Եսայանները «Յուքոմի» մնացած բաժնեմասերի համար առաջարկվող գինը բարձրացրել են

Հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր «Յուքոմ» ընկերության բաժնետերեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները, որոնք ընկերությունում ունեն մոտ 6 տոկոս բաժնեմաս, նոր առաջարկ են ներկայացրել մեծամասնական բաժնետերերին։

Անցյալ շաբաթ նրանք առաջարկել էին 22,1  միլիարդ դրամով գնել մյուս բաժնետերերի ունեցած 94 տոկոս բաժնետոմսերը։ Ըստ էության՝ այս առաջարկը մյուս բաժնետերերի կողմից անարձագանք է մնացել։ Եսայանները հայտարարություն են տարածել՝ առաջարկելով ընկերության մնացած բաժնետոմսերը գնել ոչ թե 22, այլ 34 միլիարդ դրամով։ «Այս պատասխանատվությունից ելնելով և կազմակերպության շարունակականությունն ապահովելու նպատակով որոշում ենք կայացրել վճարել հնարավոր առավելագույն գինը՝ հաշվի առնելով կազմակերպությունում տարիներ շարունակ ներդրված բոլոր գումարները:  Առաջարկի գումարը կազմում է 34,057․000․000 ՀՀ դրամ։ Առաջարկը բանավոր ներկայացված է, սպասում ենք պատասխանի»,- նշված է Եսայանների հայտարարությունում։ 

Նրանք նշել են, որ «Յուքոմի» 843 աշխատակիցներ ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ և ցանկանում են անհապաղ դադարեցնել իրենց պարտականությունների կատարումը և թե «միայն իրենց ջանքերով է, որ այդ աշխատակիցները կատարում են իրենց ամենօրյա պարտականությունը»։ 

Եսայան եղբայրները հայտարարությունում չեն մանրամասնում, թե ինչով է պայմանավորված միանգամից 12 միլիարդ դրամով (24 միլիոն դոլար) իրենց առաջարկի մեծացումը։

Ապրիլի 14-ին «Յուքոմի» բաժնետերերի խորհրդակցությունից հետո ընկերության կառավարման խորհուրդը հայտարարել է, որ պատրաստվում են նշանակել նոր տնօրինություն, ինչն ըստ էության Եսայան եղբայրների առաջարկի մերժում է։

Տե՛ս նաև՝ 

«Յուքոմի» կառավարման խորհրդի հայտարարությունը

Հայկ Եսայան․ Մեր բաժնեմասը չենք վաճառելու և նպատակ ունենք գնել «Յուքոմի» 94 տոկոսը. 

Մկրտիչ Կարապետյան