«Կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ»․ վարչապետի խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտարարել է, որ «Կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ»։ Ի պատասխան «Ազատության» հարցի, թե ինչպես կմեկնաբանի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայտարարությունը, որ կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը, Գևորգյանն ասել է․

«Նախ հիշեցնենք, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մինչ այս եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն` Մարտի 1-ի գործով անցնող, տարբեր հանցանքների, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն և փողերի լվացմանն օժանդակելու մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանի անձնական երաշխավորը։ Մայրապետյանը 2019-ի հունվարից բուժման պատրվակով մեկնել է երկրից և չնայած քննչական մարմնի պահանջին և ի հեճուկս Տեր Վահրամ քահանա Մելիքյանի երաշխավորության, չի վերադարձել Հայաստան։ ՀՀ կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ, միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ Մայր Այթոռը կվերագնահատի Մայրապետյանի երաշխավորության պատմությունը և դրա հետևանքով առաջացած վիճակը»:

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիոսն այսօր ի պատասխան News.am կայքի հարցի՝ ասել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում «կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ [Ռոբերտ Քոչարյանի] խափանման միջոցի փոփոխություն»։

#CivilNet #News

Մեկնաբանել