Ով է Արցախի ապագա ղեկավարը. հինգ հանգամանք, որ պետք է իմանալ

Ապրիլի 14-ին Արցախում համաճարակի պայմաններում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Այն ի սկզբանե զրկված էր որևէ ինտրիգից, քանի որ առաջին փուլում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած թեկնածուն` Մասիս Մայիլյանը, կոչ էր արել իր կողմնակիցներին բոյկոտել քվեարկությունը` հիմնավորելով այդ որոշումը համաճարակի տարածման վտանգով: Իսկ Մայիլյանին առաջին փուլում սատարած Սամվել Բաբայանն իր աջակիցներին ազատ ընտրության հնարավորություն էր թողել:

Արայիկ Հարությունյանի հաղթանակը երկրորդ փուլում կարող էր կանխել միայն երկրում արտակարգ դրության հայտարարումը, սակայն ապրիլի 12-ին նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց ոչ թե արտակարգ դրություն, այլ արտակարգ իրավիճակ, որով ընտրությունների չեղարկում չէր նախատեսվում: Այդ իսկ պատճառով ապրիլի 14-ի քվեարկությունը պաշտոնապես արձանագրեց այն, ինչ բոլորը սպասում էին. Արայիկ Հարությունյանը ցածր մասնակցության պայմաններում (հատկապես Ստեփանակերտում) ստացավ ձայների բացարձակ մեծամասնությունը և կլինի Արցախի Հանրապետության չորրորդ նախագահը:

Արայիկ Հարությունյանը քաղաքական դաշտ է մտել 2005-ին` որպես նորաստեղծ «Ազատ հայրենիք» կուսակցության համանախագահներից մեկը: 2005-ին Հարությունյանն ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր: 2007-ին «Ազատ հայրենիքը» պաշտպանել է Բակո Սահակյանի թեկնածությունը և ընտրություններից հետո դարձել իշխող կոալիցիայի մաս: Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետ: Այդ պաշտոնը Հարությունյանը զբաղեցրել է մինչև 2017-ը, երբ Արցախի սահմանադրության փոփոխության արդյունքում վարչապետի հաստիքը կրճատվեց, և նա նշանակվեց պետական նախարար: 2018-ի ամռանը տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում նա հրաժարական տվեց այդ պաշտոնից: Վերջին տասնամյակի ընթացքում Հարությունյանի կուսակցությունը խորհրդարանում ամենամեծ խմբակցությունն ունեցող ուժն էր:

Հայաստանյան հանրությունը Արայիկ Հարությունյանի կերպարին մեծամասամբ ծանոթ է մակերեսորեն։ Ստորև ներկայացնում եմ հինգ հանգամանք, որ պետք է իմանալ Արցախի հաջորդ ղեկավարի մասին:

Արայիկ Հարությունյանը փոփոխական է

Արցախի ապագա նախագահի հայացքներն ու դիրքորոշումները փոփոխվում են զարմանալի հաճախականությամբ: Նա առանց կաշկանդվելու հարմարեցնում է իր հրապարակային մոտեցումները նոր իրողություններին ու հասարակական տրամադրություններին: Այսպես, 2014-ին ԱրՊՀ դասախոսական և ուսանողական կազմի հետ հանդիպմանը Հարությունյանը հայտարարել էր, որ իր ղեկավարած ուժի գլխավոր տարբերությունը մյուս կուսակցություններից այն է, որ իրենք Արցախի անկախության կողմնակից են և ԼՂՀ ու ՀՀ միջև ներկայիս ինտեգրացիայի աստիճանը բավարար են համարում: Մեկ տարի անց նա արդեն հայտարարում էր, որ միացումն այլընտրանք չունի և փորձում էր դառնալ յունիոնիստական շարժման առաջնորդներից մեկն Արցախում:

2015-ին Հարությունյանը և նրա քաղաքական թիմի անդամները հանդես էին գալիս որպես կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակից: Հայատարում էին, որ այդպիսի մոդել ունենալու դեպքում է Արցախը կարող դիմագրավել գոյություն ունեցող մարտահրավերներին և փորձում էին սահմանադրական փոփոխությունների գործընթաց սկսել: Սակայն, երբ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվեցին, և որոշվեց, որ Արցախը սուպերնախագահական հանրապետություն պիտի լինի, Հարությունյանը փոխեց իր տեսակետը և ակտիվորեն մասնակցեց «Այո»-ի քարոզարշավին՝ բնակչությանը բացատրելով նախագահական մոդելի առավելությունները:

Նույնը տեղի ունեցավ նաև 2018-ի ապրիլից հետո, երբ Հարությունյանն անմիջապես դարձավ ոչ միայն Արցախի գլխավոր հեղափոխականը, այլև հեղափոխության պաշտպանը հակահեղափոխական այն ուժերից, որոնց հետ նա եղել է նույն թիմում իր քաղաքական ողջ կարիերայի ընթացքում:

