Ո՛չ, կորոնավիրուսը չի փոխի գլոբալ աշխարհակարգը․ Ջոզեֆ Նայ

Փափուկ ուժի (soft power) տեսության հայր, Հարվարդի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Ջոզեֆ Նայը Foreign Policy հանդեսում հրապարակած հոդվածում քննարկում է, թե արդյոք Covid-19 համավարակը կփոխի ուժերի հարաբերակցությունը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, մի հարց, որ այս օրերին շատ է քննարկվում։ «Մենք պետք է թերահավատորեն վերաբերվենք այն պնդումներին, որ այս համաճարակը փոխում է ամեն ինչ»,- կարծում է Նայը։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Ինչպե՞ս կվերափոխի կորոնավիրուսի համաճարակը աշխարհաքաղաքականությունը: Շատ մեկնաբաններ կանխատեսում են գլոբալիզացիայի այն ժամանակաշրջանի ավարտը, երբ աշխարհը բարգավաճում էր ԱՄՆ ղեկավարության ներքո՝ 1945 թվականից այս կողմ: Ոմանք այստեղ տեսնում են այն շրջադարձային կետը, որտեղ Չինաստանը կգերազանցի Միացյալ Նահանգներին՝ որպես համաշխարհային տերություն: Իհարկե, փոփոխություններ կլինեն, բայց պետք է զգույշ լինել ենթադրություններում, թե մեծ պատճառները մեծ ազդեցություն են թողնելու:

Օրինակ, 1918-1919թթ. գրիպի համաճարակը ավելի շատ մարդկանց կյանք խլեց, քան Առաջին աշխարհամարտը, բայց դրան հաջորդած երկու տասնամյակների ընթացքում տևական գլոբալ փոփոխությունները ոչ թե համաճարակի հետևանք էին, այլ պատերազմի:

Գլոբալիզացիան կամ մայրցամաքների միջև փոխկապվածությունը, տրանսպորտի և կապի տեխնոլոգիաների փոփոխությունների արդյունք են, և դրանք դժվար թե դադարեն: Տնտեսական գլոբալիզացիայի որոշ հարթություններում, ինչպիսին է առևտուրը, կլինի կրճատում, բայց ֆինանսական հոսքերն այդքան չեն կրճատվի։ Եվ չնայած տնտեսական գլոբալիզացիայի վրա ազդում են կառավարությունների ընդունած օրենքները, գլոբալիզացիայի այլ ասպեկտներ, ինչպիսիք են համաճարակները և կլիմայական փոփոխությունները, ավելի շատ պայմանավորված են կենսաբանության և ֆիզիկայի օրենքներով: Պատերը, զենքերը և սակագները ի զորու չեն կասեցնելու դրանց անդրազգային հետևանքները, չնայած խորը և կայուն տնտեսական լճացումը կարող է դրանք դանդաղեցնել:

Այս դարը երկու տասնամյակում երեք ճգնաժամ է տեսել: Չնայած սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունը բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ չդարձավ, բայց ահաբեկչությունն այնպիսի խաղ է, որի դեպքում թույլ խաղացողը կարող է օգտագործել սարսափի արդյունքում ստեղծված շոկային վիճակը` հակառակորդի օրակարգի վրա անհամաչափ ազդեցություն ունենալու համար: ԱՄՆ արտաքին քաղաքականությունու խոր աղավաղումներ եղան խուճապի արդյունքում կայացրած որոշումների հետևանքով, ինչը հանգեցրեց Աֆղանստանում և Իրաքում երկարատև պատերազմների:

Երկրորդ ցնցումը՝ 2008-ի ֆինանսական ճգնաժամը, բերեց Մեծ ռեցեսիայի (Great Recession), արևմտյան ժողովրդավարություններում հանգեցրեց պոպուլիզմի և շատ երկրներում ուժեղացրեց ավտոկրատական շարժումները: Չինաստանի արագ, հսկայածավալ և հաջող խթանիչ փաթեթը՝ ի տարբերություն Արևմուտքի ուշացող արձագանքի, շատերին ստիպեց կանխատեսել, որ Չինաստանը աշխարհի տնտեսական առաջնորդը դառնալու ուղու վրա է:

