Կովիդ 19-ը, աշխարհը և Հայաստանը․ ինչ դասեր քաղել

Արտյոմ Պետրոսյանը Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի ուսանող էԱրտյոմ Պետրոսյան

Փաստ է, որ Կովիդ 19-ի հասցրած վնասը աշխարհին անդառնալի է, քանի որ այն խլեց տասնյակ հազարավոր կյանքեր։ Կովիդ 19-ը շատ կարճ ժամանակահատվածում մեզ ցույց տվեց, թե ինչքան անպաշտպան և խոցելի է մեզ այդքան հզոր թվացող աշխարհը։ Պարզ դարձավ, որ գերտերությունները, միջազգային կազմակերպությունները, միությունները, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Եվրոպական միությունը և այլն… չունեն մշակված գլոբալ ծրագրեր նման դեպքերի դեմ արագ և միասնական պայքարելու համար։ Սակայն ունենք այն ինչ ունենք։ Պետք է շարունակել ապրել և ճանապարհներ գտնել, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ նվազագույն վնասով։

Կովիդ 19 vs տնտեսություն

Ճգնաժամի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա արդեն իսկ շատ մեծ է։ Դա պայմանավորված է նրանով, որ ճգնաժամը բավական մեծ արագությամբ ոչնչացնում է բիզնեսի համար կենսական նշանակություն ունեցող շղթաներ, օրինակներից մեկը՝ մատակարար-տրանսպորտ-արտադրող-գնորդ շղթան։

Տրանսպորտի բացակայության, սահմանները փակ լինելու, մաքսակետերում առաջացած հերթերի պատճառով մատակարարը հնարավորություն չունի հումքը ժամանակին հասցնել արտադրողին, վերջինս նույն պատճառով ի վիճակի չէ արտադրանքը փոխանցել գնորդին, իսկ գնորդը՝ սպառողին։ Վտանգավոր մի իրավիճակ է ստեղծվել, երբ շղթայի մեջ գտնվող ընկերությունները, ունենալով ապրանք, արտադրանք, չեն կարողանում որևէ կերպ այն վերածել դրամի։

Այսօր համաշխարհային տնտեսությունը հասել է գլոբալիզացիայի պիկին, և այն արդեն հնարավոր չէ բաժանել կամ տարանջատել, պետք է դրա հետ համակերպվել։ Բերեմ մեկ օրինակ․ IPhone արտադրելու համար հարկավոր է ներգրավել մարդկանց և ռեսուրսներ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Չինաստանից, Մալայզիայից և այլ երկրներից։ Դա պայմանավորված է նրանով, որ մենք ապրում ենք գլոբալ տնտեսության մեջ, և բոլորը ազդում են միմյանց վրա։ Շղթայի որևէ օղակի թուլացումը հարցականի տակ կդնի ողջ շղթայի արդյունավետություն։ Այս իրավիճակում շատ վտանգավոր է հայտնվել այսպես կոչված «դոմինոյի» էֆեկտի մեջ։ Ինչքան էլ ձեր բիզնեսը ամուր և անխոցելի լինի, ինչքան էլ դուք գրագետ բիզնես վարեք, եթե ձեզ նախորդող կամ հաջորդող գործընկերները թուլացան դուք գրեթե ամուր կանգնելու շանս չեք ունենալու։

Ճգնաժամի ազդեցությունը Հայաստանում առաջին հերթին իրենց վրա զգացին օֆլայն առևտրով զբաղվորղները։ Կարելի է ասել, որ Հայաստանում արտակարգ իրավիճակ հայտարարելուց դեռևս երկու, երեք շաբաթ առաջ այս ոլորտում աշխատող ընկերությունների վաճառքները 30-50% արդեն իսկ կրճատվել էին։ Այս պահին օֆլայն առևտրով զբաղվող ընկերությունների գերխնդիրն է պահպանել աշխատատեղերը, վարձակալած տարածքները և վճարել արդեն իսկ առաջացած ֆինանսական պարտքերը։

Կովիդ 19- ի ուսուցողական նշանակությունը

Այս համաճարակը որոշակի առումով ունի նաև ուսուցողական նշանակություն, քանի որ ստիպեց հասարակությանը առօրյա կյանքում գտնել նոր լուծումներ, և ի ցույց դրեց այն բոլոր բացթողումները, թերությունները, որոնք առկա էին մեր առօրյա կյանքում և որոնք մենք չէինք նկատում։ Ըստ էության՝ ամբողջ աշխարհում անցում կատարվեց մեկ արժեքից մյուսը՝ տեղում հանդիպումներից մինչև առցանց հանդիպումներ, փողոցի անկյունի խանութից դեպի web խանութ, բանկի փոխարեն՝ հավելվածներ, փոստի փոխարեն՝ email, հեռավար ուսուցում և այլն…

Ինքնամեկուսացման և զարգացող ճգնաժամի պայմաններում փոփոխվեցին մարդկանց միջև ձևավորված վարքը, հաղորդակցման միջոցները, սովորույթները և նախապատվությունները։

