Հակասական հայտարարություններ «Յուքոմի» տնօրենի նշանակման շուրջ

«Յուքոմը» նոր տնօրեն չի նշանակել և ընկերության տնօրեն շարունակում մնալ Հայկ Եսայանը։ Այս մասին ասված է «Յուքոմ» ՓԲԸ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ նոր տնօրեն նշանակելու մասին հայտարարություն լրատվամիջոցները ստացել են «Գալաքսի» ընկերությունների խմբի հաղորդակցության բաժնի կողմից։ 

Այսօր ավելի վաղ «Գալաքսի» ընկերությունների խումբը հայտարարել էր, որ «Յուքոմի» տնօրենների խորհրդի որոշմամբ՝ հեռահաղորդակցության օպերատորի նոր տնօրեն է նշանակվել Արա Խաչատրյանը։ Դրա վերաբերյալ հրապարակվել էր նաև տնօրենների խորհրդի որոշման արձանագրությունը։

«Յուքոմ» ՓԲԸ-ի անունից հրապարակված հայտարարությունում նշվում է, որ այդ փաստաթուղթն իրավական ուժ չունի։ «Յուքոմ»-ից ստացված հաղորդագրությանը կցվել են իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համապատասխան քաղվածք, ըստ որի՝ Հայկ Եսայանն է հանդիսանում «Յուքոմի» գլխավոր տնօրեն։ 

«Հայտնում ենք նաև, որ միայն Հայկ Եսայանի խնդրանքով են ազատման դիմում գրած բոլոր 865 աշխատակիցները շարունակում ապահովել կազմակերպության բնականոն աշխատանքը: Ուստի նման հայտարարությունները ավելորդ լարվածություն և պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում կազմակերպության ներսում: Հորդորում ենք չտրվել նման գործելաոճին և շարունակել բանակցային գործընթացը, որի մասին հայտարարել ենք»,- ասված է հաղորդագրությունում։ 

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ ներկայում «Յուքոմի» բոլոր բաժնետերերի շահերը ներկայացնող իրավաբաններն աշխատում են պայմանավորվածություններն ամրագրող փաստաթղթի վրա։ 

Մկրտիչ Կարապետյան

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի