Կադրերի արտահոսք ուղիղ եթերից․ վարչապետի աշխատակազմը պարզաբանում է պահանջում Հ1-ից

Ուրբաթ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիներին ուղիղ եթերով հղած ուղերձի տեխնիկական նախապատրաստման կադրերը հայտնվել են համացանցում, առիթ տվել տարաբնույթ մեկնաբանությունների։ Արտահոսած կադրերից անհայտ օգտատերը պատրաստել է ծաղրական հոլովակ և տարածել Ֆեյսբուքում։

Հանրային հեռուստաընկերությունը (Հ1) իրեն ուղղված մեղադրանքներին, թե ինչպես է պատահել արտահոսքը, արձագանքել է, որ իրենք ապահովել են բաց կապուղի, որից օգտվել են «Արմենիա», «Շանթ», «Միր», «Հ2», «ԱՐ», «Կենտրոն», «Երկիր Մեդիա» և «5-րդ ալիք» հեռուստաընկերությունները։

«Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար: Այսինքն ՀՀ Վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել»,- նշված է Հ1-ի հայտարարությունում, որը տարածվել է շաբաթ երեկոյան: 

Այս դեպքին արձագանքել է նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը` նշելով, որ Հանրային հեռուստաընկերության կողմից վարչապետի աշխատակազմի հորդորով վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելն ամենևին էլ չի նշանակում, որ հեռուստաընկերությունը պետք է բաց կապուղի ապահովեր` սկսած նախապատրաստական աշխատանքներից:

«Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5,10,15 կամ 20 րոպե առաջ։

Այնինչ պարզվել է, որ Հանրային հեռուստաընկերությունը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար։

Վարչապետի լրատվական ծառայությունը բաց կապուղու մասին տեղյակ է եղել ուղերձից 20 վայրկյան առաջ, տվել է ուղիղ եթերի համար անհրաժեշտ հետհաշվարկը, որից հետո մեկնարկել է ուղերձը։ Ավելին՝ կառավարության լրատվական ծառայությանը տեղեկացվել է, որ նախքան վարչապետի ուղերձի մեկնարկը, եթերում լինելու է միայն լուսանկար, այդ թվում՝ բաց կապուղում։

Տեղի ունեցածը վկայում է, որ փորձնական հեռարձակումը այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանզի ոլորտի սկսնակ մասնագետներն էլ տեղյակ են, որ հեռարձակումը փորձարկում են նախապես, մինչեւ վարչապետին տեսախցիկի առաջ հրավիրելը։

Խիստ թափթփված աշխատելաոճի վկայություն է նաեւ վարչապետին տեղյակ չպահելը, որ նա եթերում է՝ թեկուզ փորձնական։ Միայն գործից անտեղյակը կարող էր ենթադրել, որ բաց կապուղի այլ հեռուստաընկերությունների համար անհրաժեշտ է ապահովել ուղերձից 15 րոպե առաջ։

Վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից` տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ»:

#CivilNet News

Լուսանկարում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն, նրան ուղեկցում է տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, սեպտեմբեր 19, 2019: