Արայիկ Հարությունյանը՝ դասախոսների աշխատավարձերի և ուսվճարների մասին

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին հարց հնչեց, թե ինչպես են բուհերը, որոնք հիմնադրամներ են և ինքնաֆինանսավորվում են, վճարելու դասախոսների աշխատավարձերը, եթե ուսանողների վարձավճարները հետաձգվել են։ Հարցին պատասխանեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությույանը։

«Ցավոք սրտի, այս պահին ունենք խնդիրներ վճարումների առումով։ Կան բուհեր, որտեղ առաջին կիսամյակի վճարումները մոտ 20-25 տոկոս են, մինչև 40 տոկոս, բայց դրանք բավարար տոկոսներ չեն։ Եվ հիմա դիտարկում ենք մի շարք քայլեր՝ հնարավորության դեպքում աջակցելու բուհերին, նաև ուսանողներին։ Այսօր եղել է քննարկում վարչապետի մոտ, և մի շարք նախաձեռնություններ են եղել, որոնց համար պետք է հաշվարկներ լինեն, նոր կոնկրետ ծրագրերով հանդես գանք»,- նշեց նախարարը։

Հարությունյանը նաև ասաց, որ կոչ է արել վճարունակ ուսանողներին վճարել ուսման վարձը։

«Այ օրինակ, նույն կոմունալ վարձերի հետ կապված, քաղաքացին, իր քաղաքացիական գիտակցության արդյունքում, չկուտակելով պարտքեր, ունենալով հնարավորություն, համակարգ է պահում։ Նույնը բուհական համակարգում է»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ «մի քանի բուհերի պարագայում հաջորդ ամիս կարող է լինեն խնդիրներ, մնացած բոլոր բուհերի դեպքում, գոնե այս պահին, վճարումների խնդիրներ չեն ունենալու»։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ավելի վաղ կոչ էր արել բուհերի ռեկտորներին մինչև ապրիլի 14-ը վարձերը չվճարող ուսանողներին դուրս չթողնել։

Լուսինե Վարդանյան