Լուկաշենկոն բելառուսներին խոստանում է՝ ոչ ոք չի մեռնի կորոնավիրուսից

Լուկաշենկոն բելառուսներին խոստանում է, որ ոչ ոք չի մեռնի կորոնավիրուսից: Միևնույն ժամանակ, երկրում սկսվել է դեպքերի թվի կտրուկ աճ։ Meduza.io կայքի անդրադարձը։

Ապրիլի 3-14-ն ընկած հատվածում Բելառուսում կորոնավիրուսի պաշտոնապես հաստատված դեպքերի թիվն ավելացել է ավելի քան ինը անգամ՝ 351-ից դառնալով 3 281: Ինչպես ապրիլի 13-ին ասել էր նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իրավիճակը սկսել է բարելավվել, սակայն դեռ 3-4 օր առաջ Վիտեբսկում ամեն օր գրանցվում էր թոքաբորբի 280 նոր դեպք, այսինքն ՝ միջին հաշվով, օրական մեկ թոքաբորբ՝ 1350 բնակչի հաշվով:

Առողջապահության նախարարությունը նշում է, որ այժմ Բելառուսում ամեն օր վարակի 340-360 նոր դեպք կա, իսկ համաճարակը գագաթնակետին կհասնի ապրիլի վերջին – մայիսի սկզբին: Դեպքերի թվի զգալի աճի պատճառով Բելառուսը կանգնած է պաշտպանիչ միջոցների պակասի առաջ, որոնք չեն բավականացնում նույնիսկ բժիշկներին։ Լուկաշենկոն սպառնացել է ցրել կառավարությունը, եթե պարզվի, որ «ինչ-որ բան բացակայում է դեղատներում, խանութներում կամ հիվանդանոցներում՝ հատկապես բժիշկների համար»: Միևնույն ժամանակ, նա պնդում է, որ Բելառուսում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը աղետալի չէ և հերքում է վարակի հեղեղանման աճի առկայությունը:

Լուկաշենկոն վստահեցնում է, որ ոչ ոք չի մահանում COVID-19- ից: Չնայած այս ախտորոշմամբ 33 մարդ արդեն մահացել է

Ըստ պաշտոնական տվյալների, Բելառուսում ապրիլի 14-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է 33 հիվանդ: Նախորդ օրը Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ երկրում ոչ ոք չի մահանում կամ չի մահանա կորոնավիրուսից: Բելառուսի առաջնորդի խոսքով ՝ մարդիկ մահանում են խրոնիկական հիվանդություններից, իսկ COVID-19-ը պարզապես միջավայր է, որի մեջ զարգանում են այդ հիվանդությունները:

Ավելի վաղ, մեկնաբանելով COVID-19-ով հիվանդների մահը, Լուկաշենկոն ակնարկել էր, թե հանգուցյալներն իրենք են մեղավոր այդ հետևանքի համար: «Դե, մենք խնդրել էինք. գրեթե 80 տարեկան… ինչո՞ւ եք քայլում փողոցներով, առավել ևս, գնում աշխատանքի…»,- ասել էր նա Վիտեբսկի դրամատիկական թատրոնի 75-ամյա դերասան Վիկտոր Դաշկևիչի մահից հետո: Իսկ այսպես նա մեկնաբանել էր պաշտոնաթող զինվորական Վլադիմիր Սիդորովի մահը. «Ես հարցնում եմ՝ ինչու՞ այս մարդը մահացավ։ Ինձ պատասխանում են՝ Ալեքսանդր Գրիգորիևիչ, իսկ ինչպե՞ս կարելի է 135 կիլոգրամ քաշով ապրել»։

Բելառուսում պաշտոնապես կարանտին հայտարարված չէ: Բայց կա «ժողովրդական» կարանտին

Լուկաշենկոն պնդում է, որ Բելառուսը ֆինանսական միջոցներ չունի լիարժեք կարանտինի համար: «Կարանտին, պարետային ժամ և այլն … Լսեք, սա ամենահեշտն է: Մենք դա կարող ենք անել 24 ժամվա ընթացքում: Բայց հետո ի՞նչ ենք ծամելու»,- ասաց նա ապրիլի 7-ին կայացած հանդիպմանը: Սահմանները փակ չեն, երկրում գործում են սրճարաններ, թատրոններ և առևտրի կենտրոններ, ֆուտբոլի առաջնությունը շարունակվում է, և նախապատրաստվում են մայիսի 9-ի ավանդական շքերթին, որին պետք է մասնակցեն ռուս և չինացի զինվորականները: Առանձնակի սահմանափակումներ մտցվել են միայն Մինսկում և Վիտեբսկում` Բելառուսում համաճարակի էպիկենտրոններում։

