Նավթի գների անկումից Ադրբեջանի կորուստները կարող են կազմել մինչև 1 մլրդ դոլար, ասել է Ալիևը

Նավթի գների անկումից Ադրբեջանի կորուստները կարող են կազմել մինչև 1 մլրդ դոլար․ ապրիլի 14-ի կառավարության նիստին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։

«Եթե նավթի գները չհաջողվի բերել անհրաժեշտ մակարդակի, մենք կունենանք լրացուցիչ կորուստներ, որոնք կարող են հասնել 700 մլն, անգամ՝ 1 մլրդ դոլարի»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամ և ոչ անդամ պետությունների միջև ստեղծվել է համագործակցության հազվադեպ ձևաչափ, որը լրացուցիչ պարտավորություններ է դնում յուրաքանչյուր երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի վրա։

Ալիևը շարունակել է, որ եթե նավթի գները չվերականգնվեն, երկիրը կկրի լրացուցիչ կորուստներ, տեղի կունենա արժութային պահուստների նվազում։

Խոսելով Արժույթի միջազգային հիմնադրամի մասին՝ Ալիևն ասել է, որ 150 երկիր արդեն դիմել է ԱՄՀ-ին և Համաշխարհային բանկին՝ օգնության համար, սակայն Ադրբեջանն այդ ցանկում չկա։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ համավարակը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ «լավ զարգացման համար անհրաժեշտ է կայուն տնտեսություն, ինչի համար էլ պետք է անցկացնել բարեփոխումներ՝ ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորտներում»։

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով համաշխարհային տնտեսությունը 1930-ականների Մեծ դեպրեսիայից ի վեր կկրի ամենամեծ հարվածը։ 2020-ին, ըստ ԱՄՀ-ի, համաշխարհային ՀՆԱ-ն կկրճատվի 3 տոկոսով։ 

ԱՄՀ-ն Ադրբեջանում 2020-ին կանխատեսվում է 2,2 տոկոս անկում, իսկ 2021-ին՝ 0,7 տոկոս աճ։

#ՍիվիլՆեթ #Լուրեր