Ինչպիսին կլինի Հալաբյանի վրայի նոր թաղամասը, պարզաբանել է քաղաքապետի խոսնակը

Երևանի քաղաքապետարանը նախօրեին հաղորդեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանին է ներկայացվել Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման առաջարկ։ Առաջարկը ներկայացրել է «Ռենովեյշն փրոջեքթ մենեջմենթ քամփնի» ընկերությունը:

ՍիվիլՆեթի հետ զրույցում քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը որոշ մանրամասներ ներկայացրեց ներկայացված ծրագրի մասին։ Համաձայն էսքիզային նախագծի՝ նախատեսվում է հինգ բազմահարկ շենքերի կառուցում, ինչն ամբողջությամբ կլուծի նաև նշյալ տարածքում առկա վթարայնության աստիճան ունեցող վեց շենքերի բնակիչների վերաբնակեցման խնդիրը:

«Գաղափարը շատ պարզ է՝ կառուցապատողը կառուցում է շենք, պարտավորվում է այդ շենքի մի զգալի մասը հատկացնել ներկայում այդ տարածքում ապրող քաղաքացիներին և լրացուցիչ հարկայնության հաշվին ստանալ իր շահույթը»,- նշեց քաղաքապետի խոսնակը:

Հակոբ Կարապետյանը  Ըստ նրա՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի համար քաղաքի զարգացման այդ ուղղությունը շատ կարևոր նշանակություն ունի մետրոպոլիտենի՝ այդ ուղղությամբ զարգացման ծրագրի առումով: 

Հարցին, թե որքանով կապ ունեն բնակելի համալիրի և մետրոյի նոր կայարանի ներդրումային ծրագրերը իրար հետ, Հակոբ Կարապետյանը պատասխանեց. «Կապն անուղղակի է, այդ թաղամասում տուն ունեցողը կիմանա, որ ինքը տուն ունի մետրոյի մոտ։ Իսկ երկու ծրագրերի ներդրողները նույնը չեն»:  

Բնակիչներին նորակառույց բազմաբնակարաններում կտրամադրվեն իրենց բնակմակերեսին համապատասխան վերանորոգված բնակարաններ, ավտոտնակներ ունեցողներն էլ ստորգետնյա ավտոկայանատեղիներում կստանան տարածքներ: Շուրջ 35 000 քմ տարածքից միայն շուրջ 6 000 քմ-ն է լինելու կառուցապատման ենթակա, մյուս հատվածներն ամբողջությամբ բարեկարգվելու են, կանաչապտվելու և դառնալու են ընդհանուր օգտագործման հանրային տարածքներ:

Քաղաքապետարանը առաջիկայում ծրագիրը ներկայացնելու է  կառավարության քննարկմանը:

Գեղեցիկ Ոսկանյան