Դարի երրորդ ճգնաժամին՝ կորոնավիրուսի համաճարակին նախնական արձագանքները նույնպես սխալ ուղով ընթացան: Թե՛ Չինաստանի նախագահ Սի Ձինպինը, թե՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սկսեցին հերքումից և ապատեղեկատվությունից: Հետաձգումներն ու շփոթությունը վատնեցին փորձարկումների ու վիրուսի վերահսկման համար խիստ անհրաժեշտ ժամանակը և միջազգային համագործակցության հնարավորությունը: Փոխարենը՝ տնտեսության վրա թանկ նստող արգելափակումներ պարտադրելուց հետո աշխարհի երկու ամենամեծ տնտեսությունները ներքաշվեցին քարոզչական մարտերի մեջ։ Չինաստանը ԱՄՆ-ի զինվորականներին մեղադրեց վիրուսը Ուհան բերելու մեջ, իսկ Թրամփը խոսեց «չինական վիրուսի» մասին: Եվրամիությունը, ունենալով գրեթե ԱՄՆ-ի տնտեսությանը համարժեք տնտեսություն, տատանվում էր ներքին անհամաձայնությունների պատճառով: Իսկ վիրուսը սահմաններ չի ճանաչում, և նրա համար միևնույնն է իր զոհերի ազգային պատկանելությունը:

Համաճարակին համարժեք պատասխան տալու տկարատեսությունը վնաս հասցրեց Միացյալ Նահանգների հեղինակությանը կամ փափուկ ուժին: Չինաստանը տրամադրում է միջազգային օգնություն, քաղաքական դրդապատճառներով կեղծում վիճակագրությունը և ակտիվ քարոզչությամբ զբաղվում՝ նպատակ ունենալով համաճարակի սկզբում իր ձախողումը փոխարինել համաճարակին համարժեք պատասխան տալու կարողությամբ։ Այնուամենայնիվ, իր փափուկ ուժը վերականգնելու Պեկինի ջանքերի մեծ մասին Եվրոպայում և այլուր թերահավատությամբ են վերաբերվում, որովհետև փափուկ ուժը կախված է գրավչությունից: Լավագույն քարոզչությունը բուն քարոզչությունը չէ:

Կոշտ ուժի դեպքում նույնպես հավասարակշռությունը չի փոխվի այս համաճարակի արդյունքում: Թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Չինաստանի տնտեսությունները ծանր հարված են ստացել։ Ծանր հարված են ստացել նաև Միացյալ Նահանգների եվրոպական և արևելյասիական դաշնակիցները: Ճգնաժամից առաջ Չինաստանի տնտեսությունը աճել էր՝ հասնելով Միացյալ Նահանգների տնտեսության երկու երրորդին (փոխարժեքներով հաշվարկված), բայց Չինաստանը մտավ այս ճգնաժամ արդեն իսկ դանդաղոած աճով և արտահանումների անկմամբ: Պեկինը նույնպես մեծ ներդրումներ է կատարում ռազմական ոլորտում, բայց շարունակում է բավականին հետ մնալ ԱՄՆ-ից և կարող է ստիպված նվազեցնել իր ռազմական ներդրումներն ավելի անբարենպաստ այն բյուջետային մթնոլորտում: Ի թիվս այլ բաների, որ երևան հանեց այս ճգնաժամը, Չինաստանը ստիպված է մեծ ծախսեր կատարել իր առողջապահական անբավարար իր համակարգում:

Ավելին, ԱՄՆ-ն ունի աշխարհաքաղաքական առավելություններ, որոնք պահպանվելու են՝ չնայած համաճարակին: Առաջինը աշխարհագրությունն է. այն սահմանակից է օվկիանոսներին և բարեկամ հարևաններին, իսկ Չինաստանը տարածքային վեճեր ունի Բրունեյի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Ճապոնիայի, Մալայզիայի, Ֆիլիպինների, Թայվանի և Վիետնամի հետ:

Երկրորդ առավելությունը էներգիան է. թերթաքարային նավթի և գազի հեղափոխությունը Միացյալ Նահանգներին էներգակիրներ ներմուծմողից վերածել է արտահանողի: Չինաստանը, մյուս կողմից, մեծապես կախված է էներգակիրների ներկրումից, որոնց ուղին անցնում է Պարսից ծոցով և Հնդկական օվկիանոսով, որտեղ ԱՄՆ-ը ռազմածովային գերակայություն ունի:

ԱՄՆ-ն ունի նաև ժողովրդագրական առավելություններ. առաջիկա մեկուկես տասնամյակում, ըստ Սթենֆորդի համալսարանի Ադել Հայութինի հետազոտության, ԱՄՆ աշխատուժն ամենայն հավանականությամբ կաճի 5 տոկոսով, իսկ Չինաստանինը կկրճատվի 9 տոկոսով՝ հիմնականում վերջինիս նախկին «մեկ երեխա» քաղաքականության հետևանքով: Չինաստանի աշխատունակ տարիքի բնակչությունը իր գագաթնակետին հասել էր 2015-ին, իսկ Հնդկաստանը շուտով առաջ կանցնի Չինաստանից բնակչության թվով։

Ու թերևս արժե հիշեցնել, որ ԱՄՆ-ի ուժը բխում է նաև նրա՝ առանցքային տեխնոլոգիաների, ներառյալ կենսատեխնոլոգիաներիի, նանոտեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առաջամարտիկը լինելուց: ԱՄՆ-ի և արևմտյան հետազոտական այլ համալսարաններ աշխարհում առաջատար են բարձրագույն կրթության ոլորտում։

