Վեհափառ Հայրապետի կեցվածքն ամբողջապես համահունչ է Քրիստոսի Սուրբ Եկեղեցու մարդասիրական առաքելությանը․ Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել՝ պատասխանելով Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիոսի հայտարարությանը հետևած արձագանքներին։

«Ապրիլի 14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ի պատասխան News.am գործակալության հարցման կատարված հայտարարությունը տեղիք է տվել տարաբնույթ, այդ թվում և անտեղի ու անհարկի մեկնաբանությունների ու գնահատականների։ Հարկ ենք նկատում հայտնել հետևյալը՝ Վեհափառ Հայրապետի կեցվածքն ամբողջապես
համահունչ է Քրիստոսի Սուրբ Եկեղեցու մարդասիրական առաքելությանն ու դավանած արժեքներին։

Հետևաբար, հարկ է չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը և տրվել անպտուղ
բանավեճերի։ Ցավոք, Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահայտած մտքերը ներկայացվում են
հատվածաբար, իսկ ՀՀ երկրորդ նախագահին անդրադարձը՝ ենթատեքստից կտրված և այլափոխված։
Նորին Սրբության հորդորին առնչված բոլոր մեկնաբանություններն ու գնահատականները պետք է
կատարել՝ խստորեն հետևելով տեքստի բովանդակությանը, ինչպես նաև դրսևորել անհրաժեշտ
պատշաճություն և բարեկրթություն` տեսակետներ և կարծիքներ արտահայտելիս, առավել ևս երբ դա
կատարվում է պաշտոնատար դիրք զբաղեցնող անձանց կողմից։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորն է ամենքին՝ միասնության և համերաշխության ոգով,
ջանքերի մեկտեղումով լծվել համավարակի այս ծանր իրավիճակում հայրենիքի և մեր ժողովրդի առջև
ծառացած մարտահրավերների հաղթահարմանը»։

***

Ապրիլի 14-ին Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիոսը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում «կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ [Ռոբերտ Քոչարյանի] խափանման միջոցի փոփոխություն»։

Կաթողիկոսի հայտարարությանն արձագանքել էր վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը և ասել, թե «Կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ»:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հնարավոր փոփոխության հարցին ու Մայր Աթոռից հնչող կոչերին՝ ասելով, որ «Վեհափառի հայտարարությունը քրեադատավարական ընթացակարգերի հետ որևէ աղերս չունի»։

Մեկնաբանել