Ապօրինի գույքի բռնագանձում. ճանապարհ դեպի արդարությո՞ւն, թե՞ տնտեսական քաոս

Ազգային Ժողովն ապրիլի 16-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն ու կից ներկայացված նախագծերի փաթեթը։ Առաջին և երկրորդ ընթերցումների միջև ընկած ժամանակահատվածում փաթեթի մի շարք դրույթների շուրջ վերապահություններ են հայտնել մասնագիտական հանրույթի (իրավաբաններ, տնտեսագետներ) տարբեր ներկայացուցիչներ։ Չցանկանալով ներգրավվել նեղ մասնագիտական քննարկումներում, հատկանշական է, որ նմանատիպ ցանկացած օրենքի հիմքում դրվում է արդարության վերականգնման և պատժի անխուսափելիության գաղափարը, ինչի հետ, իհարկէ, դժվար է չհամաձայնել։ Սակայն ցանկացած գործողություն, այդ թվում օրենքի ընդունում, պետք է գնահատել նախևառաջ հնարավոր հետևանքների և արդյունքների համատեքստում։

Հասկանալի է, որ նմանատիպ օրենքներ ընդունվել և գործում են նաև արևմտյան մի շարք առաջավոր պետություններում՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և այլն։ Սակայն այստեղ շատ կարևոր է խուսափել մեխանիկական կրկնօրինակումից։ Հայաստանում ընդունված օրենքի գործողության ժամկետը տարածվում է վերջին 29 տարիների վրա, այսինքն, սկսած ՀՀ անկախության հռչակումից։ Հայաստանում, ինչպեսև նախկին խորհրդային այլ հանրապետություններում հատկապես 1990-ականների առաջին կեսին տեղի է ունեցել տնտեսական կացութաձևի արմատական փոփոխություն՝ կատարվել է արագ և կոշտ անցում պլանայինից դեպի ազատ շուկայական տնտեսություն՝ շոկային թերապիայի տարրերի ակտիվ կիրառմամբ։

Առաջին հերթին արևմտյան պետությունների և կազմակերպությունների հորդորով արագ տեմպերով իրականացվել է սեփականաշնորհում՝ հիմնականում բնակչությանը վաուչերներ տրամադրելու, իսկ հետո դրանք անվանական արժեքից շատ ավելի ցածր գներով ձեռք բերելու և վաուչերներով գույք գնելու միջոցով։ Հայաստանում այդ գործընթացը զուգակցվել է լայնածավալ պատերազմական գործողություններով և 1993-ի նոյեմբերի դրամական ռեֆորմով։ Հիշեցնենք, որ դրանով խորհրդային 200 ռուբլին փոխարինվեց 1 դրամով, ընդ որում` փոխանակման ենթակա ռուբլիների քանակը սահմանափակ էր։ Յուրաքանաչյուր չափահաս քաղաքացու թույլատրվում էր փոխանակել առավելագույնը 50 000 ռուբլի և ստանալ 250 դրամ, իսկ մնացած ռուբլիները անհրաժեշտ էր չորս օրվա ընթացքում ձևակերպել որպես ավանդ խնայբանկերի հատուկ հաշիվներում։ 1993-ի նոյեմբերի 22-ին, ըստ Հայաստանի Հանրապետություն թերթի, սահմանվել էր 1 ԱՄՆ դոլար/100 դրամ փոխարժեք։ Այսինքն, 1993-ի նոյեմբերին գործող կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր չափահաս քաղաքացի կարող էր ունենալ առավելագույնը 2,5 ԱՄՆ դոլարին համարժեք կանխիկ գումար։ Եթե հաշվի առնենք, որ հանրապետությունում 1994-ից ի վեր իրականացվել է ակտիվ սեփականաշնորհման գործընթաց, ակնհայտ է, որ հատկապես դրամի ներդրման առաջին տարիներին սեփականաշնորհման գործարքներն ու գույքի ձեռքբերումները լուրջ կասկածներ են հարուցում թե՛ օրինականության և թե՛ արդարության տեսակետից։

Այսինքն, եթե ցանկանում ենք առաջնորդվել արդարության վերականգնման և պատժի անխուսափելիության գաղափարով, ապա պետք է չեղյալ հայտարարել 1991-ի սեպտեմբերից հետո Հայաստանում կատարված գործարքների բացարձակ մեծամասնությունը։ Արդարության հաստատման այս տրամաբանությամբ պետք է դիտարկել նաև մինչև 1917-ի բոլշևիկյան հեղափոխությունը Հայաստանի ներկայիս տարածքում գույք ունեցող անձանց ժառանգներին այդ գույքի վերադարձման անհրաժեշտության հարցը։

Միևնույն ժամանակ, եթե հենվում ենք միջազգային փորձի վրա, ապա 1991-ի ԽՍՀՄ փլուզումը և պլանային տնտեսությամբ առաջնորդվող մեկ պետության փոխարեն շուկայական տնտեսության սկզբունքներ որդեգրած 15 նորանկախ պետությունների ձևավորումը կարելի է համեմատել Անգլիական բուրժուական, Ֆրանսիական մեծ հեղափոխության կամ էլ ԱՄՆ-ի կազմավորման հետ։ Դժվար թե այդ պետություններում ընդունված նմանատիպ օրենքները ենթադրում են, ասենք, Ֆրանսիայում 1789-ից կա՛մ 1871-ից, կա՛մ էլ ԱՄՆ-ում 1776-ից հետո տեղի ունեցած գործարքների և դրանց արդյունքում ձեռք բերված գույքի օրինականության ստուգում։

Հետևաբար, պետք է արձանագրել, որ օրենքի ընդունմամբ, որքան էլ ցավալի է, անհնար է հասնել արդարության ամբողջական վերականգնման։ Հետևաբար, նմանատիպ օրենքների արդյունավետությունը պետք է գնահատել ոչ թե անցյալում կատարված անարդարությունների հետևանքների վերացման, այլ ապագայում դրանց ունենալիք ազդեցության համատեքստում։ Այս առումով այս օրենքը թերևս կարող է հանգեցնել տնտեսական բացասական հետևանքների, այդ թվում՝ կապիտալի արտահոսքի և, որ ամենակարևորն է, ներդրումների էական նվազման։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ «երրորդ անձի կողմից ձեռք բերված գույքը ենթակա չէ բռնագանձման, միայն եթե դատարանում ապացուցվում է, որ նա գույքը ձեռք բերելիս չգիտեր և ողջամտորեն չէր կարող իմանալ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու մասին», ապա ցանկացած ներդրող, որը օրենքի ընդունումից հետո Հայաստանում կցանկանա ձեռք բերել կոմերցիոն կամ արտադրական նշանակության տարածք կամ հող, հարկադրված կլինի հավելյալ էական միջոցներ ծախսել այդ գույքի օրինականությունը ստուգելու համար։ Սակայն շատ դեպքերում տարբեր պատճառների բերումով նման գործըթնացի իրականացումն անհնար կլինի, ինչը նշանակում է, որ շատ ներդրողներ պարզապես կհրաժարվեն Հայաստան գալուց։ Աշխարհում միշտ էլ կոշտ պայքար է գնացել ներդրումներ ներգրավելու համար, իսկ ներկայիս համաշխարհային տնտեսական ճգնաժամը է՛լ ավելի կսրի այդ գործընթացը։

Մեկ այլ խնդիր է բանկերում գրավադրված գույքերի ճակատագիրը։ Գաղտնիք չէ, որ հայկական միջին և խոշոր բիզնեսի գույքերի մեծ մասը գրավադրված է բանկերում, և հասկանալի չէ՝ այդ գույքերի ապօրինի լինելը արձանագրվելու դեպքում ինչ է լինելու դրանց հետ՝ բռագանձվելու են հօգուտ օրինական համարվող տերերի՞, հօգուտ պետությա՞ն, թե՞ համարվելու են բանկերի սեփականություն։ Այդ դեպքում, ի՞նչ է լինելու այդ գույքերի գրավադրման դիմաց տրված վարկերի մարման գործընթացի հետ։

Ազգային Ժողովի ընդունած օրենքը օբյեկտիվորեն չի կարող հանգեցնել արդարության համապարփակ վերականգնմանը, սակայն պարունակում է տնտեսական քաոսի առաջացման ռիսկեր։

Մեկնաբանել