Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է քաղաքացիների 44,9%–ը

Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 44,9%–ը։ «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Գայանե Առուշանյանը։

«Ապրիլի 14-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է 47 հազար 50 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 44,9%–ը»,– նշել է Առուշանյանը՝ հավելելով, որ 50%–ից ցածր մասնակցության ցուցանիշը ընտրությունների արդյունքի վրա ազդեցություն ունենալ չի կարող, և Արցախի նախագահ կընտրվի այն թեկնածուն, որը հավաքել է առավելագույն «կողմ» ձայներ։

«Ազատ Հայերնիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքում գրառում է արել․ «Արայիկ Հարությունյանն՝ Արցախի Հանրապետության հաջորդ Նախագահ. նախնական արդյունքներն՝ ավելի քան 87 տոկոս. շնորհավորում եմ բոլորիս»։

Արայիկ Հարությունյանին շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության ընտրյալ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախում նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաջողության հասնելու և Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Արայիկ Հարությունյանը նախագահի պաշտոնը ստանձնելու է Արցախի համար շատ բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում՝ պայմանավորված աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով և մասնավորապես մեր տարածաշրջանում ընթացող բարդ աշխարհաքաղաքական գործընթացներով։ «Արցախի Հանրապետությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ կայացած երկիր է՝ իր պետական մարմիններով և, ամենակարևորը, իր քաղաքացիներով: Այսօր առավել քան երբևէ մենք միասնական ու համախմբված լինելու կարիք ունենք»,-ասել է Հայաստանի նախագահը։

Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Արայիկ Հարությունյանը կկարողանա ամրապնդել համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտը Արցախում, կազմակերպել և ապահովել Արցախի անվտանգությունը, տնտեսական ու քաղաքական զարգացումը, համախմբել ժողովրդին միասնական նպատակների շուրջ»,- ասված է նախագահականի հաղորդագրությունում։

Այսօր՝ ժամը 11:00-ին, Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները։

Մեկնաբանել