Երևանը բարձրացրել է Եվրասիական բանկից աջակցություն ստանալու հարցը

«Շատ փորձագետներ արդեն համաշխարհային տնտեսության մեջ ռեցեսիա են կանխատեսում, որն իր մասշտաբներով համեմատելի կլինի միայն Մեծ դեպրեսիայի հետ։ Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ հայտնի չէ, թե որքան երկար կտևի համավարակը և ինչպիսին կլինի նրա զարգացման ընթացքը մոտ ապագայում». այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի ժամանակ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

«Մեր կազմակերպության առջև ծառացած առաջնահերթ խնդիրների համատեքստում ցանկանում եմ ընդգծել «Համավարակի զարգացման պայմաններում տնտեսական կայունության ապահովմանն ուղղված միջոցառումների» կարևորությունը, որոնք ընդունվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի վերջերս կայացած նիստում: Ընդհանուր միջոցառումներից, մասնավորապես, ցանկանում եմ առանձնացնել «կանաչ միջանցքների» ստեղծումը։ Ակնհայտ է, որ մաքսային ընթացակարգերի պարզեցումը սկզբունքային նշանակություն ունի մեր երկրի արտաքին տնտեսական կապերի պահպանման համար։ Ստեղծված պայմաններում կցանկանայի առանձնացնել նաև Միության թվային օրակարգի հետ կապված միջոցառումների իրականացման առաջնահերթությունը։ Վերջապես, հարկ է նշել Եվրասիական բանկի կողմից միության անդամ երկրներին վարկային աջակցություն ցուցաբերելու միջոցառումների նպատակահարմարությունը»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը անթույլատրելի է համարել ԵԱՏՄ ներսում ապրանքների և ծառայությունների տեղաշարժմանը խոչընդոտող միջոցների ստանձնումը։ 

«Հայաստանի համար չափազանց կարևոր է ԵԱՏՄ երկրների հետ բեռնափոխադրումների անխափան իրականացումը։ Ռուս-վրացական սահմանն այս առումով մեզ համար կենսական նշանակություն է ձեռք բերել։ Վերջապես, հաշվի առնելով համաշխարհային ֆինանսական համակարգում նշմարվող անորոշությունը, անհրաժեշտ ենք համարում արագացնել միջոցների ձեռնարկումը՝ ԵԱՏՄ-ի շրջանակում իրականացվող առևտրում ազգային արժույթներով վճարումների մասնաբաժնի հնարավորինս մեծացման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։