Մարդիկ տեղյակ չեն՝ ինչպես օգտվել սոցիալական ծրագրերից. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված՝ կառավարության սոցիալական ծրագրերի մասին մարդկանց տեղեկացվածության ցածր մակարդակից: Կառավարության ապրիլի 16-ի նիստում գործադիրի ղեկավարը հանձնարարեց պրոֆիլային գերատեսչություններին և պետական օղակներին շատ լուրջ զբաղվել այդ ծրարգերի լուսաբանմամբ, որպեսզի պոտենցիալ շահառումները հստակ իմանան՝ ինչպես օգտվել:

Վարչապետը նշեց, որ երբեմն ինքն է ստիպված լինում անձամբ պատասխանել քաղաքացիների՝ իր ֆեյսբուքյան էջին ուղղած հաղորդագրություններին՝ տեղեկացնելով մարդկանց սոցիալական ծրագրերից օգտվելու մանրամասների մասին:

«Անձամբ եմ կարդացել իմ ֆեյսբուքյան էջին ուղղված նամակները և կարող եմ ասել, որ ունենք մի քանի խումբ խնդիրներ: Առաջինը՝ շատ մեծ թվով մարդիկ տեղեկացված չեն, որ հանդիսանում են այս կամ այն ծրագրի շահառու: Սա պետք է ազդակ լինի, որ մենք զանգվածային լրատվության միջոցներով, սոցիալական ցանցերով բավարար չափով չենք լուսաբանում, թե որ միջոցառումը որ խմբին է վերաբերում, և ինչ պետք է անի քաղաքացին այդ աջակցությունից օգտվելու համար», – դժգոհեց Փաշինյանը:

Այնուհետև նա կառավարության աշխատակազմի «Հանրային կապերի եվ տեղեկատվության կենտրոն» ՊՕԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանին հանձնարարեց շատ ակտիվորեն զբաղվել ծրագրերի լուսաբանման հարցերով:

«Եթե մենք ծրագրի վերաբերյալ տեսանյութ ենք հրապարակում, որն ունենում է 100 հազար դիտում, դա չի նշանակում, որ մենք լուսաբանել ենք հարցը: Լուսաբանումը կլինի այն, որ Հայաստանում այս ծրագրերի յուրաքանչյուր պոտենցիալ շահառու տեղյակ է, թե որ ծրագրից է օգտվելու», – ասաց նա:

Խնդրի մասին վարչապետ Փաշինյանը խոսեց կառավարության նիստում սոցիալական աջակցության 13-րդ միջոցառման քննարկման ժամանակ, որով նախատեսվում է ընդհանուր առմամաբ 1,2 մլրդ դրամ միանվագ աջակցություն հատկացնել նպաստառու ընտանիքներին․ «Այպիսով մենք աջակցում ենք նաև օրավարձով աշխատողներին, որոնք որևէ տեղ գրանցված չեն: Մենք նրանց գտնում ենք անուղղակի՝ նման ծրագրերի միջոցով»։

Նա նաև շեշտեց, որ ծրագրային մոդուլները միշտ չէ, որ անխափան են գործում:

«Պետք է հասկանալ, որ երբ հատկապես նման ծանր սոցիալական վիճակում մենք ծրագրեր ենք ձեռնարկում, ապա հարյուր հազարավոր մարդիկ դիմումներ են հղելու: Այս հանգամանքը պետք է հաշվի առնել, որպեսզի մեր տեղեկատվական տոխնոլոգիաների մասնագետները այնպես կառուցեն համակարգերը, որ դրանք չխափանվեն», – ասաց Փաշինյանը:

Նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ համակարգերից մեկը ստեղծվել է չորս օրում և ապրիլի 14-ին գործարկվելուց հետո 40 ժամվա ընթացքում ունի ավելի քան 264 հազար դիմում․ «Րոպեում՝ 110 դիմում: Դրանիցից 70 874 դիմումը հաջողությամբ ավարտվել է: Մնացածի մասով թերի լրացման պատճառով խնդիրներ են եղել»։

Փաշինյանը հակադարձեց․ «Չենք լուսաբանել այնպես, որ հարյուր հազարից ավելի մարդ տեղյակ լինի և ճիշտ լրացնի համապատասխան դաշտերը։ Մեր գործն այն չէ, որ անենք ուղղակի և կատարողական ցույց տանք: Մեր գործն այն է, որ մարդուն անհրաժեշտ տեղեկատվությունը հասնի, հասնի նաև անհրաժեշտ աջակցությունը: Իսկ մենք այսօր միջոցառումներն ընդունել ենք, ասել ենք, որ այդ աջակցությունը տրամադրելու ենք, բայց խնդիր ունենք այն ժամանակին տեղ հասցնելու գործում: Բոլորը ուժերը պետք է կենտրոնանան սրա վրա: Կարևոր է, որ այս աջակցությունը րոպե առաջ հասնի մարդուն»։

Վերջում կառավարությունը միաձայն հաստատեց սոցիալական աջակցության 13-րդ միջոցառումը:

Մեկնաբանել