ՀՀ-ն կպաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց որևէ սահմանափակման․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում անցած համապետական ընտրությունների կապակցությամբ։

«Մենք շնորհավորում ենք Արցախի ժողովրդին, իշխանություններին և քաղաքական ուժերին, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ ապրիլի 14-ին հաջողությամբ ավարտվեց Արցախի համապետական ընտրությունների գործընթացը:

Ժողովրդավարական և մրցակցային գործընթացի արդյունքում Արցախի ժողովուրդն ընտրեց իր նոր նախագահին և խորհրդարանի անդամներին:

Արցախի նոր իշխանությունների ձևավորումը կարևոր նշանակություն ունի Արցախում մարդու իրավունքների իրացման, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման և խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետ զարգացման համար:

Հայաստանի Հանրապետությունը սերտորեն կհամագործակցի խաղաղ գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնող իշխանությունների հետ և հետևողականորեն կպաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը՝ առանց որևէ սահմանափակման։

Վստահ ենք, որ Արցախի նորընտիր իշխանությունները հատուկ պատասխանատվությամբ կստանձնեն բանակցային գործընթացում իրենց առանցքային դերակատարումը»,- ասված է հայտարարությունում:

Ապրիլի 14-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Արայիկ Հարությունյանը ստացել է քվեների 88 տոկոսը, Մասիս Մայիլյանը՝ 12 տոկոսը։

Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արայիկ Հարությունյանին շնորհավորել են ՀՀ նախագահը, վարչապետը և ԱԺ նախագահը։

Մեկնաբանել