Այս ամենը հուշում է, որ COVID-19 համաճարակը դժվար թե աշխարհաքաղաքական շրջադարձի հանգեցնի: Բայց եթե Միացյալ Նահանգները, չնայած ուժեղ խաղաթղթերին, շարունակի քաղաքականության հարցում սխալ որոշումներ կայացնել, այդ խաղաթղթերը կարող են այլևս չօգնել։ Դաշինքներն և միջազգային կառույցները որպես արժեքավոր խաղաթղթեր անտեսելը կլինի նմանօրինակ սխալ որոշումներից մեկը:

Մեկ այլ սխալ քայլ կարող է լինել ներգաղթի խիստ սահմանափակումը: Այս ճգնաժամից դեռ շատ առաջ Սինգապուրի նախկին վարչապետ Լի Քուան Յուին հարցրի, թե ինչու նա չի կարծում, որ մոտ ապագայում Չինաստանը կգերազանցի Միացյալ Նահանգներին որպես համաշխարհային տերություն։ Նա պատասխանեց, որ պատճառներից մեկը Միացյալ Նահանգների կարողությունն է՝ հավաքելու ամբողջ աշխարհի տաղանդներին և մեկտեղելու նրանց բազմազանությունն ու ստեղծագործականությունը: Հաշվի առնելով Չինաստանի էթնիկ Հան ազգայնականությունը, վերջինիս համար անհնար կլինի նման կերպ բաց լինելը։ Բայց եթե պոպուլիզմը Միացյալ Նահանգներին դրդի դեն նետել իր դաշինքների, միջազգային ինստիտուտների և բացության արժեքավոր խաղաքարտերը, Լի Քուան Յուն կարող է նաև սխալված լինել:

Այլընտրանքայնորեն, ԱՄՆ-ի նոր վարչակազմը կարող է իր ուշադրությունը սևեռել 1945-ին հաջորդած իր նախագահների վրա, որոնց հաջողությունները ես նկարագրում եմ իմ գրքում՝ «Նշանակություն ունի՞ բարոյականությունը։ Նախագահները և արտաքին քաղաքականությունը` Ռուզվելտից մինչև Թրամփ» (Do Morals Matter? Presidents and Foreign Policy From FDR to Trump): Միացյալ Նահանգները կարող էին սկսել COVID-19-ի օգնության լայնածավալ ծրագիր՝ Մարշալի պլանի առողջապահական տարբերակը:

Ինչպես վերջերս գրել էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, առաջնորդները պետք է ընտրեն համագործակցության ուղին, որը տանում է դեպի միջազգային կայունության: Հարուստ երկրները պետք է գիտակցեն, որ COVID-19-ի կրկնվող ալիքները ավելի մեծ ազդեցություն կունենան համեմատաբար աղքատ երկրների վրա, որոնք ավելի քիչ են ունակ հաղթահարել այն, և որ զարգացող երկրներում COVID-19-ի նմանատիպ ամբարը կվնասի բոլորին, եթե այն կրկին գնա դեպի հյուսիս՝ սեզոնային համաճարակի տեսքով։ Այդպես եղավ 1918-ին, երբ համաճարակի երկրորդ ալիքը ավելի շատ կյանքեր խլեք, քան առաջինը: Թե՛ սեփական շահերից ելնելով և թե՛ մարդասիրական նկատառումներով՝ Միացյալ Նահանգները պետք է կորոնավիրուսի դեմ պայքարի խոշոր նոր ֆոնդում առատաձեռն ներդրումներով գլխավորի G-20-ը, ֆոնդ, որը բաց կլինի բոլոր երկրների համար:

Եթե ԱՄՆ նախագահն ընտրի այդպիսի համագործակցային և փափուկ ուժի զարգացմանն ուղղված քաղաքականություն, այդ համաճարակից մի լավ բան դեռ կարող է դուրս գալ՝ աշխարհաքաղաքական ուղի դեպի ավելի լավ աշխարհ: Սակայն եթե ԱՄՆ քաղաքականությունը շարունակվի ընթացիկ ուղով, նոր կորոնավիրուսը պարզապես կարագացնի դեպի ազգայնական պոպուլիզմ և ավտորիտարիզմ գոյություն ունեցող միտումները:

Սակայն դեռ շատ վաղ է կանխատեսել աշխարհաքաղաքական շրջադարձ, որը հիմնովին կփոխի Միացյալ Նահանգների և Չինաստանի ուժային հարաբերակցությունը:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Հոդվածի բնօրինակը՝ No, the Coronavirus Will Not Change the Global Order

Տե՛ս նաև՝ ԱՄՆ և Չինաստան` երկու ձախողվող գերտերությունների ողբերգությունը․ Financial Times

Մեկնաբանել