել համակիրների և համաժողովրդական աջակցությունն ու համակրանքը

«Բանականությունն ու պետական մտածողությունը պարտվեցին քաղաքական նպատակահարմարությանը, ինչը մեր համոզմամբ կարմիր գիծ անցնել է: Արցախում արտակարգ իրավիճակ հայտարարվեց, որն այնուամենայնիվ թույլ է տալու ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը: Ընտրությունները հետաձգելու իմ ու մի քանի ընկերների տևական ջանքերն ապարդյուն անցան»,- գրել է վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը:

Ապրիլի 12-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը մեկ ամիս ժամկետով արտակարգ իրավիճակ մտցնելու հրամանագիր է ստորագրել, որով արգելվում են հավաքները, սակայն դա չի վերաբերելու ընտրությունների երկրորդ փուլի անցկացմանը:

Այսինքն, արտակարգ դրությունը վերաբերելու է ամեն ինչի, բացի ամենաարտակարգ և զանգվածային միջոցառմանը՝ երկրորդ փուլին:

 «Մեր ժողովրդի իմաստնության, կարգապահության և քաղաքացիական բարձր պատասխանատվության շնորհիվ կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները, միաժամանակ օրենքով սահմանված կարգով անցկացնել մեր երկրի համար այս կարևորագույն համապետական միջոցառումը, ինչպիսին է Արցախի նախագահի ընտրությունը՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բնակչության առողջության պահպանման ուղղությամբ»,- ասել է Սահակյանը:

Երեկ երեկոյան Արայիկ Հարությունյանը Արցախի հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց. «Մեր առօրյա շփումները, առօրյա կյանքը ավելի վտանգված է վարակվելու առումով, քան ընտրությունները, որտեղ պահպանվում են կանոնները»։ Այդուհանդերձ, նա տարեցներին, առողջական խնդիրներ ունեցողներին կոչ արեց չմասնակցել քվեարկությանը. «Իհարկե, դա նրանց ընտրելու իրավունքն է, բայց կոչ եմ անում ռիսկի տակ չդնել նրանց առողջությունը»։

Ինչպես ընտրությունների առաջին, այնպես էլ երկրորդ փուլում Մասիս Մայիլյանը չմասնակցեց հեռուստատեսային բանավեճին:

Արցախի Սահմանադրությունը թույլ է տալիս արտակարգ իրավիճակի պայմաններում անցկացնել ընտրություններ: Ընդ որում, հստակ տարբերակում է մտցված արտակարգ իրավիճակի և արտակարգ դրության միջև:

Սահմանադրության 132-րդ հոդվածը վերաբերում է արտակարգ դրությանը, այն է՝ Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպ­քում նախագահը հայտարարում է արտակարգ դրություն, դրա իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնու­թյամբ:

133-րդ հոդվածը վերաբերում է արտակարգ իրավիճակին, որը մտցվում է նախագահի հրամանագրով. «Տարերային աղետի բնույթ ունեցող բնական կամ տեխնածին աղետների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման նպատակով Հանրապետության նախագահը կարող է Արցախի Հանրապետության ողջ տարածքում կամ դրա մի մասում որոշակի ժամկետով մտցնել արտակարգ իրավիճակի ռեժիմ»:

Մարտի 31-ի ընտրությունների առաջին փուլում մասնակցությունը շատ բարձր էր՝ շուրջ 73 տոկոս: Երկրորդ փուլում նման ակտիվություն չի լինի, քանի որ երկրորդ փուլ դուրս եկած թեկնածուն բոյկոտում է ընտրությունը և քաղաքացիներին հորդորում մնալ տանը՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման վտանգով: Բացի այդ, իր ընտրողներին դուրս բերելու խնդիր, ի տարբերություն առաջին փուլի, այլևս չունի նաև Արայիկ Հարությունյանը, քանի որ նրա տեխնիկական հաղթանակը երաշխավորված է:

Ապրիլի 14-ին Արցախում կայանալու է արտակարգ և տարօրինակ ընտրություն:

Անկասկած, Արայիկ Հարությունյանը, նրա թիկունքին կանգնած Արցախի և Հայաստանի իշխանությունները կցանկանային, որ ընտրությունները և հատկապես երկրորդ փուլը նման իրավիճակում չկայանար, որովհետև Հարությունյանի ընտրությունը ստվերվում է:

Մյուս կողմից, պետք է փաստենք, որ Արցախի անկախության պատմության մեջ կայացան առաջին մրցակցային ընտրությունները:

Առաջին անգամ է, երբ նախագահ ընտրելու համար երկրորդ փուլի անհրաժեշտություն առաջացավ:

Ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի նախագահ է լինելու Արայիկ Հարությունյանը:

Թաթուլ Հակոբյան

Ստեփանակերտ 

Լուսանկարում՝ Ստեփանակերտի ընտրատեղամասերից մեկը մարտի 31-ի ընտրություններին (լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի)