ԱԻՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 5 դեպք. փոխնախարար

ԱԻՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 5 դեպք. 3-ն այժմ բուժվում են, 2-ն արդեն բուժվել են: Այս մասին ապրիլի 17-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

«Կա քառասուն մեկուսացված ծառայակից», – ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակը մարտահրավեր է ծառայության համար:

«Միայն վարակվածությամբ ու դրա բուժմամբ չի ավարտվում հարցը մեզ մոտ: Մենք ուժերի վերաբաշխում ենք կատարում, որպեսզի իրականացնենք հասարակությանը մատուցվող ծառայությունները», – ասաց նա:

Փոխնախարարը նաև նշեց, որ Հայաստանում համավարակի տարածումից ի վեր ԱԻՆ-ը տեխնիկապես վերազինվել է և ստացել անհրաժեշտ պաշտպանիչ պարագաներ՝ 175 վարակազերծման սարք։ Ծառայությունը վարակազերծման աշխատանքներ է կատարում հանրային տարածքներում, այդ թվում՝ բանկերի, վարկային կազմակերպությունների և պետական կառույցների դիմումով։

«Առանձին դեպքերում, եթե համայքները չեն հասցնում ու կոնկրետ դեպքով դիմում են, կարող ենք աջակցել», – ասաց նա: 

Արմեն Հարությունյանը նաև հայտնեց, որ չնայած արտակարգ դրությանը՝ երկրում ավելացել են արտակարգ դեպքերը:

«2020 թվականի առաջին եռամսյակում 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 190-ով ավելացել են արտակարգ դեպքերը: Պետք է հաշվի առնենք, որ այժմ գտնվում ենք նաև հրդեհային սեզոնում, և կոչ եմ անում մեր քաղաքացիներին պահպանել հրդեհային անվտանգության կանոնները», – ասաց Արմեն Հարությունյանը:

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի՝ ԱԻՆ ծառայողները, որոնք այս ընթացքում աշխատում են առանց հանգստի, կպարգևատրվեն: