Հայաստանը Թուրքիային որևէ այլ աջակցության խնդրանքով չի դիմել․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է թուրքական կողմի հայտարարությունը, թե նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանն օգնություն է խնդրել Թուրքիայից, և վերջինս պատրաստ է տրամադրել այդ օգնությունը։ Միաժամանակ Թուրքիայի ԱԳՆ է հրավիրվել Թուրքիայում Չինաստանի դեսպանը՝ Հայաստանին տրամադրված օգնության արկղերի վրա գրառման առնչությամբ պարզաբանում տալու համար:

«Մենք արդեն իսկ նշել ենք, որ Հայաստանի կողմից շարունակական ջանքեր են ձեռնարկվում այսօր դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ՝ հատկապես այն երկրներից, որտեղ լայն տարածում է ստացել նոր տիպի կորոնավիրուսի համավարակը: Այս համատեքստում պետք է նշեմ, որ արդեն իսկ ուրբաթ օրը Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած մեր 73 քաղաքացիներ. այս հարցում ՀՀ ԱԳՆ պաշտոնական օղակները համագործակցել են թուրքական և վրացական համապատասխան մարմինների հետ: Թուրքական կողմի հետ համագործակցությունը սահմանափակվել է միայն այս շրջանակով, և Հայաստանը չի դիմել այս շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով:

Հարկավոր է նշել, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող ցամաքային շրջափակման, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում՝ երկու երկրների փոխգործակցության հնարավորություններն էականորեն սահմանափակ են և պահանջում են իրական բարի կամք ու վստահության ստեղծում: Ցավոք սրտի, թուրքական կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում հնչած որոշ հայտարարությունները չեն նպաստում համագործակցության ապաքաղաքականացված և մարդասիրական միջավայրի ձևավորմանը: Հատկապես ափսոսանքի է արժանի երրորդ երկրի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության, ժողովուրդների բարեկամության և ազգային խորհրդանիշների հանդեպ անհարգալից վերաբերմունքը ու անհարկի քաղաքականացումը»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում։

***

Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կապ է հաստատել Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ և նրա միջոցով Հայաստանին դեղորայքի հարցում օգնություն ցուցաբերելու առաջարկ արել։ Ըստ Պատրիարքության հաղորդագրության՝ անձնապես կապ հաստատելով պատրիարքի հետ՝ Էրդողանը հարցրել է վերջինիս որպիսությունը։

Մեկնաբանելով այդ կոչը՝ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր․ «Մենք ծանոթ ենք Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը: Որպես երրորդ կողմ, ձեռնպահ կմնայինք ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց: Բոլոր դեպքերում, օրակարգում նման հարց գոյություն չունի»։

Անկարան հայտարարել է, որ Հայաստանն օգնություն է խնդրել Թուրքիայից, և վերջինս պատրաստ է տրամադրել այդ օգնությունը։

Մեկնաբանել