Արայիկ Հարությունյանը առատաձեռն է

Հարությունյանն իր քաղաքական կարիերան կառուցել է «լավություն անելու» պրակտիկայի օգտագործման ու կատարելագործման միջոցով: Կարելի է պնդել, որ նրա աջակիցների զգալի մասը մարդիկ են, որոնք ինչ-որ ժամանակահատվածում աջակցություն են ստացել իր կողմից: Այդ գործընթացում օգտագործվել են հիմնականում պետական ծրագրերը, երբեմն էլ` իր սեփական միջոցները: Օրինակ, տարիներ առաջ Արցախում հսկայական միջոցներ են ծախսվել թանկարժեք մեքենա-տրակտորային կայանների ձեռքբերման համար: Այդ կայանների մեծամասնության տնօրեններ էին նշանակվել Հարությունյանի կուսակիցները, որոնք մի քանի տարի հետո լիզինգով սեփականաշնորհել են այդ տեխնիկան:

Շինարարության և առանցքային այլ ոլորտներում ևս այս տրամաբանությունն էր գործում: Միայն վերջին երկու տարվա ընթացքում Արայիկ Հարությունյանն իր հետ փոխկապակցված հիմնադրամների և կազմակերպությունների միջոցով բազմաթիվ մարդկանց անտոկոս կամ ցածր տոկոսներով վարկեր է տրամադրել, հարյուրավոր ուսանողների և դասախոսների ուղարկել է Ռուսաստանի և Հայաստանի առողջարանային քաղաքներ: Հարությունյանն այս ամենը բարեգործություն է անվանում, սակայն իրականությունն այն է, որ այսպիսի մեխանիզմներով նա կլիենտելիստական լայն ցանց է ստեղծել, որի միջոցով էլ հաջողության է հասել ընտրություններում:

Արայիկ Հարությունյանը վառ երևակայություն ունի

2016-ի աշնանը տեղի է ունեցել Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ ամենաաղմկահարույց կոռուպցիոն գործարքներից մեկը: Արցախի ներդրումային հիմնադրամը, որը ֆինանսավորվում է պետական միջոցներով, Սերժ Սարգսյանի փեսա Հայկ Խաչատրյանից 2,857 միլիարդ դրամով ձեռք է բերել Մաղավուզի քարածխի չաշխատող հանքը: Այդ գործարքից առաջ Հարությունյանի դասընկեր և մտերիմ Գագիկ Բախտամյանը ստեղծել էր «Էներգիա մինուս» ընկերությունը ու ևս դարձել հանքի բաժնետեր: Գործարքը տեղի էր ունեցել Արայիկ Հարությունյանի ստորագրությամբ, քանի որ նա Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր:

Երբ այս մասին հայտնի դարձավ 2019-ին, Հարությունյանը հայտարարեց, որ հանքը գնվել և կոնսերվացվել է, որպեսզի այնտեղից ապագայում նավթ կարողանանք ստանալ: Նա նշեց նաև, որ այդ հանքի միջոցով ապահովվելու է ողջ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը պատերազմի ու շրջափակման դեպքում: Համաձայնեք, որ առանց վառ երևակայության այսպիսի «հիմնավորում» դժվար էր հորինել:

Արայիկ Հարությունյանը կարողանում է թաքցնել իր թերությունները

Լինելով Արցախում համակարգային կոռուպցիայի ու նեպոտիստական կապիտալիզմի համակարգի կնքահայրերից մեկը՝ Հարությունյանը Երևանում կարողացել է ստեղծել քաղաքակիրթ գործչի ու ռեֆորմատորի կերպար: Այդ նպատակին հասնելու համար նա տարիներ շարունակ ջերմ հարբերություններ էր հաստատում հայաստանյան բազմաթիվ լրագրողների, հասարակական և քաղաքական գործիչների հետ:

Հարությունյանի գլխավոր ձեռքբերումներից մեկը կարելի է համարել այն, որ նա Թավշյա հեղափոխությունից հետո կարողացավ դաշնակիցներ գտնել Նիկոլ Փաշինյանի նեղ շրջապատում և նրանց միջոցով ազդել Հայաստանի վարչապետի վրա: Այդ իսկ պատճառով արցախյան կրիմինալ շրջանակներին հովանավորող և վերջիններիս հետ սերտորեն համագործակցող Արցախի ապագա ղեկավարը այս օրերին բավական լուրջ աջակցություն է ստանում անհատներից, որոնք իրենց համարում են ժողովրդավարության և արդարության առաջամարտիկներ:

Արայիկ Հարությունյանը աշխարհի առաջին սոցիալիստ օլիգարխն է

Նախընտրական փուլում նա արցախցիներին խոստանում էր անվճար առողջապահություն, անվճար բարձրագույն կրթություն և սոցիալական այլ ծրագրերի ֆինանսավորման ավելացում: Անցած ընտրություններն ընդհանրապես պոպուլիստական խոստումների մրցույթ էին տարբեր ուժերի միջև: Սակայն ակնհայտ է, որ համաշխարհային վերահաս ճգնաժամի պայմաններում դժվար է լինելու կյանքի կոչել անգամ իրատեսական խոստումները: Եվ բոլոր այն մարդիկ, որոնք, որոշակի անձնական օգուտներ ակնկալելով, իրենց քվեն տվել են Հարությունյանին և նրա ղեկավարած քաղաքական ուժին, անխուսափելիորեն հայտնվելու են կոտրած տաշտակի առաջ:

․․․

ՍիվիլՆեթ – Տիգրան Գրիգորյանը Արցախում մարտի 31-ի ընտրություններին ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության ցուցակի երկրորդ համարն էր խորհրդարանի տեղերի համար պայքարում։

Մեկնաբանել