Գլխավոր դատախազի խորհրդականն արձագանքել է Գարեգին Բ կաթողիկոսին

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հնարավոր փոփոխության հարցին ու Մայր Աթոռից հնչող կոչերին՝ ասելով, որ «Վեհափառի հայտարարությունը քրեադատավարական ընթացակարգերի հետ որևէ աղերս չունի»։

Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդման հարցին ի պատասխան՝ Աբրահամյանն ասել է.

«Բազմիցս առիթ ունեցել ենք հստակ դիրքորոշում արտահայտելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ, համաձայն որի՝ խափանման միջոցի փոփոխության հիմքեր չենք տեսել: Ռ. Քոչարյանի պաշտպանների կողմից իրենց պաշտպանյալի խափանման միջոցի փոփոխության միջնորդություն է ներկայացվել դատարան: Դրա վերաբերյալ դատական քննության ընթացքում մեղադրող դատախազները կծանոթանան պաշտպանության կողմի հիմնավորումներին և կհայտնեն իրենց դիրքորոշումը: Ինչ վերաբերում է Վեհափառի հայտարարությանը, ապա դա քրեադատավարական ընթացակարգերի հետ որևէ աղերս չունի: Եվ մենք չենք մեկնաբանում կոնկրետ քրեական դատավարության գործընթացից դուրս նման հայտարարությունները»:

․․․

Երեկ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիոսը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում «կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ [Ռոբերտ Քոչարյանի] խափանման միջոցի փոփոխություն»։ 

Կաթողիկոսի հայտարարությանն արձագանքել էր վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը և ասել, թե «Կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ»

#CivilNet #News

Լուսանկարում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը (Ֆոտոլուր)