Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ՀՀ 135 քաղաքացիներ են մնացել

ՀՀ 135 քաղաքացիներ գտնվում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում և չեն կարող վերադառնալ Հայաստան։ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանից հայտնում են, որ դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է նրանց հետ։ Քաղաքացիները հրաժարվել են դեսպանի՝ հյուրատներ տեղափոխվելու առաջարկից: Ինչպես նշվում է դեսպանության հաղորդագրության մեջ, վերջիններս հրաժարվել են նաև դեսպանության առաջարկած սննդից։

«Օդանավակայանում այս պահին գտնվում է 135 ՀՀ քաղաքացի։ Եվս մեկ անգամ նշենք, որ առաջիկայում չվերթ դեպի Հայաստան չի նախատեսվում։ Հնարավոր չվերթի մասին տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ», – ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

«Դոմոդեդովո»-ի ղեկավարությունն արդեն իսկ հորդորել է ՀՀ քաղաքացիներին լքել օդանավակայանի տարածքը, քանի որ նրանք առաջացնում են կուտակումներ և չեն պահպանում սոցիալական հեռավորություն, ինչը ՌԴ առողջապահական անվտանգության միջոցառումների խախտում է:

Խնդրի մասին ՀՀ դեսպանությանը տեղեկացրել է «Դոմոդեդովո» օդանավակայանի ղեկավարությունը՝ արձանագրելով, որ քաղաքացիների՝ օրեր շարունակվող կուտակումները խնդրահարույց իրավիճակ են ստեղծել օդանավակայանի տարածքում:

Ապրիլ ամսին Մոսկվա-Երևան երեք չվերթ է կազմակերպվել, որոնց միջոցով հայրենիք են վերադարձել ավելի քան 600 ՀՀ քաղաքացիներ: Երրորդ չվերթը տեղի ունեցավ ապրիլի 12-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից, որով հայրենիք վերադարձավ 230 քաղաքացի․ նրանցից 201-ի մեկնումը կազմակերպվել է անվճար։

Չարթերային չվերթներով Հայաստան վերադարձած քաղաքացիներն անմիջապես օդանավակայանից տեղափոխվել են մեկուսացման հատուկ վայրեր՝ 14-օրյա կարանտինային պարտադիր ռեժիմի։

Դեսպաությունից հայտնում են, որ Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվածների թիվը հատում է 2000-ը։

Մեկնաբանել