ԱՄՀ․ Համաշխարհային տնտեսությունն ամենասարսափելի հարվածը կկրի Մեծ դեպրեսիայից ի վեր

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով համաշխարհային տնտեսությունը 1930-ականների Մեծ դեպրեսիայից ի վեր կկրի ամենամեծ հարվածը։ 2020-ին, ըստ ԱՄՀ-ի, համաշխարհային ՀՆԱ-ն կկրճատվի 3 տոկոսով։ Հայաստանում այս տարի կանխատեսվում է 1,5 տոկոս անկում։

«Աշխարհն արմատապես փոխվել է երեք ամսվա ընթացքում՝ հունվարին հրապարակած մեր վերջին «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» (World Economic Outlook)  զեկույցից հետո։ Հազվագյուտ աղետը՝ կորոնավիրուսի համավարակը, հանգեցրել է ողբերգական թվով մահերի։ Քանի որ երկրները կիրառում են անհրաժեշտ կարանտիններն ու սոցիալական հեռավորության պրակտիկան, որպեսզի զսպեն համավարակը, աշխարհը հայտնվել է Մեծ մեկուսացման (Great Lockdown) մեջ: Դրան հաջորդած տնտեսական ակտիվության կոլապսի ծավալներն ու արագությունը նման չէ մեր կյանքում վերապրած որևէ այլ իրավիճակի»,- ասվում է ԱՄՀ-ի «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» նոր զեկույցում։

«Սա մի ճգնաժամ է, որ նման չէ որևէ այլ ճգնաժամի, և այն մեծ անորոշություն է սփռում մարդկանց կյանքի ու ապրուստի վերաբերյալ։ Շատ բան կախված է վիրուսի համաճարակաբանությունից, զսպման միջոցների արդյունավետությունից, ինչպես նաեւ թերապեւտիկ միջոցների եւ պատվաստանյութերի զարգացումից, որոնք դժվար է կանխատեսել: Բացի այդ, շատ երկրներ ներկայում առերեսվում են բազմաթիվ այլ ճգնաժամերի՝ առողջապահության ճգնաժամի, ֆինանսական ճգնաժամի և հումքային ապրանքների գների անկմանը, որոնք բարդ փոխառնչության մեջ են իրար հետ: Քաղաքական գործիչները աննախադեպ աջակցություն են ցուցաբերում տնային տնտեսություններին, ընկերություններին եւ ֆինանսական շուկաներին, ու թեեւ դա կարեւոր է ուժեղ վերականգնման համար, սակայն զգալի անորոշություն կա, թե տնտեսական լանդշաֆտը ինչ տեսք կունենա, երբ մենք դուրս գանք այս մեկուսացումից»,- նշված է ԱՄՀ զեկույցում:

ԱՄՀ-ն հիշեցնում է, որ 2009-ի ճգնաժամի ժամանակ համաշխարհային ՀՆԱ-ն կրճատվել էր 0,1 տոկոսով, մինչդեռ այժմ կանխատեսվում է 3 տոկոս անկում։

ԱՄՆ-ում՝ աշխարհի առաջատար տնտեսությունում, 2020-ին կանխատեսվում է 5,9 տոկոս անկում, իսկ 2021-ին՝ 4,7 տոկոս աճ։

Եվրոգոտում 2020-ին կանխատեսվում է 2020-ին 7,5 տոկոս անկում, 2021-ին՝ 4,7 տոկոս աճ։ Այս տարածաշրջանում ամենամեծ անկումը կանխատեսվում է Իտալիայում՝ 9,1 տոկոս՝ 2020-ին, և 4,8 տոկոս աճ՝ 2021-ին։

Չինաստանում 2020-ին կանխատեսվում է 1,2 տոկոս աճ, իսկ 2021-ին՝ 9,2 տոկոս աճ։

Ռուսաստանում 2020-ին կանխատեսվում է 5,5 տոկոս անկում, իսկ 2021-ին՝ 3,5 տոկոս աճ։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2020-ին կանխատեսվում է 1,5 տոկոս անկում, իսկ 2021-ին՝ 4,8 տոկոս աճ։

Վրաստանում 2020-ին կանխատեսվում է 4,0 տոկոս անկում, իսկ 2021-ին՝ 3,0 տոկոս աճ։

Ադրբեջանում 2020-ին կանխատեսվում է 2,2 տոկոս անկում, իսկ 2021-ին՝ 0,7 տոկոս աճ։

Թուրքիայում 2020-ին կանխատեսվում է 5,0 տոկոս անկում, իսկ 2021-ին՝ 5,0 տոկոս աճ։

Իրան 2020-ին կանխատեսվում է 6,0 տոկոս անկում, իսկ 2021-ին՝ 3,1 տոկոս աճ։

Աշխարհում ամենամեծ տնտեսական անկումը կանխատեսվում է Վենեսուելայում՝ 15 տոկոս։ Լիբանանում ևս մեծ՝ 12 տոկոս անկում է կանատեսվում։