«Յուքոմ» ընկերությունն ունի նոր տնօրեն, ասվում է «Յուքոմ» ՓԲԸ մեծամասնական բաժնետերերի կողմից ուղարկված պաշտոնական հաղորդագրության մեջ, որը ներկայացված է ստորև։
«Ս.թ. ապրիլի 14-ին, հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրենի կողմից ներկայացված աշխատանքից ազատման դիմումը, հրատապ կարգով հրավիրվել է Տնօրենների խորհրդի նիստ, որտեղ, ի թիվս այլ հարցերի, հաստատվել է նոր տնօրենի նշանակումը։
Նոր գլխավոր տնօրենը Արա Սերգեյի Խաչատրյանն է, ով որպես Տնօրենների խորհրդի անդամ պաշտոնապես միացել է Ucom ընկերության թիմին 2019թ. դեկտեմբերի 25-ին։ Մասնագիտական կենսագրությունը ներկայացված է հաջորդիվ։
Նշենք, որ ապրիլի 14-ի նիստին ներկա են գտնվել Տնօրենների խորհրդի բոլոր անդամները, սակայն Ալեքսանդր Եսայանը հայտարարել է, որ ինքը նիստը ընդունում է որպես քննարկում եւ չի մասնակցում նիստին, ինչը նույնպես ներառվել է արձանագրության մեջ (արձանագրության քաղվածքի պատճեն բերված է հաջորդիվ)։
Ucom ընկերության Տնօրենների խորհուրդը կարեւոր է համարում ընդգծել, որ.
Ըստ Ընկերության կորպորատիվ փաստաթղթերի, ընկերության գլխավոր տնօրենին նշանակում եւ ազատում է Տնօրենների խորհուրդը։
Հիմք ընդունելով ընկերության նախկին տնօրենի դիմումը՝ ընկերության խորհուրդը նոր տնօրեն է նշանակել Արա Սերգեյի Խաչատրյանին, ով ստանձնում է պարտականությունները նշանակման պահից՝ ս.թ. ապրիլի 14-ից: ՀՀ օրենսդրության համաձայն, Ucom ընկերության անունից այսուհետ իրավասու է հանդես գալ միայն գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը եւ իր կողմից լիազորված անձինք։
Ընկերության հետագա ընթացիկ գործընթացների մասով տեղեկատվություն կտրամադրի նոր տնօրենը»:
Արա Խաչատրյանը ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ տնտեսագիտության բակալավրի աստիճանով։ Մագիստրոսական աստիճանը ստացել է Լոնդոնի «Բիզնես դպրոցում» եւ ԱՄՆ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի «Բիզնես դպրոցում» (MBA): Մասնագիտական որակավորումներ ունի միջազգային ֆինանսական եւ կառավարման ինստիտուտներից։
Աշխատել է PWC, Baker Tilly, Path միջազգային կառավարման խորհրդատվական ընկերությունների առանցքային պաշտոններում, իսկ վերջին տարիներին՝ «Գալաքսի» ընկերությունների խմբում։ Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Հանդիսանում է Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության խորհրդատվական մարմնի անդամ։
Ամուսնացած է, ունի մեկ զավակ»։
***
Ապրիլի 10-ին հաղորդվեց, որ «Յուքոմի» հիմնադիր տնօրեն և փոքր բաժնետեր Հայկ Եսայանը, ինչպես նաև ընկերությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող նրա եղբայր Ալեքսանդր Եսայանը հրաժարական են տվել, ինչին հետևել է ընկերության ավելի քան 500 աշխատակիցների աշխատանքից ազատման դիմում գրելը։ Նշվում էր, որ հրաժարականը պայմանավորված է մեծամասնական բաժնետերերի հետ տարաձայնություններով։
Հաջորդ օրը՝ ապրիլի 11-ին, Հայկ Եսայանը հայտարարեց, որ իրենց բաժնեմասը (6 տոկոս) չեն վաճառելու և նպատակ ունենք գնել «Յուքոմի» 94 տոկոս բաժնեմասը։
Ապրիլի 13-ին տարածվեց «Յուքոմի» կառավարման խորհրդի հայտարարությունը։