«Յուքոմի» կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել 

Հեռահաղորդակցության ոլորտի «Յուքոմ» (Ucom) ընկերության հիմնադիր բաժնետերերը խորհրդակցություն են հրավիրել, որի ընթացքում անդրադարձել են ընկերության շուրջ վիճակին։ Ընկերության կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել ստեղծված վիճակի վերաբերյալ։

«Մենք չենք նախաձեռնել տեղեկատվության արտահոսք և չենք փորձել այրել կամուրջները. մենք հավատացած ենք, որ ազնիվ չէ բանակցային փուլում հանրային կարծիքի մանիպուլյացիաները կամ աշխատակիցների դիմումները որպես սպառնալիք օգտագործելը։ Մեր դիրքորոշումը հանրայնացնում ենք միայն այսօր, երբ իրավական բոլոր մեխանիզմները թույլ են տալիս դա անել՝ ընկերության կանոնադրության և գործող օրենքների համաձայն։ Հայտնում ենք, որ տիրապետում ենք իրավիճակին և կարգավորման գործընթաց ենք նախաձեռնել»,- հայտնել են «Յուքոմի» բաժնետերերը։ 

Ընկերությունը շնորհակալություն է հայտնել հիմնադիր և մեկ այլ բաժնետեր Հայկ Եսայանին՝ հայկական տելեկոմի պատմության մեջ իր ներդրման համար և հույս հայտնել, որ վերջինս կշարունակի կիսել իր փորձառությունն ու կմնա համասեփականատեր։ 

Ընկերության տնօրենների խորհրդի տարածած հայտարարությունում նաև նշվում է. «Անդրադառնալով մամուլում շրջանառված տեղեկատվական միֆերին ընդգծենք, որ, այո՛, Ucom-ը հայկական ընկերություն է և այն, բնականաբար չի վաճառվել, փոխանակվել կամ «արտահանձնվել» որևէ երկրի՝ ոչ մի «գործարքի» դիմաց։ Ընկերությունը նաև երբևէ չի դիտարկել ու չի պատրաստվում դիտարկել հրաժարվելը իր որևէ աշխատակցից։ Բաժնետերերի մասով էլ հիշեցնենք, որ հիմնադրման օրվանից տարիներ շարունակ խոշորագույն միջոցներ, սոցիալական կապիտալ ու հնարավորություններ են ներդրվել Ucom-ի կայացման համար՝ շարունակելով հավատալ U-թիմի տեսլականին։ Ի դեպ, 12 տարիների ընթացքում բաժնետերերը երբևէ դիվիդենտ չեն վերցրել»։ 

Ընկերության բաժնետերերը վստահություն են հայտնել, որ «Յուքոմի» աշխատակիցները սթափ կդատեն իրավիճակը, նոր գլխավոր տնօրենը թիմի հետ կպահպանի զարգացման շարունակականությունը, ու նոր ներդրումներ կներգրավվեն։

․․․

Ապրիլի 10-ին հաղորդվեց, որ «Յուքոմի» հիմնադիր տնօրեն և փոքր բաժնետեր Հայկ Եսայանը, ինչպես նաև ընկերությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող նրա եղբայր Ալեքսանդր Եսայանը հրաժարական են տվել, ինչին հետևել է ընկերության ավելի քան 500 աշխատակիցների աշխատանքից ազատման դիմում գրելը։ Նշվում էր, որ հրաժարականը պայմանավորված է մեծամասնական բաժնետերերի հետ տարաձայնություններով։

Հաջորդ օրը՝ ապրիլի 11-ին, Հայկ Եսայանը հայտարարեց, որ իրենց բաժնեմասը (6 տոկոս) չեն վաճառելու և նպատակ ունենք գնել «Յուքոմի» 94 տոկոս բաժնեմասը։

#CivilNet #News