Կովիդ 19 vs արժեքների փոփոխություն

Մեզ սպասում է գործող տնտեսական մոդելների լայնածավալ վերափոխում։ Այս պրոցեսսը կներառի աշխարհի բոլոր երկրները, և Հայաստանն այստեղ բացառություն չէ։ Ակնհայտ է, որ այս ճգնաժամից հետո մեծ դժվարությամբ, բայց շուկան կվերականգնվի, սակայն այն լրիվ այլ կլինի։ Եթե որևէ մեկը սպասում է, որ բան չի փոխվելու, ապա այստեղ նա թույլ է տալիս իր բիզնեսի համար շատ մեծ ռազմավարական սխալ։ Շատ մեծ արագությամբ վաճառքները օֆլայնից անցնելու են օնլայնի, և այն ընկերությունները, որոնք մինչ օրս դրան այդքան էլ մեծ ուշադրություն չեն դարձրել, հիմա պարտավոր են դրա հետ հաշվի նստել, հակառակ դեպքում դուրս կմնան մրցակցությունից։

Ընկերություններին անհրաժեշտ է դրսևորել ճկունություն և անընդհատ հարմարվել փոփոխվող միջավայրին։

Կարելի է ասել, որ արդեն իսկ ի հայտ է եկել սպառողների նոր սեգմենտ՝ տնային գրասենյակների աշխատողներ, որոնց պահանջները և մոտեցումներն այլ են։ Ընկերություններն արդեն հասկացել են, որ որոշ մասնագիտություններ էլ պետք չեն, որոշ մասնագետների աշխատելը գրասենյակից, թե տնից, էապես բան չի փոխում… Անհրաժեշտ է, որ ընկերությունները հնարավորինս արագ ուսումնասիրեն այս նոր ձևավորվող սեգմենտի պահանջարկը, հասկանան, թե արժեքային ինչպիսի առաջարկ կարող է նրանց անել։ Պետք է գիտակցել, որ ճգնաժամը ոչ միայն մարտահրավեր է նետում ձեզ, այլ նաև նոր հնարավորություններ է ստեղծում։ Փնտրե՛ք այդ հնարավորությունները, գտե՛ք դրանք և ճի՛շտ օգտագործեք։

Կառավարություն vs Կովիդ 19-ի հետևանքներ

Նման իրավիճակում մեծ է ճշմարտության արժեքը։ Բիզնեսով զբաղվողներին անհրաժեշտ է աշխատող և իրականությանը համապատասխանող տեղեկություն, որին հնարավոր կլինի վստահել, որը օգտակար կլինի բիզնեսմեններին երկարաժամկետ որոշումներ կայացնելու համար։ Տեղեկությունները ամբողջ աշխարհում շատ հաճախ են փոփոխության ենթարկվում, և շատ կարևոր է որոշում կայացնելիս վստահ լինել, որ դու տիրապետում ես վերջնական և իրականությանը համապատասխանող տեղեկությանը։

Այստեղ մեծ է երկրի կառավարության դերը։ Կարծում եմ, որ պետք է առանձին մոտեցում ցույց տալ ճգնաժամային կառավարմանը (crisis management)։ Կանխարգելիչ գործողությունները, ծրագրային օգնությունները կարևոր են, բայց դրանցով սահմանափակվել չի կարելի։ Պետք է կառավարել ճգնաժամը, դրա հետևանքները։ Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում կա ճգնաժամային կառավարիչ մասնագիտությունը։

Մեր հասարակությունը շատ զգայուն է և, որպես կանոն, յուրաքանչյուր ցնցումից հետո շատ երկար է տևում բնականոն կյանքին վերադառնալու գործընթացը։ Մեծ ուշադրություն պետք է դարձնել, որ հասարակությունը հնարավորինս արագ դուրս գա սթրեսային վիճակից։

Ճապոնիայում գրեթե ամեն օր տեղի են ունենում երկրաշարժեր։ Պատկերացրեք մի պահ, որ ամեն երկրաշարժից հետո երկրի բնակչությունը օրերով փակվի տանը, դադարի գնումներ կատարել, դադարի աշխատանքի գնալ… Քանի՞ օր կդիմանա երկրի տնտեսությունը։ Իսկ թե ինչ տնտեսություն ունի Ճապոնիան, թերևս ավելորդ է դրա մասին խոսելը։ Ճապոնացիները պետական ծրագիր ունեն, որով սովորեցնում են մարդկանց կառավարել սթրեսը․ «ավարտվեց երկրաշարժը, քեզ հետ ամեն ինչ նորմալ է, շարունակիր ապրել, շարունակիր անել այն, ինչ ծրագրել էիր»։ Եվ մարդիկ այդպես էլ վարվում են։ Նման մոտեցումը շատ կարևոր է տնտեսությունը ամուր պահելու համար, և վատ չէր լինի, եթե Հայաստանում նույնպես դա ուշադրության արժանանար։

Մեկնաբանել