Մինչդեռ երկրում գործում է դե ֆակտո «ժողովրդական կարանտին»: Satio հետազոտական ընկերության տվյալներով՝ մարտի վերջին, բելառուսների 48%-ը հրաժարվել է մասնակցել հանրային միջոցառումների: Շատերն ինքնակամ անցնում են ինքնամեկուսացման ռեժիմի: Դրա պատճառով առևտրի և ծառայությունների ոլորտը կրել է մեծ կորուստներ, որոշ սրճարաններ և ռեստորաններ փակվում են կամ անցնում են առաքման։ Առևտրի կենտրոններն ու գեղեցկության սրահները դատարկ են: Զգալիորեն նվազել է հաճախելիությունը թատրոններ և թանգարաններ: Որոշ ծնողներ դադարել են իրենց երեխաներին դպրոց տանել, այդ իսկ պատճառով իշխանությունները ստիպված եղան զիջումների գնալ՝ երկարացնելով գարնանային արձակուրդները։

Ընդհանուր առմամբ, Satio-ի մարտ ամսվա ուսումնասիրության համաձայն, բելառուսների շուրջ 70%-ը կողմ է արտահայտվել սոցիալական բոլոր միջոցառումների արգելքին, կեսից ավելին` ուսումնական հաստատությունների փակման և հնարավոր բոլոր աշխատողների՝ տանից աշխատելու օգտին։

Ինքը՝ Լուկաշենկոն, շարունակում է ծաղրել համաճարակը և չի հրաժարվում ձեռքսեղմումներից

Բելառուսի իշխանությունների վերաբերմունքը կորոնավիրուսի սպառնալիքին հակասական է: Մի կողմից՝ առողջապահության նախարարությունը բնակչությանը պաշտոնապես կոչ է անում պահպանել սոցիալական հեռավորությունը, ավելի հաճախ մնալ տանը, դիմակներ կրել: Մյուս կողմից, Լուկաշենկոն պարբերաբար ծաղրում է համաճարակի սպառնալիքը, կորոնավիրուսը անվանում է «փսիխոզ» և նույնիսկ ակնարկներ է անում համաշխարհային դավադրության մասին: Համաճարակը Բելառուսում հայտնվելուց ի վեր նա առաջարկել է գործիքների մի ամբողջ փունջ, որոնք իբր պետք է օգնեն վիրուսի դեմ պայքարում՝ տրակտոր, սաունա, օղի, հոկեյ, կարագ, այծեր, կրակի ծուխ ծխալ: Ճիշտ է՝ նա հետագայում ավելացրեց, որ պարզապես կատակել է:

Լուկաշենկոն ասում է, որ կորոնավիրուսն իրեն չի ստիպել հրաժարվել ձեռքսեղմումներից, գրկախառնություններից կամ իր սովորական առօրյայից: Նա այցելում է գործարաններ, հանդիպումներ է ունենում, հոկեյ խաղում: Նախագահի օրինակով՝ բելառուսական ոչ մի պաշտոնյա դեռևս հասարակության մեջ չի հայտնվել բժշկական դիմակով:

Սակայն ոչ բոլորին են վստահում Բելառուսում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին պաշտոնական տեղեկատվությունը: Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Լուկաշենկոյի պահվածքն անվանել է «բռավադո» («կեղծ քաջություն») և կասկած հայտնել, որ կորոնավիրուսի դեպքերի իրական վիճակագրությունը շատ ավելի վատ է: Այնուամենայնիվ, առայժմ չկա որևէ ապացույց, որ Բելառուսի առողջապահության նախարարությունը դիտավորյալ ցածրացնում է երկրում դեպքերի վերաբերյալ տվյալները:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հոդվածի բնօրինակը՝ Лукашенко пообещал белорусам, что от коронавируса никто не умрет. Одновременно в стране начался резкий рост числа заболевших