Մահվան տնտեսություն․ ինչպես են համաճարակները նպաստել զարգացմանը

«Ժանտախտը մարդկության պատմության ամենամեծ աղետներից մեկն էր: Այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում այն նպաստեց տնտեսական զարգացմանը: Համաճարակները կարող են պարադոքսալ երկարաժամկետ հետևանքներ ունենալ»,- գրում է գերմանական Süddeutsche Zeitung-ը:

Այստեղ հատկապես լավ օրինակ է ժանտախտի համաճարակը, որը սկսվեց 1332-ին Չինաստանում և այնտեղից տարածվեց Արևմուտք՝ խլելով Եվրոպայի բնակչության մեկ երրորդի կյանքը, գրում է լրագրող Նիկոլաուս Պիպերը․ «Համաճարակը անմիջապես սարսափելի հետևանքներ ունեցավ տնտեսության և հասարակության համար: Ի տարբերություն կորոնավիրուսի, ժանտախտը խլում էր հիմնականում երիտասարդների կյանքերը, ինչն ահագնացրեց տնտեսական վնասը»:

«Սակայն երկարաժամկետ հեռանկարում աղետը պարադոքսալ կերպով բարելավեց փրկվածների կյանքը, և Եվրոպայի տնտեսությունն ավելի արագ զարգացավ: Միջնադարում, երբ դեռևս արդյունաբերություն չկար, մարդկանց բարեկեցությունը կախված էր նրանից, թե որքան և ինչպիսի հողեր էին իրենց տրամադրության տակ․ «Որքան քիչ մարդ, այնքան ավելի շատ հող, ինչն իր հերթին նշանակում էր՝ ավելի քիչ սով և ավելի բարձր իրական եկամուտներ»:

«Ավելի բարձր եկամուտները սկսեցին արդեն ոչ միայն բավարարել՝ գոյատևելու համար․ այժմ շատերը կարող էին իրենց թույլ տալ շքեղ ապրանքներ: Դրանք արտադրվում էին քաղաքներում, ուստի արագանում էր ուրբանիզացիան, աճում էին դրամական հոսքերը և գանձվող հարկերը»:

Պատմաբան Պաուլ Շմելցինգը Անգլիայի բանկի համար կատարած նոր ուսումնասիրության մեջ գրում է․ «Այդպես նաև Եվրոպայում նվազեց գնաճը. 1360-1460 թթ․ տարեկան գնաճը նվազեց 1,58 տոկոսից մինչև ընդամենը 0,65 տոկոս: Այդպիսով, կանգ առավ գների աճը, որից վախենում էին մարդիկ»։

Ժանտախտը փոխեց վերաբերմունքը սպառման նկատմամբ: Ըստ Շմելցինգի՝ այն տրավմատիկ գիտակցումը, որ կյանքը կարող է կտրուկ ավարտվել, հանգեցրեց այն հնարավորինս վայելելու ցանկության: Արդյունքում` 1350-1450 թթ․, սպառման համար օգտագործվող գույքի մասնաբաժինը զգալիորեն աճեց:

«Մարդկությունը առերեսվել է մահասփյուռ համաճարակներին ինչպես «Սև մահից» առաջ, այնպես էլ դրանից հետո: Այդ համաճարակների տնտեսական և քաղաքական հետևանքները նույնպես անկանխատեսելի էին: Այսպիսով, 542-ին Կոստանդնուպոլսում բռնկվեց բուբոնային ժանտախտը: Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսի անունը կրող «հուստինյան ժանտախտը» դատարկեց Միջերկրական ծովի ամբողջ ափամերձ շրջանները, ու գուցե նպաստեց հարյուր տարի անց իսլամական աշխարհի վերելքին»:

Իսպանական գրիպը, որն անջնջելի հետք թողեց եվրոպացիների և ամերիկացիների հավաքական հիշողության վրա և խլեց ավելի քան 50 միլիոն կյանք, ըստ Կանադայի ֆինանսների նախարարության, հանգեցրել է 0,1 տոկոս տնտեսական աճի։ Դա գուցե պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Առաջին աշխարհամարտին հաջորդած զորացրումից հետո, ամեն դեպքում, տնտեսության անկում էր սկսվել։

«Այսօր պարզ է, որ համաճարակի ժամանակ ակնհայտ ընտրություն կա՝ կա՛մ հասարակությունը պետք է կարճաժամկետ տնտեսական վնաս կրի՝ համաճարակը զսպելու համար, կա՛մ ստիպված լինի բազմաթիվ կյանքերով վճարել։ Այսօրվա համաճարակը տարբերվում է նախորդներից, որովհետև աշխարհի մեծ մասն ընդունում է այդ տնտեսական կորուստները, թույլ է տալիս տնտեսության խիստ անկումը՝ առողջապահական համակարգերի փլուզումը կանխելու և կյանքեր փրկելու համար»,- նշում է հոդվածի հեղինակը:

«(…) Եթե համաճարակը հնարավոր լինի վերահսկել, և ստեղծվեն պատվաստանյութեր, քաղաքական գործիչները ստիպված կլինեն տնտեսական փրկության ծրագրերի միջոցով լուծումներ գտնել երկարաժամկետ հետևանքների համար: (…) Արդյոք վերստին շրջանառության մեջ հայտնված մեծ գումարների պատճառով գնաճի վտանգ կլինի՞։ Արդյոք դիմակների և արհեստական շնչառության սարքերի մատակարարման հետ կապված փորձառությունը աշխարհի շատ պետությունների մոտ կհանգեցնի՞ ինքնաբավ դառնալու ցանկության։ (…) Ամեն դեպքում, մի բան պարզ է. կորոնավիրուսի համաճարակից հետո աշխարհը այլ տեսք կունենա»,- եզրափակում է Süddeutsche Zeitung-ը:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Թարգմանված է Inopressa.ru կայքից՝ Экономика смерти

Հոդվածի բնօրինակը՝ Die Ökonomie des Todes

Մեկնաբանել