Բուժծառայողները 100 տոկոսով պատրաստ են կորոնավիրուսի դեմ պայքարին

ՀՀ Զինված ուժերի 6 զինծառայողներ, որոնց մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, արդեն իսկ բուժվել են և մեկնել իրենց ծառայության վայրեր․ ապրիլի 13-ի մամուլի ասուլիսին հայտարարեց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։ Նա նաև մեկնաբանեց Պաշտպանության բանակում տիրող իրավիճակը՝ նշելով, որ այն վերահսկելի է, և այնտեղ կորոնավիրուսի դեպքեր չեն գրանցվել։

Օհանյանը ներկայացրեց Զինված ուժերում համաճարակային իրավիճակը, նոր շարժական լաբորատորիայի աշխատանքի առաջին արդյունքները, որն սկսել է աշխատել մարտի 9-ից։ Ստեղծվել է հայ-ռուսական աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են նաև Զինված ուժերի համապատասխան մասնագետներ։ 

«Շարժական լաբորատորիայում 165 զինվորից վերցվել է փորձանմուշ․ ունենք և՛ դրական, և՛ բացասական պատասխաններ, բացասականները շատ ավելի շատ են։ Թոքաբորբով հիվանդ որևէ զինծառայող չունենք»,- նշեց Օհանյանը։

Ռազմաբժշկական վարչության պետը վստահեցրեց, որ բուժծառայողները 100 տոկոսով պատրաստ են կորոնավիրուսի դեմ պայքարին, և այդ աշխատանքներում ընդգրկված են՝ ըստ անհրաժեշտության։ Նա տեղեկացրեց, որ ամառային  զորակոչը ընթանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի․ «Անհրաժեշտության դեպքում, օրենքով սահմանված կարգով, կարող է երկարաձգվել, սակայն դեռ վաղ է դրա մասին խոսել։ Զինվորական կոմիսարիատները պատրաստ են զորակոչին, բոլոր կոմիսարիատներին հատկացված են անհատական պաշտպանիչ միջոցներ, կատարվելու են ախտահանման աշխատանքներ»։

 Սաթենիկ Հակոբյան