Հայերը Թիֆլիս քաղաքում, նահանգում և գավառներում

Հայերի ներկայությունը Թիֆլիսում և համանուն նահանգում հարյուրամյակների պատմություն ունի: Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը հիմնադրվել է 12-րդ դարում: 19-րդ դարի կեսերից Թիֆլիսը դարձավ արևելահայ մշակույթի, գրչի ու խոշոր առևտրականության ամենակարևոր կենտրոնը: 

Կարելի է ասել, որ 19-րդ դարի կեսերից մինչև Ռոմանովների Ռուսաստանի անկումը՝ ավելի քան կես դար, հայերը մեծամասնություն էին կազմում Թիֆլիս քաղաքում, իսկ քաղաքագլուխները հիմնականում ընտրվում էին հայեր: 

1918 թվականի նախօրեին, երբ հռչակվեցին Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, Անդրկովկասը, որպես Ռոմանովների Ռուսաստանի ծայրամաս, բաժանված էր 9 վարչատարածքային միավորների՝ 5 նահանգ (губерния – Երևան, Ելիզավետպոլ, Բաքու, Թիֆլիս և Քութայիս), 3 մարզ (область – Կարս, Բաթում և Դաղստան) և 1 շրջան (округ – Զաքաթալ, այսօր Ադրբեջանի մաս է կազմում, հիմնականում բնակեցված էր մուսուլման վրացիներով՝ սաինգիլոներով, ինչպես նաև՝ կովկասյան ժողովուրդներով և թաթարներով):

Թիֆլիսի նահանգը բաժանված էր հետևյալ գավառների՝ Ախալքալաք, Ախալցխա, Բորչալու, Գորի, Դուշետ, Սղնախ, Թելավ, Թիանեթ և Թիֆլիս:

Թիֆլիսի նահանգում, ըստ 1897թ մարդահամարի տվյալների, հայերը գերակշռող մեծամասնություն են կազմել Ախալքալաքի գավառում՝ 72 տոկոսից ավելի, ինչպես նաև մեծամասնություն Բորչալուի գավառում՝ մոտ 37 տոկոս: Մյուս բոլոր գավառներում հայերը մեծամասնություն չեն կազմել, իսկ երկու գավառներում եղել են մեծությամբ երկրորդը. Թիֆլիսի գավառում հայերի թիվը կազմել է շուրջ 25 տոկոս, իսկ Ախալցխայի գավառում՝ 22 տոկոս:

Միանգամից նշենք, որ 1918-1920 թվականներին Ախալքալաքը երբեք չի եղել Հայաստանի Հանրապետության կազմում: Ճիշտ է նաև, որ Ախալքալաքը՝ Ջավախքը, ինչպես նաև Բորչալուի գավառը եղել են վիճալի տարածք երկու հանրապետությունների միջև: 1918 թվականի դեկտեմբերին երկշաբաթյա պատերազմ է եղել հայերի և վրացիների միջև Լոռու չեզոք գոտու համար: 

Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին մաս կազմելուց հետո հայկական և հայաբնակ մի շարք շրջաններ տարբեր վարչական բաժանումների արդյունքում մաս են կազմել Թիֆլիսի նահանգի, ինչը հետագայում հիմք է տվել վրաց պատմաբաններին պնդելու, որ այդ շրջանները պատկանում են Վրաստանին: Վրացական դասագրքերում կարելի է հանդիպել քարտեզների, որտեղ հայ-վրացական սահմանը անցնում է գրեթե Սևանի արևելյան ափով՝ իր մեջ ներառելով այօրվա Տավուշի և Լոռու մարզերի մեծագույն մասը և Շիրակի մարզի մի հատվածը:  

1921 թվականին, Հայաստանի խորհրդայնացումից հետո, Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանը միացվեց Խորհրդային Հայաստանին, իսկ խորհրդային երկու հանրապետությունների միջև սահմանագիծ հաստատելու համաձայնագիր կնքվեց, որը որոշ բացառություններով, համապատասխանում է այսօրվա Հայաստանի և Վրաստանի սահմաններին:

Քանի որ իրականությանը մոտ են 1897 թվականի ցարական Ռուսաստանի առաջին և վերջին մարդահամարի տվյալները, ներկայացնենք հայերի թվաքանակը հենց այդ ժամանակաշրջանի համար:

Տոկոսային թվերով հայերը Ախալքալաքի գավառում կազմել են ավելի քան 72 տոկոսը, Բորչալույում՝ 37, Թիֆլիսում՝ 25, Ախալցխայում՝ 22, Թելավում՝ 7, Սղնախում՝ 6, Գորիում՝ 4, իսկ Դուշետի և Թիանեթի գավառներում՝ երկուսուկես տոկոս և ցածր:

Քանի որ այսօր Բորչալուի գավառ չկա, ներկայացնենք թե որ շրջաններն էին մտնում դրա մեջ. այսօրվա Հայաստանի Լոռու մարզի մեծ մասը՝ Ալավերդու, Ստեփանավանի, Սպիտակի և Տաշիրի շրջաններ, ինչպես նաև Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Դեբեդ գետի հովիտը՝ Զորականից մինչև Դեբեդավան և Արճիս-Այրում, Վրաստանի Ծալկայի, Բոլնիսի, Դմանիսի և Մառնեուլի շրջանները: Գավառի կենտրոնը Շուլավեր գյուղն էր: Այս գավառում հայերը մեծամասնություն էին՝ 37 տոկոս, երկրորդը թաթարներն էին՝ այսօրվա ադրբեջանցիները՝ մոտ 30 և վրացիները՝ միայն 6 տոկոս: 

Թիֆլիս քաղաքում 1897 թվականի մարդահամար տվյալներով, բնակչության թիվը կազմել է 159 590, որից հայերը՝ 47 133 հոգի, ռուսները՝ 44 823 հոգի և վրացիները՝ 42 035 հոգի: Այսպիսով, 1897-ին Թիֆլիսում հայերը ոչ միայն ամենամեծ թվաքական էին, այլ այդ ժամանակ աշխարհում ամենամեծ հայկական քաղաքը Թիֆլիսն էր Կոնստանտինոպոլսից, այսօրվա Ստամբուլից հետո: 

1926 թվականին, ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով Թիֆլիսն ուներ 294 044 բնակիչ, որից վրացիները՝ 112 206 հոգի, հայերը՝ 100 148 հոգի: Այսպիսով, տասնամյակներից հետո առաջին անգամ վրացիները իրենց մայրաքաղաքում թվաքանակով հայերին գերազանցեցին 1926 թվականին: