Մատչելիության հանձնաժողով. նոր բյուրոկրատական կառո՞ւյց, թե՞ անարգել միջավայրի խթան

Մատչելիության հիմնախնդրի մասին արդեն այնքան է ասվել և գրվել, որ կարծես, ավելացնելու էլ բան չկա։ Շահագրգիռ բոլոր օղակները` պետական մարմինները, հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցները, հաշմանդամություն ունեցող մարդիկ և նրանց ընտանիքները, քաջատեղյակ են այս խնդրի մասին։ Բոլորը ցանկանում են, որ մեր երկրում վերանան միջավայրային խոչընդոտները։ Սակայն զարմանալիորեն տասնամյակների ընթացքում այս կարևոր ոլորտում արձանագրել ենք միայն հատվածային առաջընթաց։ Մեծ հաշվով, միջավայրը մնում է անմատչելի կամ դժվարամատչելի հազարավոր մարդկանց համար։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՀՀ օրենքի նախագծում այս խնդրին պատկառելի տեղ է հատկացված։ Ընդ որում, խոսքը ոչ միայն ֆիզիկական, այլ նաև տեղեկատվական անմատչելիության խնդրի լուծման մասին է։ Մասնավորապես, օրինագծի 6-րդ գլուխը ամբողջությամբ նվիրված է Մատչելիության հանձնաժողովին։ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ստեղծվելիք այս կառույցը կատարելու է մատչելիության վերահսկողության և խթանման պետական մարմնի գործառույթները։

Զգուշավոր լավատեսությամբ նշեմ, որ Հանձնաժողովն օժտված է բավականին լայն լիազորություններով, ինչը հույս է տալիս ենթադրելու, որ այն չի դառնա հերթական անիմաստ բյուրոկրատական կառույցը, այլ գործնականում խթանելու է համընդհանուր դիզայնի կիրառումը Հայաստանում։ Կարևոր է, որ Հանձնաժողովը ունենալու է նաև ֆինանսական լծակներ` մատչելիության չափանիշները խախտող կազմակերպությունների վրա ազդելու համար։ Ընդ որում, Հանձնաժողովի կողմից նշանակված տուգանքների գումարները վճարվելու են ՀՀ պետական բյուջե և օգտագործվելու են բացառապես հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար ու մատչելի պայմաններ, անկախ կյանք ապահովելու նպատակներով։ Այդ միջոցները օգտագործվելու են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացման, մասնավորապես` աջակցող միջոցների ձեռքբերման և տրամադրման, աջակցող միջոցների ստեղծման, հայաֆիկացման կամ այլ կերպ փոփոխման համար։

Մտահոգություններ

Ստեղծվելիք Հանձնաժողովի վերաբերյալ ունեմ նաև որոշակի մտահոգություններ։ Օրինակ, օրենքի նախագծի 25-րդ հոդվածում (Հանձնաժողովի կազմավորման կարգը) զարմանալիորեն առկա չէ պահանջ, ըստ որի՝ հինգ հոգուց բաղկացած Հանձնաժողովի անդամների մեծամասնությունը պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձինք։ Ընդամենը նշված է. «Հանձնաժողովի կազմում թեկնածուներ նշանակելիս նախապատվությունը տրվում է հաշմանդամություն ունեցող անձին»։ Այս` բավականին թույլ և լղոզված դրույթը, կարող է չաշխատել, և տեսականորեն Հանձաժողովի կազմի անդամներից և ոչ մեկը կարող է հաշմանդամություն չունենալ։

Նման դեպքում կոտնահարվի հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային շարժման հիմնական կարգախոսը` «Ոչինչ մեզ համար առանց մեր մասնակցության» (Nothing About Us Without Us)։ Եվ խնդիրն այստեղ ամենևին կարգախոսին ձևական հետևելը չէ։ Փորձը ցույց է տալիս, որ տվյալ ոլորտի լավագույն փորձագետները խնդիր կրող անձինք են։ Ո՞վ կարող է ավելի լավ պատկերացնել կույր մարդկանց համար անհրաժեշտ հարմարությունները, եթե ոչ չտեսնող անձը։ Ինչպե՞ս կարող է համեմատվել տեղաշարժման որևէ խնդիր չունեցող «մասնագետի»՝ գրքերից ձեռք բերված գիտելիքը սայլակ օգտագործող անձի փորձառության հետ։

Ուսանելի է Միացյալ Թագավորության օրինակը։ Երբ Մեծ Բրիտանիայում իրականացվում է որևէ կարևոր հաստատության (օրինակ` թանգարանի, համերգասրահի, պետական մարմնի շենքի) մատչելիության մոնիտորինգ, այդ գործընթացը պարտադիր կերպով իրագործում է միայն հաշմանդամներից բաղկացած հանձնաժողովը։ Ընդ որում, հանձնաժողովում ներառվում են տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող մարդիկ (չտեսնող, չլսող, մտավոր, տեղաշարժման խնդիրներ ունեցող անձինք և այլն)։ Բնականաբար, նրանք պատահական մարդիկ չեն, այլ ընտրվում են փորձագետների շարքից։ Դիտարկվող հաստատությունում շրջելիս հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գրանցում է անձամբ իր համար խոչընդոտ հանդիսացող փաստերը կամ թերությունները, ինչից հետո կազմվում է ամփոփ եզրակացություն։ Հանձնաժողովի հանձնարարականները պարտադիր բնույթ են կրում հաստատության վերանորոգումը կամ կառուցումն իրագործող կազմակերպության համար (բացառությամբ այն դեպքերի, երբ առաջարկվող փոփոխությունները հնարավոր չէ դասել խելամիտ հարմարեցումների շարքին)։

Հույժ կարևոր է, որ մեր երկրում ստեղծվելիք Մատչելիության հանձնաժողովի կազմում ընդգրկվեն հաշմանդամություն ունեցող լավագույն փորձագետները։ Այդ դեպքում վերջիններիս ջանքերի և նվիրվածության շնորհիվ բոլորս կարճ ժամկետներում զգալի առաջընթացի ականատեսը կլինենք։

Արմեն Ալավերդյան, «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն